Մատչելիության հղումներ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ահազանգում է հայ գերիների առողջական խնդիրների, ոտնահարված իրավունքների մասին

Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի դատարանում, նոյեմբեր, 2025թ.
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի դատարանում, նոյեմբեր, 2025թ.

Բաքվում գերեվարված Դավիթ Բաբայանը հերթական ձայնային հաղորդագրությամբ ահազանգում է հայ գերիների առողջական խնդիրների ու ոտնահարված իրավունքների մասին:

«Ասեմ, որ մենակ իմ մոտ չէ առողջական խնդիրներ, մի շարք մեր ընկերների մոտ լուրջ առողջական խնդիրներ կան», - ասում է Բաբայանը:

Թե կոնկրետ առողջական ինչ գանգատներ ունեն, երեք տարի Ադրբեջանում բանտարկված Դավիթ Բաբայանը չի մանրամասնել: Արցախի նախկին արտգործնախարարը ավելի մանրամասն խոսում է Վերաքննիչ դատարանում բողոքի քննության մասին: Առաջին ատյանի որոշումը, որով Բաբայանը դատապարտվել է ցմահ ազատազրկման, Վերաքննիչն ուժի մեջ է թողել: Բաբայանը թատրոն է որակում այդ նիստը. - «Դե ի՞նչ դատավարություն, սա մի թատրոն էր, որի սցենարը գրված է նախօրոք»:

Արցախի նախկին արտգործնախարարը հայտնում է, որ ցմահ ազատազրկում նախատեսող ևս երկու հոդված էլ են ավելացրել իր դեմ, որի մասին նոր է տեղեկացել. - «Օրինակ՝ ինձ ավելացրել են երկու ցմահ հոդվածներ, որը որ չկար, երբևիցե որևէ անգամ չէր հիշատակվում ամբողջ դատավարության ժամանակ, առաջին ատյանի: Բայց ես դա տեսա, երբ որ մեզ տվեցին արդեն, դատավարությունը ավարտվելուց հետո, մի շաբաթ հետո, էսպես, կրճատ գրությունը այդ ամենի: Հասկանո՞ւմ եք, սա անթույլատրելի երևույթ է»:

Որ գործերը շինծու են, հորինված, Դավիթ Բաբայանը սեփական օրինակով է ներկայացնում. նրան, օրինակ, մեղադրում են Ադրբեջանում իշխանությունը տապալելու համար. - «Մասնավորապես, ինձ ցմահ են նշանակել մի հոդվածով, ըստ որի՝ ես փորձում էի տապալել այստեղ իշխանությունը բռնի կերպով, զավթել իշխանությունը այս երկրում, Սահմանադրությունը տապալել, և այլն: Հիմա ես հարց եմ տվել այդ քննարկումների ժամանակ՝ «արդյո՞ք կա որևէ ապացույց, որ ես լինելով այստեղ՝ մասնակցել եմ ձեր իշխանության համար պայքարի, եթե էդպես է, ուրեմն՝ պիտի ամբողջ ձեր երկրով մեկ ունենայի համախոհների, ինչ-որ կազմակերպության բջիջներ, և այլն»: Իհարկե, որևէ պատասխան չկա: Եվ ինչն է հետաքրքիր՝ որ մեկ անգամ գեթ ոչ հետաքննության ընթացքում, ոչ էլ առաջին ատյանի դատավարության ընթացքում, ոչ այստեղ նման հարց չեն տվել»:

20 տարուց մինչև ցմահ ազատազրկման դատապարտված 19 հայ գերիները ադրբեջանական դատարաններից օբյեկտիվ դատաքննության ակնկալիք չունեն, բոլոր ատյաններով անցնում են, որ հետո դիմեն միջազգային դատարան: Հայերից միայն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է հրաժարվել վճիռը վիճարկել, և առայժմ միայն նրա գործով է գործով է հաջողվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ ներկայացնել: Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած ու ընդամենը չորս ամիս պաշտոնավարած Ռուբեն Վարդանյանին Բաքուն մեղադրում է մի շարք ծանր հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու և իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու համար։

«Հետաքրքիր, իհարկե, զարգացումներից է նաև այն, որ այստեղի պաշտպաններից մեկը հայտարարել է, որ չեն ուզում իրենք, որպեսի գործը հասնի միջազգային դատարան, որովհետև մեղադրանքների ավելի քան 95 տոկոսը շինծու է», - նշում է Բաբայանը:

Անգամ դատավճիռները ադրբեջանական կողմը չի փոխանցում գերիների ընտանիքներին ու իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին: Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը դիմել էր նույնիսկ Ադրբեջանի ու Հայաստանի մարդու իրավունքների պաշտպաններին, որ ստանան ու փոխանցեն իր ընտանիքին: Բայց Անահիտ Մանասյանն արձագանքել էր, որ այդպիսի լիազորություն չունի: Այդ դատավճիռները պահանջում են միջազգային ատյաններ հասնելու նպատակով: Սիրանուշ Սահակյանն անցած շաբաթ ասաց, որ առանց դրա էլ բոլոր գերիների գործերով կդիմի Եվրադատարան: Հաշվված օրերի ընթացքում պաշտոնապես կդիմեն, «Ազատությանն» այսօր ասաց իրավապաշտպանը:

«ՄԻԵԴ-ի մասով կարող եմ նշել, որ նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտական փուլում են, հաշվված օրերի ընթացքում մենք պաշտոնապես կդիմենք: Եվ նաև, իհարկե, այս վերլուծական փուլում հստակ պատկերացում կձևավորենք, թե ինչ լրացուցիչ մեղադրանքներ, հոդվածներ են ավելացվել, և որ փուլում է դատեղի ունեցել, ավելի ուշ հնարավորություն կունենամ նաև մեկնաբանել այդ հարցը», - նշեց Սահակյանը:

Միջազգային ատյաններում գերիների ներկայացուցիչը դեռ մանրամասներ չգիտի, թե Դավիթ Բաբայանի գործին ինչ նոր հոդվածներ են ավելացրել: Առողջական խնդիրներ ունեցողներն էլ պատշաճ բուժօգնություն չեն ստանում, ասաց:

Արցախի նախկին պաշտոնյաներին ու մյուս գերեվարված հայերին առաջադրված մեղադրանքները անհիմն են, գործերը՝ շինծու, քաղաքական պատվերով են հետապնդվում, ոտնահարվել են նրանց արդար դատաքննության ու տարրական այլ իրավունքներ, մշտապես ահազանգում է իրավապաշտպան Սահակյանը: Այս բոլորը մանրամասն ներկայացնելու է Մարդու իրավունքների եվրոպական ատյանում:

«Չէին թողնում, որպեսզի ելույթը շարունակենք, կտրում էին, խանգարում էին. ընդհանուր առմամբ այսպիսին էր», - պատմում է Դավիթ Բաբայանը:

Մարդու իրավունքների կոպիտ խախտումներով հայտնի Ադրբեջանում հայերի դատավարություններն ընթանում են փակ, առանց միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ու անկախ լրագրողների: Նրանք մեկ տարի է՝ կատարյալ մեկուսացման պայմաններում են, ինչ փակվել է Բաքվում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության գրասենյակը: Հարազատների հետ միակ կապը հեռախոսազանգն է՝ ադրբեջանական հսկողությամբ:

«Իմացեք՝ չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք», - հայտարարում է Արցախի նախկին արտգործնախարարը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG