Ադրբեջանական բանտում արդեն վեց տարի պահվող Լյուդվիգ Մկրտչյանի կինն ահազանգում է՝ ամուսնու առողջական վիճակը վերջին ամիսներին կտրուկ վատացել է:
«Առողջապես շատ վատ վիճակում է, ունենք հստակ տեղեկություններ, որ ունի շնչահեղձություն, գլխապտույտներ, գլխացավեր, սրտի հետ կապված խնդիր է, թոքերի հետ կապված խնդիր է», - «Ազատության» հետ զրույցում ասաց կինը:
Թեև Ադրբեջանի իշխանությունները հակառակն են պնդում, 40 օրը մեկ հեռախոսով ընտանիքի անդամների հետ ընդամենը 10-12 րոպե զրուցելու հնարավորություն ունեցող Հայաստանի քաղաքացու ձայնը հեռախոսից այն կողմ այլ իրականության մասին է փաստում:
«Թեպետ որ իրեն ասում են, թե ամեն ինչ լավ է, բայց ինքը ասում էր, որ շատ վատ է, խոսելուց էլ ինքը շատ վատ է խոսում, շնչահեղձ է լինում», - նշեց տիկին Հրանուշը:
Հարցին՝ այցելո՞ւմ են արդյոք ամուսնուն բժիշկներ, երբ նա իրեն վատ է զգում, կինն արձագանքեց. - «Ասում է, որ ժամը 4-ից հետո բժիշկ չկա, ասում է, որ վերջին անգամ երբ ինքը շատ ուժեղ վատացել է, տարել են սրտի կարդիոգրամա են արել, բայց պատասխանը իրեն չեն ասել՝ ինքը ոչինչ չգիտի դրա մասին: Ու էլի սպասելու ենք, թե երբ պետք է Եվրոդատարանին ուղարկեն բժշկական թղթերը, որ ավելի հստակ պատկեր ունենա»:
Կնոջ խոսքով՝ ամուսինը մինչև գերեվարվելը առողջական խնդիրներ չի ունեցել՝ «առողջ, պինդ մարդ էր»: Սակայն անցած վեց տարիները ադրբեջանական բանտի չորս պատերի ներսում անհետևանք չեն անցել. - «Վեց տարին քիչ չի էդ մթնոլորտում ապրելու, էդ մթնոլորտում, չգիտեմ, դիմանալու համար»:
Անցած տարի Բաքվում ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությամբ Կարմիր Խաչի գրասենյակի փակումից հետո,19 հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ: Միակ շփումը հարազատների հետ Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպվող հեռախոսազանգերն են:
Գերիների ընտանիքներն իրենց հարազատների առողջական և պահման պայմանների մասին անկախ որևէ աղբյուրից տեղեկություն ստանալու հնարավորություն չունեն:
Ժամանակ առ ժամանակ փաստաթղթեր են ստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանից, որին Ադրբեջանը պարտավորված է տեղեկություններ տրամադրել հայ գերիների վիճակի մասին:
Նույնիսկ այդ փաստաթղթերն ուսումնասիրելիս, ըստ տիկին Հրանուշի, հասկանալի է դառնում, որ ամուսինը լուրջ խնդիրներ ունի, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն. - «Հուսալքված, հուսահատված վիճակում է խոսում, նույնիսկ էնքան է եղել, որ ասել է՝ «հույս չունեմ, որ կգամ, ինձ կբերեն»: Թեպետ ես ամեն կերպ փորձում եմ իրեն հույս տալ, որ ամեն բան լավ է լինելու՝ «տուն ես գալու, շատ շուտով տուն ես գալու», չնայած տեսնում ենք, որ արդեն վեց տարի դա ձգձգվել է»:
56-ամյա Լյուդվիգ Մկրտչյանը 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից գերեվարվել էր Հադրութում, 2021-ին դատապարտվել 20 տարվա ազատազրկման՝ «Ղարաբաղյան առաջին պատերազմում ադրբեջանցիներին կտտանքների ենթարկելու», ինչպես նաև «ադրբեջանական բանակի դեմ հանցագործություններ կատարելու» մեղադրանքով։ Մկրտչյանի կինը հերքում է այս մեղադրանքները, պնդում՝ ամուսինը ոչ մի կապ չունի այդ ամենի հետ:
«Թոռնիկներին դեռ չի տեսել ու իր աղջկա ամուսնությունը չի տեսել»
Մկրտչյանը, որ ծնունդով Նախիջևանի Ազնաբերդ գյուղից է, 44-օրյա պատերազմին որպես կամավոր է մասնակցել: Արցախ գնալուց առաջ վերջապես տուն էին գնել Մասիսում, որտեղ այդպես էլ չհասցրեց ապրել: Նրա գերեվարվելուց հետո երկու երեխաներին մեծացնելն ու տան վարկը մնացել է կնոջ ուսերին:
Լյուդվիգ Մկրտչյանի ադրբեջանական գերության տարիներին դուստրն ամուսնացել է, երեխաներ ունեցել, որոնց պապիկն այդպես էլ չի տեսել, որդին էլ շուտով չափահաս կդառնա:
«Թոռնիկներին դեռ չի տեսել ու իր աղջկա ամուսնությունը չի տեսել», - նշեց կինը:
Լյուդվիգ Մկրտչյանի կինն ասում է, որ ամուսնուն անհապաղ բուժօգնություն տրամադրելուց զատ, շատ կցանկանար որ միջազգային կազմակերպությունները ոչ թե բավարարվեին հորդորներով, այլ կոնկրետ քայլեր ձեռնարկեին բոլոր հայ գերիներին ազատ արձակելու համար:
Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ հաստատված խաղաղության մասին պարբերաբար լսող ռազմագերու կինը, որ ամուսնու ձայնը ադրբեջանական բանտից 40 օրը մեկ լսելու հնարավորություն ունի, սպասում է այդ խաղաղության իրական դրսևորմանը:
«Սա ճիշտ չի, ուղղակի ճիշտ չի, վեց տարի է, երբ որ մենք արդեն դեպի խաղաղության են գնում, մենք պետք է ունենանք հստակ փաստեր: Խաղաղություն՝ ուրեմն գոնե հումանիտար կողմը պետք է ապահովված լիներ, իսկ ես դա չեմ տեսնում դեռ», - ընդգծեց տիկին Հրանուշը, - «Ես միշտ հույս ունեմ, որ ինքը պետք է տուն գա, ու միշտ ասում եմ, որ եթե Աստված իրեն պահել է, եթե Աստված էդ դժվարությունների միջով փորձում է անցկացնի էս ամեն ինչը, ուրեմն պարտադիր ինքը պետք է տուն գա: Երբ, ոնց՝ չգիտեմ, բայց շատ մեծ հույս ունեմ, որ պետք է տուն գա: Բայց էս, ինչը որ հիմա ես տեսնում եմ՝ իր վիճակը գնալով ավելի ու ավելի վատանում է, մտածում եմ, որ պետք է շատ արագ գործել, շատ արագ»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի փոխանցմամբ՝ ռազմագերու կարգավիճակ ունեցող Լյուդվիգ Մկրտչյանի գործը Եվրոպական դատարանում է, սակայն բուն դատաքննությունը դեռևս չի սկսվել: Իրավապաշտպանը նշում է, որ դիրքորոշում են ներկայացրել դատարանին, որ գործը առաջնահերթ քննվի՝ միջպետական գանգատից առանձին:
«Գերիների ազատ արձակման չլուծված խնդիր կա, որը պետք է մնա միջազգային հանձնառությունների շրջանակում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը:
Ադրբեջանում պահվող 19 հայ գերիների հարցը քննարկվել է Եվրախորհրդարանում
Ադրբեջանում պահվող 19 հայ գերիների հարցը երեկ քննարկվել է Եվրոպական խորհրդարանում, մասնավորապես՝ թե քաղաքական ու դիվանագիտական ինչ գործիքներ պետք է ձեռնարկի Եվրամիությունը հայ գերիների ազատ արձակմանը հասնելու համար:
Քննարկմանը, որ կազմակերպվել էր Դաշնակցության Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ, մասնակցել են Եվրոպական խորհրդարանի անդամներ, մարդու իրավունքների պաշտպաններ, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների ընտանիքների անդամները։
Հանդիպմանը, ի դեպ, ներկա է եղել շուրջ երեք տարի ադրբեջանական բանտում գտնվող Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդին:
Արմեն Իշխանյանն, ըստ Հայ դատի գրասենյակի տարածած հաղորդագրության, խոսել է այն ծանր հոգեբանական ազդեցության մասին, որ հոր՝ արդեն հազար օր շարունակվող բանտարկությունը թողել է իր ընտանիքի վրա:
Եվրախորհրդարանում կազմակերպված քննարկմանը մասնակցած իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն «Ազատությանը» փոխանցեց, որ եվրոպացի գործընկերներին տեղեկություններ են փոխանցել հայ գերիների վիճակի, պահման պայմանների և դատավարությունների ընթացքի վերաբերյալ: Անդրադարձել են նաև այն հարցին, թե ինչպես պետք է ներդաշնակեցնել Եվրամիության գործադիր մարմնի գործելակերպը Եվրոպական խորհրդարանի դիրքորոշման հետ:
Եվրոպական խորհրդարանն, ի տարբերություն Եվրահանձնաժողովի, իր բանաձևերում ոչ միայն խոսել է 2023-ին արցախահայերի էթնիկ զտման ու արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքի մասին, այլև այս տարվա մայիսին դատապարտել է «Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորվածների և պատանդների անարդարացի կալանավորումը», պահանջել նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։