Ադրբեջանական բանտում արդեն վեց տարի պահվող 56-ամյա Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբան Լուսիանա Մինասյանը դիմել է Ադրբեջանի նախագահին՝ պահանջելով անմիջապես թույլ տալ Մկրտչյանին զանգահարել կնոջը:
«Հրանուշ Շահբազյանը վերջին անգամ ամունու ձայնը լսել է հունիսի 19-ին: Հեռախոսազրույցի ժամանակ Լյուդվիգը նրան ասել է, որ այնքան թույլ է զգում իրեն, որ վայր է ընկել: Նրան տարել են սրտագրության... և հետո ոչինչ: Ոչ մի ախտորոշում: Ոչ մի բացատրություն: Եվ այդ պահից սկսած՝ կատարյալ լռություն», - Ֆեյսբուքում գրել է Մինասյանը:
«Նրա վիճակը վատթարանում է: Նրա ընտանիքը տեղեկություն չունի: Եվ հեռախոսազանգ դեռ չկա: Մեկ հեռախոսազանգը չի ազատի նրան: Այն չի բուժի նրան: Բայց այն թույլ կտա նրա կնոջը լսել՝ արդյոք իր ամուսինը դեռ կենդանի է և գիտակցությունը տեղն է: Դա մարդկային արժանապատվության բացարձակ նվազագույնն է», - ընդգծել է փաստաբանը՝ հրատապ և հրապարակայնորեն պահանջելով Ադրբեջանի իշխանություններից.
«Պարոն նախագահ Ալիև, թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անմիջապես զանգահարել իր կնոջը՝ Հրանուշ Շահբազյանին: Բավ է լռությունը: Բավ է անորոշությունը: Մեկ զանգ: Հիմա»:
Օրերս «Ազատության» հետ զրույցում Լյուդվիգ Մկրտչյանի կինն ահազանգել էր՝ ամուսնու առողջական վիճակը վերջին ամիսներին կտրուկ վատացել է:
«Առողջապես շատ վատ վիճակում է, ունենք հստակ տեղեկություններ, որ ունի շնչահեղձություն, գլխապտույտներ, գլխացավեր, սրտի հետ կապված խնդիր է, թոքերի հետ կապված խնդիր է», - «Ազատության» հետ զրույցում ասել էր Հրանուշ Շահբազյանը, - «Թեպետ որ իրեն ասում են, թե ամեն ինչ լավ է, բայց ինքը ասում էր, որ շատ վատ է, խոսելուց էլ ինքը շատ վատ է խոսում, շնչահեղձ է լինում»:
Կնոջ խոսքով՝ ամուսինը մինչև գերեվարվելը առողջական խնդիրներ չի ունեցել՝ «առողջ, պինդ մարդ էր»: Սակայն անցած վեց տարիները ադրբեջանական բանտի չորս պատերի ներսում անհետևանք չեն անցել. - «Վեց տարին քիչ չի էդ մթնոլորտում ապրելու, էդ մթնոլորտում, չգիտեմ, դիմանալու համար»:
Լյուդվիգ Մկրտչյանի ադրբեջանական գերության տարիներին դուստրն ամուսնացել է, երեխաներ ունեցել, որոնց պապն այդպես էլ չի տեսել, որդին էլ շուտով չափահաս կդառնա:
Տիկին Հրանուշն ասում է, որ ամուսնուն անհապաղ բուժօգնություն տրամադրելուց զատ, շատ կցանկանար որ միջազգային կազմակերպությունները ոչ թե բավարարվեին հորդորներով, այլ կոնկրետ քայլեր ձեռնարկեին բոլոր հայ գերիներին ազատ արձակելու համար:
Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ հաստատված խաղաղության մասին պարբերաբար լսող ռազմագերու կինը, որ ամուսնու ձայնը ադրբեջանական բանտից 40 օրը մեկ լսելու հնարավորություն ունի, սպասում է այդ խաղաղության իրական դրսևորմանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի փոխանցմամբ՝ ռազմագերու կարգավիճակ ունեցող Լյուդվիգ Մկրտչյանի գործը Եվրոպական դատարանում է, սակայն բուն դատաքննությունը դեռևս չի սկսվել: Իրավապաշտպանը նշում է, որ դիրքորոշում են ներկայացրել դատարանին, որ գործը առաջնահերթ քննվի՝ միջպետական գանգատից առանձին:
Լյուդվիգ Մկրտչյանը 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից գերեվարվել էր Հադրութում, 2021-ին դատապարտվել 20 տարվա ազատազրկման՝ «Ղարաբաղյան առաջին պատերազմում ադրբեջանցիներին կտտանքների ենթարկելու», ինչպես նաև «ադրբեջանական բանակի դեմ հանցագործություններ կատարելու» մեղադրանքով։ Մկրտչյանի կինը հերքում է այս մեղադրանքները, պնդում՝ ամուսինը ոչ մի կապ չունի այդ ամենի հետ:
Անցած տարի Բաքվում ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությամբ Կարմիր Խաչի գրասենյակի փակումից հետո,19 հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ: Միակ շփումը հարազատների հետ Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպվող հեռախոսազանգերն են: