Արտգործնախարարությունը ադրբեջանական բանտում գերեվարված Ռուբեն Վարդանյանի կնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին հանդիպման առաջարկ է փոխանցել, «Ազատությանն» այօսր տեղեկացրեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
ԱԳՆ-ի այս առաջարկը հետևեց Ռուբեն Վարդանյանի կնոջ այսօր ավելի վաղ արված հայտարարությանը, թե կառավարությունից որևէ մեկը իր հետ կապ չի հաստատել, թեև այդ մասին հայտարարվել էր:
ԱԳՆ-ից «Ազատությանը» պարզաբանեցին, որ հանդիպման առաջարկը մինչև այդ արդեն քննարկվել էր, և Ռուբեն Վարդանյանի կնոջն այդ առաջարկը փաստացի փոխանցվել է վերջինիս հայտարարությունից հետո՝ բանավոր:
Հարցին, թե ԱԳՆ-ից կոնկրետ ով է հանդիպելու Վերոնիկա Զոնաբենդին, ԱԳՆ խոսնակը նշեց, որ «հանդիպումը կկազմակերպվի իրավասու գերատեսչությունների կողմից՝ համագործակցաբար»: «Ազատության» տեղեկություններով՝ այս պահին համաձայնեցվում են հանդիպման ժամկետները:
Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի կինն անցած հունիսին հայտարարեց մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային պատվիրակության այց Բաքու:
Նշելով, որ Հայաստանի քաղաքացիները տարիներ շարունակ զրկված են իրենց հարազատների հետ կանոնավոր, մարդասիրական անկախ կապից, Վերոնիկա Զոնաբենդը դիմել էր Ադրբեջանի օմբուդսմենին՝ խնդրելով ապահովել այդ պատվիրակության այցը Բաքու, կազմակերպել տեսակցություն Ումբակիի բանտում պահվող հայ բանտարկյալների հետ, ինչպես նաև նրանց փոխանցել ընտանիքների կողմից պատրաստված ծանրոցներ, լուսանկարներ, նամակներ:
«Գերիների համար սա հիշեցում է, որ նրանք մոռացված չեն», - նշել էր Ռուբեն Վարդանյանի կինը, ով նույնպես ծրագրում է այդ պատվիրակության կազմում մեկնել Բաքու:
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն «Ազատության» ավելի վաղ ասել էր, որ պատվիրակության կազմում ազգությամբ հայ կանայք չեն լինի՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Այս նախաձեռնությանը կներգրավվեն օտարազգի հայտնի կին իրավապաշտպաններ, եթե, իհարկե, Բաքուն տա իր համաձայնությունը:
«Նախաձեռնությանը մասնակցելու են ազգությամբ ոչ հայեր, հայտնի կին իրավապաշտպաններ, որոնք անկախ քաղաքացիությունից, ազգությունից հանձնառում են գլոբալ առումով մարդու իրավունքների պաշտպանությունը»,- ասում է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
Անցած ամիս Վարդանյանի կինը Բաքու կատարելիք այցի առնչությամբ 2 անգամ նամակներ էր ուղարկել և՛ Հայաստանի վարչապետին, և՛ Ադրբեջանի օմբուդսմենին:
Սաբինա Ալիևայից Վերոնիկա Զոնաբենդը խնդրել էր «աջակցել Ումբակիի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալների տեսակցության կազմակերպմանը, ինչպես նաև պատվիրակության անդամների անվտանգ մուտքի, գտնվելու և անխոչընդոտ ելքի պայմանները»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանից Վարդանյանի կինը խնդրել էր «նշանակել նախաձեռնության համակարգման համար պատասխանատու անձի և ապահովել այցի նախապատրաստման համար անհրաժեշտ դիվանագիտական ու գործնական աջակցությունը»։
Հուլիսի 30-ին Փաշինյանին ուղարկված վերջին նամակից 10-ը օր անց, փաստորեն, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կապ է հաստատել է Վերոնիկա Զոնաբենդի հետ:
Ադրբեջանի օմբուդսմենը դեռևս անպատասխան է թողել Վարդանյանի կնոջ նամակները:
Հայաստանի իշխանությունները մշտապես պնդում են, թե ամենօրյա աշխատանք է իրականցնում Բաքվում պահվող 19 հայ գերիներին վերադարձնելու համար:
«Մշտական ռեժիմով աշխատանք է տարվում այդ խնդիրը լուծելու համար: Եվ մեր նախկին փորձը ցույց է տվել, որ աշխատանքը շատ թե քիչ արդյունավետ է այն պարագայում, երբ արվում է լուռ, կոնֆիդենցիալ և հիմա էլ այդ լուռ, կոնֆիդենցիալ աշխատանքն արվում է»,- հայտարարել էր վարչապետ Փաշինյանը:
Օրերս էլ՝ վաշինգտոնյան գագաթնաժողովի մեկամյակի առթիվ իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «բոլորիս շատ անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը»:
Մեկ տարի առաջ Վաշինգտոնում Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրեցին խաղաղության պայմանագիրը, որից սակայն, դուրս մնաց հայ գերիների հարցը:
Ադրբեջանական բանտերում պահվող 19 հայ գերիների առողջական և պահման պայմանների մասին որևէ անկախ տեղեկատվություն ստանալու հնարավորություն չկա: Գերիներն իրենց հարազատների հետ կարճատև հեռախոսազրույցների ընթացքում ահազանգում են վատթարացող առողջական լուրջ խնդիրների մասին: