Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործով իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
Միջազգային իրավունքի մասնագետը նշում է, որ իրենց վերջապես հաջողվել է ստանալ Վարդանյանի դատավճիռը, ինչն անհրաժեշտ էր ՄԻԵԴ-ում գործընթաց սկսելու համար:
«Մենք ցուցադրելու ենք, որ մեղադրանքը քաղաքական է, որևէ անհատական հանցավոր արարք երբևէ պարոն Վարդանյանի կողմից չի իրականացվել, հավաքական ինքնորոշման իրավունքն ապօրինաբար որակվել է որպես ահաբեկչություն կամ հարակից այլ հանցագործություններ, մինչև դեռ չի կարող լինել պատիժ առանց օրենքում հստակ նախատեսված արարքի», - ասաց Սահակյանը:
Ադրբեջանում ցմահ ազատազրկման դատապարտված Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը նախօրեին բանտից ձայնային ուղերձ էր հղել, տեղեկացնելով, որ 15 հայ գերիները՝ ներառյալ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, իրենց դատավճիռները բողոքարկել են Վերաքննիչ դատարանում: Բողոքարկումն, ըստ Իշխանյանի, ձևական բնույթ է կրում, որևէ սպասում չունեն ադրբեջանական արդարադատությունից, պարզապես այդ քայլով ճանապարհ են հարթում դեպի միջազգային դատարան:
Դավիթ Իշխանյանը նաև ադրբեջանական դատարանում էր հայտարարել, որ ողջ այս գործը հայ ժողովրդին պատժելու համար է կարվել: Ցույց տալու համար, թե որքան շինծու է այս գործը, Արցախի Ազգային ժողովի նախկին ղեկավարը, տեղեկացրել է, որ անգամ 1993 թվականին ծնված անձին մեղադրել են 1991-92 թվականներին տեղի ունեցած ռազմական գործողությունների համար և դատարանն էլ դա ապացուցված է համարել:
«Սա քաղաքական պատվերով և քաղաքական դատավարություն է, այս դատավարությունը որևէ կապ չունի քրեական հանցագործությունների հետ, սա էթնիկ պատկանելության և ազգային ատելության հողի վրա դատավարություն է, և այդպիսի մթնոլորտում է ընթանում: Խոսքս, բնականաբար, ընդհատվում էր դատախազների և դատավորի անհիմն միջամտություններում, բայց ամեն ինչ ավարտին հասցրեցինք, և հոդված առ հոդված ներկայացրեցի, թե ինչպիսի զրպարտություններով, առանց ապացույցների և կոնկրետ փաստերի է կայացվել դատավճիռ: Ընտրվել են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հոդվածներ և կոպիտ ձևով կպցվել մեզ, սա կարված գործ չէ, կարկատան է», - նշել է Իշխանյանը:
Ադրբեջանի բանտերում պահվող 15 հայ գերիների դատավճիռները Բաքուն հրաժարվում է տրամադրել:
Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո կատարյալ մեկուսացման մեջ հայտնված Հայաստանի քաղաքացիները արդեն 8 ամիս է՝ զրկված են նաև իրենց դատավճիռներին ծանոթանալու հնարավորությունից: Այսինքն, ադրբեջանական արդարադատությունը մերժում է տեղեկացնել, թե կոնկրետ ինչ գործողություններ են վերագրվել Հայաստանի քաղաքացիներին և ինչ ապացույցների հիման վրա:
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, որ միջազգային կառույցներում ակտիվորեն զբաղվում է հայ գերիների հարցերով, նշում է, որ դատավճիռները չտրամադրելով Բաքուն փորձում է խոչընդոտել միջազգային բողոքներ ներկայացնելու գործընթացին. ՄԻԵԴ դիմելու համար անհրաժեշտ է ունենալ դատավճիռները:
Եթե Ադրբեջանը շարունակի, խախտելով օրենքները, չտրամադրել դատավճիռները, ապա, իրավապաշտպանի խոսքով, դրանք կստանան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով: ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում է կայացրել, համաձայն որի մինչև օգոստոսի 31-ը Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի 15 քաղաքացիների դատավճիռները պետք է ներկայացնեն Եվրոպական դատարան:
«Եթե Եվրոպական դատարանին էլ չտրամադրեն, մենք այստեղ կունենաք նոր որակի մարդու իրավունքների խախտման պնդումներ: Կարծում եմ, Ադրբեջանի իշխանությունները չեն գնա այդ ճանապարհով և առնվազն դատավճիռները կտրամադրեն դատարանին», - ասաց Սիրանուշ Սահակյանը:
Տարիներ շարունակ ադրբեջանական բանտերում պահվող 19 հայ գերիներին տեսակցելու նպատակով, բարերար Ռուբեն Վարդանյանի կինն անցած ամիս հայտարարեց մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային պատվիրակության այց Բաքու:
Նշելով, որ Հայաստանի քաղաքացիները երկար ժամանակ է զրկված են իրենց հարազատների հետ կանոնավոր, մարդասիրական անկախ կապից, Վերոնիկա Զոնաբենդը դիմել էր Ադրբեջանի օմբուդսմենին՝ խնդրելով ապահովել այդ պատվիրակության այցը Բաքու, կազմակերպել տեսակցություն Ումբակիի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալների հետ, ինչպես նաև նրանց փոխանցել ընտանիքների կողմից պատրաստված ծանրոցներ, լուսանկարներ, նամակներ:
«Գերիների համար սա հիշեցում է, որ նրանք մոռացված չեն», - նշել էր Ռուբեն Վարդանյանի կինը, ով նույնպես ծրագրում է այդ պատվիրակության կազմում մեկնել Բաքու:
Ի դեպ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասում է, որ պատվիրակության կազմում ազգությամբ հայ կանայք չեն լինի՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Այս նախաձեռնությանը կներգրավվեն օտարազգի հայտնի կին իրավապաշտպաններ:
Սիրանուշ Սահակյանը տեղեկացրեց, որ արդեն բազմաթիվ իրավապաշտպաններ ցանկություն են հայտնել մասնակցել այս մարդասիրական նախաձեռնությանը և մեկնել Բաքու: Նրանց ցանկը կհրապարակվի, երբ Ադրբեջանի օմբուդսմենը արձագանքի այս նախաձեռնությանը և եթե պաշտոնական Բաքուն համաձայնի ընդունել միջազգային պատվիրակությանը: