Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն այսօր ամենաինտենսիվ հարվածները կհասցնի Իրանին. Հեգսեթ

Միացյալ Նահանգներն այսօր ամենաինտենսիվ հարվածները կհասցնի ծանր պարտություն կրող Իրանին, պատերազմի 11-րդ օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը:

Պենտագոնում հրավիրված մամուլի ասուլիսին Փիթ Հեգսեթը պնդել է՝ Իրանը հիմա միայնակ է մնացել. նրա պրոքսիները կա՛մ ջախջախված են, կա՛մ լուսանցք են մղվել:

Ամերիկացի պաշտոնյան նաև ասել է, որ հաջողությամբ իրականացնում են իրենց առջև դրված նպատակները և «չեն նահանջի, մինչև թշնամին լիովին և վճռականորեն պարտության չմատնվի»:

«Բայց մենք կորոշենք, թե դա երբ և ինչպես անել: Օրինակ՝ այսօր Իրանում հարվածների ամենաինտենսիվ օրը կլինի, կլինեն ամենաշատ կործանիչները, ռմբակոծիչները, ամենաշատ հարվածները կհասցվեն»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։

ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Դեն Քեյնը իր հերթին պնդել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի հրթիռային կարողությունների զգալի մասը, նաև ավելի քան 50 ռազմանավ։

Մինչ այդ ԱՄՆ նախագահն էր հայտարարել, որ Իրանի դեմ պատերազմում «հսկայական» հաջողություններ ունեն և այն կավարտի «շատ շուտով»: Դոնալդ Թրամփը միաժամակ զգուշացրել էր՝ ռազմական գործողությունները դեռ կշարունակվեն, քանզի ԱՄՆ-ն ցանկանում է վստահ լինել, որ Իրանը դեռ երկար չկարողանա միջուկային զենք ստեղծել:

Այս հայտարարությունից առաջ Թրամփը հեռախոսով զրուցել էր Վլադիմիր Պուտինի հետ, զրույցը, ըստ Կրեմլի, տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Սպիտակ տան ղեկավարը նաև սպառնացել էր ավելի ուժեղ հարվածել, եթե Իրանը շարունակի խոչընդոտել Հորմուզի նեղուցով նավթի մատակարարմանը:

«Ես թույլ չեմ տա, որ ահաբեկչական ռեժիմը պատանդ պահի աշխարհը և փորձի դադարեցնել աշխարհի նավթի մատակարարումը: Եվ եթե Իրանը որևէ բան անի դրա համար, նրանց կհարվածենք շատ, շատ ավելի ուժեղ … որ նրանք երբեք չեն կարող վերականգնվել, երբեք»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հերքել է հրթիռային ծրագրի մասին Թրամփի պնդումները՝ սպառնալով ավելի շատ ու ավելի հզոր հրթիռներ արձակել:

Իրանի ամենաազդեցիկ ռազմական կառույցի տարածած հայտարարությունում նշվում է, որ ոչ թե ԱՄՆ-ն կորոշի, թե երբ կավարտվի պատերազմը, այլ՝ Իրանը, որը նաև թույլ չի տա, որ «մեկ լիտր նավթ» դուրս գա տարածաշրջանից, եթե հարձակումները շարունակվեն:

Թրամփին պատասխանել է նաև Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը՝ հայտարարելով, որ իրանցիները չեն վախենում նրա «դատարկ սպառնալիքից»:

«Ձեզանից ավելի ուժեղները չեն կարողացել վերացնել իրանցի ժողովրդին ... Այնպես որ, զգույշ եղեք, որպեսզի ինքներդ չկործանվեք»,- հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Նա նաև զգուշացրել է՝ Հորմուզի նեղուցը կա՛մ կդառնա խաղաղության և բարգավաճման նեղուց բոլորի համար, կա՛մ պարտության և տառապանքի նեղուց «պատերազմ հրահրողների» համար:

Իսկ Իրանի արտգործնախարարը քիչ հավանական է համարել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսումը: Աբբաս Արաղչին ասել է, թե փետրվարին Ժնևի հանդիպումների ժամանակ ԱՄՆ-ն վստահեցնում էր, թե չեն հարձակվի, սակայն դրժեց խոստումը:

Իրանի արտգործնախարարը նշել է.- «Չեմ կարծում, որ ամերիկացիների հետ բանակցելու հարցը կրկին օրակարգում կլինի, որովհետև, գիտեք, մենք ամերիկացիների հետ բանակցելու շատ դառը փորձ ունենք»։

Իրանի կառավարության խոսնակը, մինչդեռ, ասել է, որ ցանկացած միջնորդություն տեղի կունենա միայն, եթե հրադադար հաստատվի և երաշխիքներ տրվեն, որ հետագայում չեն հարձակվի:

Այս զարգացումներին զուգահեռ Իրանը հայտարարել է, որ հարվածել է Իսրայելի Հայֆա քաղաքի նավթավերամշակման գործարանին:

Պաշտոնական տվյալներով՝ միայն վերջին 24 ժամում Իսրայելում 191 մարդ է վիրավորվել իրանական հարվածներից:

Իրանը նաև հարվածել է Իրաքի Հարիր ավիաբազայում գտնվող ԱՄՆ բանակի կենտրոնակայանին, Սաուդյան Արաբիայում էլ՝ նավթահանքի: Բահրեյնում իրանական հարվածից կա զոհ և վիրավորներ։ Աբու Դաբիում անօդաչուի հարվածից հրդեհ է բռնկվել արդյունաբերական համալիրում: Արաբական Միացյալ Էմիրությունների նավթային խոշոր ընկերությունը անօդաչուի հարվածից հետո փակել է վերամշակման իր գործարաններից մեկը:

Իր օդային տարածքում երկու հրթիռ խոցելուց հետո Թուրքիան հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության ամերիկյան Patriot համակարգ է տեղակայել երկրում: Արտգործնախարար Հաքան Ֆիդանն էլ իրանցի պաշտոնակցին զգուշացրել է՝ եթե օդային տարածքի խախտումները կրկնվեն, Թուրքիան անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի:

Իսրայելի բանակը ևս նոր հարվածներ է հասցրել Թեհրանին: Իսրայելական «12-րդ ալիքը», իր աղբյուրներին հղումով, հայտնում է, որ հարվածել են Թեհրանում գտնվող միջուկային լաբորատորիաների։ Իրանը դեռ չի մեկնաբանել:

Իրանական ISNA գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական հարվածներից զոհեր և վիրավորներ կան Արակ քաղաքում և Լորեստան նահանգում: Փետրվարի 28-ից ի վեր, ըստ իրանական աղբյուրների, երկրում առնվազն 1230 մարդ է սպանվել, որից 460-ը՝
Թեհրանում, վիրավորվել է մոտ 4000-ը: Հարձակման ենթարկվելուց հետո Իրանում ինը հիվանդանոց այլևս չի գործում:

Լիբանանի ազգային լրատվական գործակալությունն էլ հայտնել է, որ Իսրայելը գիշերը հարվածել է Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքներին երկրի տարբեր հատվածներում: Հաղորդվում է նաև հարավում կատաղի բախումների մասին: Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն իր հերթին պնդել է, որ հարվածել է իսրայելական զորքին:

Պաշտոնական տվյալներով՝ Լիբանանում առ այսօր զոհվել է առնվազն 486 մարդ, վիրավորվել՝ 1313-ը։ Միայն վերջին 24 ժամում 100,000 մարդ է տեղահանվել, ընդհանուր տեղահանվածների թիվն անցնում է 667,000-ը:

Ռազմական գործողությունների ֆոնին նավթի գինը շարունակում է աճել, թեև Թրամփի հայտարարություններից հետո մի փոքր նվազել է՝ տատանվելով 95 դոլարի սահմաններում: Եգիպտոսում վառելիքի գինը բարձրացել է 30%-ով: Պակիստանը, Թաիլանդը, Վիետնամը և այլ երկրներ էներգախնայողության միջոցների են դիմում:


XS
SM
MD
LG