Մատչելիության հղումներ

Թրամփը խոսում է Իրանի դեմ պատերազմում «հսկայական» հաջողությունների, «շատ շուտով» դրա ավարտի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ասուլիսը, Մայամի, 9-ը մարտի, 2026թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ասուլիսը, Մայամի, 9-ը մարտի, 2026թ.

Իրանի դեմ պատերազմում Միացյալ Նահանգները «հսկայական» հաջողություններ է գրանցում և այն կավարտի «շատ շուտով», ռազմական գործողությունների 11-րդ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահը: Այս հայտարարությունից առաջ Դոնալդ Թրամփը հեռախոսով զրուցել էր Վլադիմիր Պուտինի հետ, զրույցը, ըստ Կրեմլի, տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ն, սակայն, ցանկանում է վստահ լինել, որ Իրանը դեռ շատ երկար ժամանակ չի կարող միջուկային զենք ստեղծել, հետևաբար պատերազմը դեռ կշարունակվի:

Սպիտակ տան ղեկավարը նաև սպառնացել է շատ ավելի ուժեղ հարվածել, եթե Իրանը շարունակի խոչընդոտել Հորմուզի նեղուցով Պարսից ծոցից նավթի մատակարարմանը:

«Ես թույլ չեմ տա, որ ահաբեկչական ռեժիմը պատանդ պահի աշխարհը և փորձի դադարեցնել աշխարհի նավթի մատակարարումը: Եվ եթե Իրանը որևէ բան անի դրա համար, նրանց կհարվածվենք շատ, շատ ավելի ուժեղ … որ նրանք երբեք չեն կարող վերականգնվել, երբեք», - վստահեցրել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը պնդել է, որ այս օրերին ոչնչացրել են Թեհրանի հրթիռային կարողությունների մեծ մասը, նաև նշել է, որ դեռ չի որոշել՝ իմաստ ունի՞ արդյոք Իրանում ցամաքային ռազմական գործողություն սկսել։ New York Post-ին տված հարցազրույցում էլ նա ասել է, թե գոհ չէ, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ է ընտրվել սպանված առաջնորդի որդին՝ Մոջթաբա Խամենեին, սակայն չի բացահայտել, թե ինչ է մտադիր անել:

Բենյամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ Իսրայելը «կոտրում է» Իրանի ոսկորները։ Իսրայելի վարչապետի խոսքով՝ իրենք ցանկանում են, որ իրանցիները թոթափեն «բռնապետության լուծը» և տապալեն իշխանություններին, սակայն դա կախված է իրանցի ժողովրդից:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հերքել է հրթիռային ծրագրի մասին Թրամփի պնդումները՝ սպառնալով ավելի շատ ու ավելի հզոր հրթիռներ արձակել: Իրանի ամենազդեցիկ ռազմական կառույցի տարածած հայտարարությունում նշվում է, որ ոչ թե ԱՄՆ-ն կորոշի, թե երբ կավարտվի պատերազմը, այլ՝ Իրանը, որը նաև թույլ չի տա, որ «մեկ լիտր նավթ» դուրս գա տարածաշրջանից, եթե հարձակումները շարունակվեն:

Իսկ Իրանի արտգործնախարարը քիչ հավանական է համարել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսումը՝ նշելով, որ չեն վստահում նրանց: Աբբաս Արաղչին ասել է, թե փետրվարին Ժնևի հանդիպումների ժամանակ ԱՄՆ-ն վստահեցնում էր, թե չեն հարձակվի, սակայն դրժեց խոստումը:

«Չեմ կարծում, որ ամերիկացիների հետ բանակցելու հարցը կրկին օրակարգում կլինի, որովհետև, գիտեք, մենք ամերիկացիների հետ բանակցելու շատ դառը փորձ ունենք», - նշել է Արաղչին:

Իրանի կառավարության խոսնակը, մինչդեռ, ասել է, որ ցանկացած միջնորդություն տեղի կունենա, միայն եթե հրադադար հաստատվի և տրվեն հետագայում հարձակումը բացառող երաշխիքներ:

Հայտարարություններին զուգահեռ շարունակվում են ռազմական գործողությունները: Իրանի բանակը հայտարարել է, որ հարվածել է Իսրայելի Հայֆա քաղաքի նավթի և գազի վերամշակման գործարանին: Իսրայելը սա չի մեկնաբանել: Պաշտոնական տվյալներով՝ միայն վերջին 24 ժամում Իսրայելում 191 մարդ է վիրավորվել իրանական հարվածներից:

Իրանը նաև հարվածել է Իրաքի Հարիր ավիաբազայում գտնվող ԱՄՆ բանակի կենտրոնակայանին, Սաուդյան Արաբիայում էլ՝ նավթահանքի: Բահրեյնում իրանական հարձակման հետևանքով մեկ մարդ է սպանվել, կան վիրավորներ։

Իսրայելական «12-րդ ալիքը», իր աղբյուրներին հղում անելով, հայտնում է, որ Իսրայելը հարվածել է Թեհրանում գտնվող միջուկային լաբորատորիաների։ Իրանը դեռ չի մեկնաբանել:

Իրանական ISNA գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական հարվածներից զոհեր և վիրավորներ կան Արաք քաղաքում և Լորեստան նահանգում: Փետրվարի 28-ից ի վեր, ըստ իրանական աղբյուրների, Իրանում առնվազն 1230 մարդ է սպանվել, մոտ 3 հազարը՝ վիրավորվել: Պատերազմի ժամանակ հարձակման ենթարկվելուց հետո Իրանում 9 հիվանդանոց այլևս չի գործում:

Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ իսրայելական ինքնաթիռները գիշերը հարվածել են Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքներին երկրի տարբեր հատվածներում: Հաղորդվում է նաև հարավում կատաղի բախումների մասին:

Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն էլ պնդել է, որ հարվածել է իսրայելական զորքին:

Պաշտոնական տվյալներով՝ Լիբանանում առայսօր զոհվել է առնվազն 486 մարդ, վիրավորվել՝ 1313-ը։

Ռազմական գործողությունների ֆոնին նավթի գինը շարունակում է աճել, թեև Թրամփի հայտարարություններից հետո մի փոքր նվազել է՝ տատանվելով մեկ բարելի դիմաց 95 դոլարի սահմաններում:

Մեծ յոթնյակի երկրների էներգետիկայի նախարարներն այսօր հանդիպում են՝ քննարկելու էներգակիրների շուկաներում պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Եգիպտոսում վառելիքի գինը բարձրացել է 30 տոկոսով: Պակիստանը, Թաիլանդը, Վիետնամը էներգախնայողության միջոցների են դիմում:



XS
SM
MD
LG