Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ մոտ երեք տասնյակ հայց կա ու ոչ մի ուժի մեջ մտած վճիռ, որը կպարտադրեր նրան հերքել իր խոսքերն ընդդիմախոսների նկատմամբ, վարչապետի դիրքից հնչեցրած նրա արտահայտությունները որակեր զրպարտող, պատիվն ու բարի համբավն արատավորող:
2018-ից իշխանության եկած նախկին ընդդիմադիրը, որ մշտապես դժգոհում է իր բնորոշմամբ «նախկիններին ծառայող» դատավորներից ու դատարաններից, նույն այդ դատարաններում ընդամենը երկու գործով է պարտություն կրել, բայց առաջին ատյանների այդ վճիռներն ուժի մեջ չեն մտել, վերադաս դատարաններն, ի վերջո, հօգուտ վարչապետի որոշումներ են կայացրել:
Ինչ հայցեր կան ընդդեմ Փաշինյանի
Իշխանության երկրորդ տարում Փաշինյանը պատմել էր, թե Սահմանադրական դատարանն «օկուպացրած» Հրայր Թովմասյանն փորձել է ամենամսյա ռեժիմով իր ծառայություններն առաջարկել իրեն: Իշխանության նախաձեռնած գործընթացի արդյունքում 2020 թվականին Թովմասյանը վաղաժամ զրկվեց Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, հետո դատի տվեց Փաշինյանին ու առաջին ատյանում հաղթեց:
Դատարանը մասնակի բավարարել էր նրա պահանջը՝ վարչապետին պարտավորեցրել էր հերքել ծառայություններ առաջարկելու մասին խոսքերը: Մինչ առաջին ատյանի դատարանը զրպարտող էր որակել հենց այս արտահայտությունը, Փաշինյանը հասել էր վերաքննիչ ու հաղթանակ տոնել: Վճռաբեկն էլ հաստատել էր այս որոշումը՝ վարույթ չընդունելով Սահմանադրական դատարանի նախկին նախագահի բողոքը:
«Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչև վերջ վերադարձվի պետությանը». Այս գրառումը 6 տարի առաջ «Ֆեյսբուքում» արել էր վարչապետի այն ժամանակվա խոսնակը:
Առաջին ատյանի դատարանն ընդդեմ Մանե Գևորգյանի ու վարչապետի էր վճռել, պարտավորեցրել հերքել այս տողերը, նույնը վերաքննիչն էր արել, բայց վարչապետը հասել էր վճռաբեկ ու երեք տարվա քննության արդյունքում հակառակ վճռն էր կայացվել:
«Ստեղծել հիմնադրամ, լցնել այդ հիմնադրամը 65 միլիոն դոլարով՝ հարկատուների փողով: Հետո ստեղծել օֆիս, ընկեր, հարազատ, խնամի, բան-ման, ընտանիքների անդամներ տեղավորել այդ օֆիսում... երկու ամիս՝ էդ փողը անհետացել է, - հայտարարել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, - Էս մարդը Դեյվիդ Կոպերֆիլդն ա, սրանց ճակատներին պետք է սենց տատու անել՝ «կոռուպցիոն հանճարներ»:
Վարչապետ Փաշինյանի դեմ հայցերով առաջատարը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Անցած ութ տարիներին 4 հայց է ներկայացրել, 4-ով էլ հաջողության չի հասել: Վերջինը դեռ քննության փուլում է, թեև առաջին ատյանի դատարանը մերժել է նախկին նախագահի հայցը, նա դիմել է վերաքննիչ:
«Օրինակ, մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր ա, և դա արձանագրված ա դատարանի որոշմամբ, որովհետև մարդը գնացել ա իրա դեմ կաշառքի գործը ասել ա «վաղեմության ժամկետ կիրառեք»: Դա տեղի ա ունենում այն ժամանակ, երբ որ ինքը խոստովանում ա, որ ինքը կաշառակեր ա։ Հիմա Հայաստանի Հանրապետության դատական համակարգում պաշտոնապես արձանագրվել ա, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կա-շա-ռա-կեր է», - հայտարարել էր Փաշինյանը:
Զրպարտության համար Փաշինյանից 6 միլիոն դրամ պահանջած նախկին նախագահի բողոքը քննելիս առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, թե նրա խոսքերը՝ կաշառակերի մասին, փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն են, դրանք բխում են դատական այլ գործից:
2008 թվականի մարտ 1-ի իրադարձություններից բացի, տարիներ առաջ դատարանը քննում էր, թե արդյոք նախագահության ժամանակ Քոչարյանը 3 միլիոն դոլա՞ր է վերցրել գործարար Սիլվա Համբարձումյանից: Այս գործն, ի վերջո, կարճվել էր վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Փաշինյանին վիրավորանքն ու զրպարտություն հերքելու պահանջով դատի են տվել նաև գործարարներ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը, որոնք Քոչարյանի հետ միասին վարչապետի հիմնական քաղաքական ախոյաններն էին:
Նիկոլ Փաշինյանի՝ քարոզարշավային մեկ այլ թեժ օրվա ընթացքում արած վիրավորական արտահայտությունների համար նրան դատի է տվել նաև արցախցի գործիչ Արթուր Օսիպյանը: Տղամարդը ղարաբաղյան կարգավորման մասին հարցեր էր տվել Փաշինյանին ու արժանացել վիրավորանքների տարափի:
«Կարա էս հարցը շատ հեշտ փակի, նույնիսկ չեմ ասում՝ տենց ներողություն անպայման, ուղղակի ցույց տա, որ ինքը փոշմանած է», - նշում է Օսիպյանը:
Ընդդիմախոսները պահանջում են մոտ 16 միլիոն դրամ փոխհատուցում
Փաշինյանի ընդդիմախոսները նրանից ընդհանուր առմամբ պահանջում են մոտ 16 միլիոն դրամ փոխհատուցում:
Ընդդիմադիր գործիչների մեծ մասին այս պահին մի բան է միավորում. նրանք մեղադրյալ են կոռուպցիոն լուրջ հանցագործությունների հոդվածներով: Ոմանք, ինչպես Գագիկ Խաչատրյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, բանտում սպասում են նախաքննության ավարտին ու դատաքննությանը, ոմանք էլ, օրինակ, Սամվել Կարապետյանը, տնային կալանքի տակ են:
Ու մինչ նրանք պնդում են, թե հետապնդվում են իրենց ընդդիմադիր գործունեության համար, վարչապետը վստահեցնում է՝ վերջին ընտրություններում նախկինների միլիոնավոր դոլարների թալանածը պետությանը վերադարձնելու մանդատ է ստացել ժողովրդից և արդարություն է հաստատում: