Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանն երրորդ հայցն է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն երրորդ անգամ հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս անգամ Քոչարյանը պահանջում է հերքել 2021-ի մարտի 1-ին Հանրապետության հրապարակի հանրահավաքում 2008-ի արյունալի իրադարձությունների և գործի քննության վերաբերյալ Փաշինյանի արած որոշ հայտարարություններ և որպես փոխհատուցում վճարել 4 միլիոն դրամ։

«2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ Մարտի 1-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ ու պիտի, այո, արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործն ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է», - հայտարարել է վարչապետը:

Նախկին նախագահի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը «Ազատությանը» փոխանցեց, որ չնայած Փաշինյանն իր ելույթում Քոչարյանի անունը չի նշել, այդուհանդերձ, փաստաբանի գնահատմամբ՝ զրպարտչական հանդիսացող որոշ հայտարարություններ ակնհայտորեն երկրորդ նախագահին էին վերաբերում։

«Երկարաշունչ ելույթ է, որտեղ խոսվում է, որ 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունները ժողովրդի դեմ տանկեր են հանել՝ ժողովրդի վրա կրակելու համար, և դրանից բխող նմանօրինակ տարբեր մտքեր է հնչեցրել: Նաև ասել է, որ դրա համար էլ դատավարությունը ձգձգում են, որպեսզի այդ ամեն ինչը չպարզվի և այլն», - ասաց Քոչարյանի ներկայացուցիչը:

Փաշինյանի ելույթի առթիվ Քոչարյանի ներկայացրած հայցն ուղղված է ոչ միայն վարչապետի, այլև Հայաստանի Հանրապետության դեմ։

«Բացի այն, որ պարոն Փաշինյանը այդ ելույթի ժամանակ զբաղեցնում էր և մինչև հիմա էլ զբաղեցնում է Հանրապետության վարչապետի պաշտոնը, այդ ելույթը հենց այդ նույն արտահայտություններն էլ մեջը տեղադրվել է նաև կառավարության և վարչապետի պաշտոնական էջերում, դրա համար նաև Հայաստանի Հանրապետությանը», - նշեց Ալումյանը:

Հայցով պահանջ է ներկայացվում հաստատել Ռոբերտ Քոչարյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը, հատուցել խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը, պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել հնչեցված արտահայտությունները և հատուցել զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասը:

Դատական նիստի նշանակման մասին ծանուցում դեռ չեն ստացել, ասում է նմանատիպ մեկ այլ գործով Նիկոլ Փաշինյանի շահերի պաշտպան Գևորգ Գյոզալյանը. «Հերթական անգամ հայց է ներկայացվել իմ վստահորդի դեմ չգիտեմ ինչ նպատակներով, ես կասկած ունեմ, որ դա կրում է քաղաքական նպատակ»:

Նախկին նախագահ Քոչարյանն իր առաջին հայցն ընդդեմ վարչապետի ներկայացրել է 2018-ին, հրապարակային հերքում պահանջելով այն արտահայտության համար, որում Փաշինյանն անդրադառնալով Մարտի 1-ի գործի քննությանն ասել էր՝ «Կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Դատարանում Փաշինյանի ներկայացուցիչը նշել է, որ իր արտահայտությամբ վարչապետը հարցադրումներ է արել, այլ ոչ թե որևէ մեկին, այդ թվում՝ Քոչարյանին հանցանքներ վերագրել։ Ավելի ուշ Քոչարյանն այս հայցից հրաժարվել է։

«Նրանք հրաժարվեցին: Եթե նրանք համարում էին, որ դրանով ըստ էության իրենց պահանջը բավարարվեց, ապա նրանք մի դեպքում Ա. կարող էին գալ հաշտության, երկրորդ դեպքում՝ Բ. որևէ բան չանել և համարելով, որ արդեն իրենց պահանջը հիմնավորվեց մեր կողմի այդ արտահայտությամբ, ապա թողնել, որ դատարանը կայացներ համապատասխան ակտ, բայց նրանք ուղղակի հրաժարվել են հայցից, և մենք չենք էլ հասել ինչ-որ վիճաբանությունների փուլի», - նշեց Գյոզալյանը:

Քոչարյանի երկրորդ հայցի քննությունն ընդդեմ Փաշինյանի դեռևս ընթացքի մեջ է։ Այս հայցով նախկին նախագահը պահանջում է Փաշինյանից հերքել 2020-ի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակ կոռուպցիոն գործարքների մասին հայտարարության մեջ իր անվան հիշատակումը։ Փաշինյանի պաշտպանն այս հայցը հիմնավոր չի համարում։

«Միանշանակ համարում եմ անհիմն: Նախ՝ ինքը գերակա շահ է, երկրորդ՝ քաղաքական գործիչների արտահայտությունները շատ ավելի լայն պաշպանություն ունեն և պետք չէ խորանալ դրա տառացի, բառացի մեկնաբանման վրա, շատ ավելի լայն պաշտպանություն ունեն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռների համաձայն: Դա իր բնույթով քաղաքական խոսք է եղել», - ասաց Գևորգ Գյոզալյանը:

Կառավարության աշխատակազմից հայցն այսօր չմեկնաբանեցին:

Զրպարտության վերաբերյալ Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի երրորդ հայցի քննության օրը դեռևս նշանակված չէ։

XS
SM
MD
LG