Մատչելիության հղումներ

Դատարանը թույլատրեց Գագիկ Խաչատրյանին չմասնակցել նիստերին

Դատարանը բավարարեց Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանը միջնորդությունը և թույլատրեց պատգարակով դատարան բերվող Խաչատրյանին չմասնակցել նիստերին։ Նման հնարավորություն տալիս է օրենքը։

Փաստաբանն ընդգծեց՝ Խաչատրյանն ուզում է մասնակցել դատավարությանը, բայց ողնաշարի ցավերը թույլ չեն տալիս:

Դատավարության ընթացքում Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը վատացավ, և նիստը մի քանի րոպեով ընդմիջվեց:

Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է սեպտեմբերի 2-ին։ Նա մեղադրյալ է միանգամից մի քանի գործերով. կա մի գործ, որը քննվում է դեռևս 2019 թվականից՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, փողերի լվացման հանցակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հետ կապված։ Այժմ ընթանում է այս դատաքննությունը:

Օգոստոսի 29-ին հարուցվեց ևս մեկ գործ՝ փողերի վատնման, գույքի ապօրինի օտարման, գումարի հանցավոր ծագումը քողարկելու, խոշոր չափով կաշառք ստանալու հետ կապված, որի շրջանակներում էլ ՊԵԿ նախկին նախագահը կալանավորվեց։

Դատավոր Վարդգես Ստեփանյանն այսօր ևս արգելեց լրագրողներին նկարահանել դատական նիստը: Սա այն դեպքում, երբ աչքերը փակ դատարանում պատգարակի վրա պառկած Խաչատրյանը դատավորի հարցին ի պատասխան ցածր ձայնով ասաց, որ համաձայն է նկարահանմանը։ Փաստաբան Երեմ Սարգսյանի գնահատմամբ՝ դատարանն այս կերպ խոչընդոտում է հրապարակային դատաքննությանը։

Փաստաբանը նաև միջնորդել էր հետաձգել նիստը՝ Խաչատրյանի վատառողջ լինելու պատճառով, բայց դատախազն առարկեց՝ «ունեն փորձաքննություն, որ Խաչատրյանը կարող է մասնակցել նիստին»: Դատախազը նաև ասաց, որ դեռ 2024-ից է Խաչատրյանը նույն դիրքով ներկայանում, այսինքն, երկուսուկես տարի առաջ էլ է նմանատիպ իրավիճակ եղել։

Խաչատրյանի բժշիկը պնդում է՝ նրա վիճակն իսկապես վատ է

Նիստին ներկա է նաև Խաչատրյանին վիրահատած գերմանացի պրոֆեսոր Նիլս Հանսեն Ալգենշտետը, որին դատավորն արգելեց զննել Խաչատրյանին։ Գերմանիայից ժամանած պրոֆեսորին այսօր արգելել էին նաև տեսակցել Խաչատրյանին բանտում։ Ըստ փաստաբանի, պատասխանել են, թե պրոֆեսորն այս այցելության համար չի ստացել Առողջապահության նախարարության թույլտվությունը։

Բժիշկն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Խաչատրյանի վիճակն իսկապես վատ է: Նա հայտնեց, որ դեռ 2018 թվականից է հետազոտել Խաչատրյանին, նրան վիրահատել, ողնաշարի մի հատվածում իմպլանտ է տեղադրված, որը պետք է հեռացնել, քանի որ այն վնասում է մարդու մկաններին:

«Եթե 2021-ին դա պլանայի բնույթ էր կրում, և կարելի էր ընտրել վիրահատության համար օպտիմալ ժամանակը, ապա 2024-ին, երբ այցելեցի նրան այստեղ, նրա կլինիկական վիճակը ծայրաստիճան վատթարացել էր: Այն իսկապես շատ ավելի վատն էր դարձել: Եվ այդ ժամանակ նա ասաց, որ հիմա իսկապես վիրահատության ժամանակն է, բայց վիրահատությունից առաջ անհրաժեշտ են տեխնիկական պայմաններ, իսկ դա տեխնիկապես հագեցած գործընթաց է: Սա շատ բարդ տեղնիկապես հագեցած գործընթաց, էրը այստեղ չենք կարող անել», - ասաց պրոֆեսոր Նիլս Հանսեն Ալգենշտետը:

Նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, թե իրենց մերժման վերաբերյալ հարցերին կպատասխանեն միայն գրավոր հարցման դեպքում։

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն էլ հայտնում է. «Գագիկ Խաչատրյանը և, առհասարակ, ազատազրկված անձինք օրենքով սահմանված կարգով քրեակատարողական հիմնարկներում ստանում են անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն և սպասարկում, անհրաժեշտության դեպքում ուղեգրվում են նեղ մասնագիտական բժշկական զննության»:

Գույքային հայց՝ ընդդեմ Խաչատրյանի

Նիստի սկզբում դատախազը գույքային հայց ներկայացրեց ՊԵԿ նախկին ղեկավարի դեմ։ Գևորգ Սարգսյանը նշեց, որ նախկին պաշտոնյայի կողմից պետությանը պատճառվել է ավելի քան 10 միլիարդ դրամի վնաս։ Միջնորդեց նրանից բռնագանձել այդ գումարը։ Փաստաբան Երեմ Սարգսյանն անհիմն որակեց այս պահանջը։

Նախորդ դատական նիստին ևս Գագիկ Խաչատրյանը մասնակցում էր պատգարակի վրա։ Այս նիստին ևս տեսանկարահանումն արգելվել էր։

Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանն այդ օրն ասել էր. - «2019 թվականի հուլիսի 3-ին այդ կոնսիլիումի համար մենք անցել ենք ՄՌՏ հետազոտություններ, բոլոր հետազոտությունները։ Դա իրենց բավարար չթվաց, որոշեցին ևս մեկը մեկ ամսվա ընթացքում։ Օգոստոսի 5-ին նորից իրենց պահանջով ենթարկվել ենք։ 20 թվականին իրենց պահանջով ենթարկվել ենք ՄՌՏ հետազոտությունների, 21 թվականին իրենց պահանջով ենթարկվել ենք ՄՌՏ հետազոտությունների, 25 թվականին իրենց պահանջով ենթարկվել ենք ՄՌՏ հետազոտությունների, ամեն անգամ ստացել են պատասխան, որ ունի վիրահատության կարիք և պետք է արտերկրում բուժումը կատարվի, ասել են՝ եկեք նորից մի հատ էլ անենք»:

Մինչդեռ մեղադրող կողմը պնդում է՝ փորձաքննությամբ հաստատվել է, որ Խաչատրյանն ի վիճակի է մասնակցել դատական գործընթացին։

Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ վերջին օրերին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարություններ արել։ Սեպտեմբերի 3-ին նա Խաչատրյանին «սիմուլյանտ» անվանեց՝ հայտարարելով, որ իրավապահները նրան պատգարակով տարել են «ճիշտ էն տեղը»։

«Ցանկացած խոսք պետք է հիմնավորված լինի փաստաթղթերով։ Էն դատաբժշկական փորձագետի եզրակացությունը, որը ներկայացվել է այս վերջին 2026 թվականին, դրանում որևէ մեկը չի վիճարկում, որ նա ունի բազմաթիվ հիվանդություններ», - հակադարձել էր փաստաբանը։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG