Մատչելիության հղումներ

Վարչապետի աշխատակազմը կբողոքարկի Խաչատրյանների հայցով դատարանի վճիռը


ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, արխիվ

Վարչապետի աշխատակազմը կբողոքարկի դատավոր Սարգիս Երիցյանի կայացրած վճիռն ընդդեմ Հայաստանի Հանրապետության, որով քաղաքացիական դատարանը զրպարտող և հայցվորների արժանապատվությունը, պատիվը և գործարար համբավը արատավորող է որակել տարբեր քրեական գործերով անցնող, Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների մասին Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը։

«Ազատության» հետ զրույցում վարչապետի խոսնակը փոխանցեց՝ չի պատրաստվում կատարել դատարանի վճիռը։ «Ամեն դեպքում մենք էլ մեր որոշումն ունենք կայացրած և կբողոքարկենք վճիռը», - ասաց Գևորգյանը։

Քաղաքացիական այս գործը վարչապետի խոսնակի ու նախկին ազդեցիկ պաշտոնյա Գագիկ Խաչատրյանի որդու՝ Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի հեռակա բանավեճին է վերաբերում։ Վերջինս տարածած հայտարարությամբ ահազանգել էր, որ «Երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել վաճառել Ucom-ը»։

Սրան ի պատասխան Մանե Գևորգյանը հիշեցրել էր, թե ՊԵԿ նախկին նախագահի ընտանիքն ամենատարբեր առիթներով հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն է հայտնել վերադարձնել թալանածն ու վերականգնել պետությանը պատճառված վնասը:

Համաձայն դատավճռի, որը հնարավոր է բողոքարկել մեկ ամսում, խոսնակն իր Ֆեյսբուքի էջում պարտավոր է գրել հետևյալ հերքումը. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրում Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com սոցիալական կայքի` Մանե Գևորգյանի էջում տեղադրված գրառման մեջ նշված՝ նրանց պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտության համար»։

Միևնույն ժամանակ, վարչապետը պետք է Խաչատրյանների օգտին վճարի 8 հազար դրամ պետական տուրք, ևս 500 հազար էլ հայցվորների փաստաբանական ծախսերի համար։

2020-ի ապրիլի 28-ին Մանե Գևորգյանը ծավալուն գրառման մեջ հայտարարել էր, թե՝ «Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչև վերջ վերադարձվի պետությանը»։

Անդրադառնալով Խաչատրյաններին պատկանող Ucom ընկերությանը և բաժնետերերի այն ժամանակ աղմուկ բարձրացրած փոփոխությանը՝ Գևորգյանը՝ փոխանցելով վարչապետի դիրքորոշումը, գրել էր՝ «եթե պարզվի, որ այս ողջ ընթացքում եղել են պաշտոնյաներ, ովքեր փորձել են այս գործընթացից անձնական օգուտներ ստանալ, նրանք պետք է պատասխան տան օրենքի առաջ նույն կերպ, ինչպես Խաչատրյանների մաֆիոզ համակարգի ներկայացուցիչները»:

ՊԵԿ նախկին նախագահը մեղադրյալ է հեղափոխությունից հետո հարուցված խոշորագույն կոռուպցիոն գործերից մեկով, որը 9 տարբեր դրվագներ է պարունակում։ Ըստ մեղադրող կողմի, 64-ամյա Խաչատրյանի կողմից պետությանը պատճառած վնասի և ստացած կաշառքի ընդհանուր գումարը կազմում է 41 միլիոն դոլար։ Կոռուպցիոն քրեական գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև նրա երկու որդիներն ու երկու եղբորորդիները։ Որդիներն ու եղբորորդիներից մեկը հետախուզման մեջ են։

XS
SM
MD
LG