Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով
Դատարանը մոտ մեկ օր տևած քննությունից հետո որոշեց գործարար Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգել ևս երկու ամսով: Պաշտպանական խումբը կալանքի որոշումը որակում է անհիմն ու քաղաքական հետապնդում:
Փաստաբանների կարծիքով՝ կալանքի անհրաժեշտություն չկար, դատարանի հիմնավորումները, որ Ծառուկյանը կխոչընդոտի քննությանը, օբյեկտիվ չեն: Նրանք պատրաստվում են որոշումը բողոքարկել Վերաքննիչ դատարանում:
«Այս գործը քաղաքական դրդապատճառով է, ապացուցվեց», - հայտարարեց Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը:
Դատական նիստը դռնփակ էր, և «Ազատությունը» հնարավորություն չի ունեցել ծանոթանալ մեղադրող կողմի հիմնավորումներին:
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը, ում վարչապետ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի օրերից է խոստացել ունեզրկել, կալանավորվեց հուլիսի 6-ին՝ խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս անց:
Իրավապահները նրան մեղադրանք են առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության, փողերի լվացման հոդվածներով, հետո էլ ավելացրին հարկերից խուսափելու մեղադրանքը:
Ըստ Քննչականի, Ծառուկյանը կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ, որը Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով, խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով, իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա և ապրանք՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։
Տարածաշրջանի ամենամեծ իրանական առևտրի կենտրոն պետք է ստեղծվեր, որը բացվեց, բայց չգործեց: Ընկերության 50 տոկոսի բաժնետերը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ»-ն էր, մյուս 50 տոկոսը՝ իրանական ParsHilal Caspian Group-ը: Այս ընկերության մասին համացանցի բաց աղբյուրներում հստակ տեղեկություններ չկան:
70-ամյա Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին, և դա ապացուցող պարտավորագրեր կան: Կալանավորվելուց հետո Ծառուկյանը մի քանի անգամ առերեսվել է իրանցիների հետ:
Ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործը
2023 թվականից Ծառուկյանն ու ընտանիքի 11 անդամները, այդ թվում, կինը, զավակներն ու նրանց ամուսիններն ու կանայք, անցնում են ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով:
Գույքի ցանկը, որ պետությունը պահանջում է Ծառուկյաններից, մի քանի էջ է: Դրանց թվում 79 անշարժ գույք կա, 42 տրանսպորտային միջոց, 213 միլիոն դոլար, բաժնեմասեր մոտ 40 ընկերություններում և այլն: Դատախազությունը ապօրինի է գնահատել նաև Ծառուկյանի Առինջի շքեղ առանձնատունը, որտեղ բնակվում է նրա ընտանիքը, «Մուլտի գրուպ» կոնցեռնի, «Կենտրոն» հեռուստաընկերության, «Եվրոմոթորս»-ի, «Արարատ ցեմենտ»-ի, Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի բաժնետոմսերը։ Ծառուկյանը պնդում է, որ ահռելի ունեցվածքը կուտակել է արդար քրտինքով: Այս գործով վերջին նիստը կայացել է մայիսին, երեք տարվա քննությունից հետո դատարանի որոշում դեռ չկա:
Ինչպես է իշխանությունը հիմնավորում այս գործերը
Վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ ժողովուրդն իրեն մանդատ է տվել՝ պետությանը վերադարձնելու նախկինների կուտակած ապօրինի գույքն ու թալանած միլիոնները: Ասում է՝ հանդիպումներում ընտրողները իրենից հենց դա են պահանջում:
Ապօրինի ծագման գույքի գործով է անցնում նաև ընտրություններում Փաշինյանի մյուս քաղաքական հակառակորդը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ևս վերջերս կալանավորվեց պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեղադրանքով:
Օրերս շնորհակալություն հայտնելով դատաիրավական համակարգին վերջին գործողությունների համար, Փաշինյանը կրկնեց իր նախորդ զգուշացումներից մեկը՝ նախկիններն առաջիկայում ապրելու են իրենց թոշակով, քանի որ ապօրինի ձեռք բերված գույքը վերադարձնելու են ժողովրդին. - «Ե՛վ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա՝ պիտի հեռախոսը բացեն, տենան՝ թոշակը նստել է՞, թե՞ չէ»:
«Հազարավոր մարդիկ աշխատանքից զրկվել են». Իվետա Տոնոյան
Ընդդիմադիր Ծառուկյանի ընկերությունները Հայաստանի խոշոր հարկատուներից են, նա էլ համարվում է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը: Ծառուկյանին ձերբակալելու օրը կապարակնքվեցին նրա ընտանիքին պատկանող մի քանի տասնյակ ընկերություններ:
Հյուրանոցներ, ռեստորաններ, բեռնափոխադրող ընկերություններ, խաղատուն, «Օլիմպավան» մարզաբազան ու էլի բիզնեսներ չեն աշխատում: Հազարավոր մարդիիկ անորոշության մեջ են, աշխատանքից զրկվել են ու վերջին երկու ամսվա աշխատավարձը չեն ստացել, «Ազատությանն» ասաց կալանավորված գործարարի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը. - «Իսկապես օրախնդիր է մարդկանց համար, որովհետեւ հայտնվել են բանկերի սեւ ցուցակում, վարկային պարտավորությունները չեն կարողանում կատարել: Որոշները հուսահատված գործ են փնտրում իրենց, մի մասը պայքարում է իրավունքների համար»:
Տոնոյանի խոսքով՝ վերաբացվել են միայն այն ընկերությունները, որտեղ պետությունն իր կառավարիչներին է նշանակել: «Արարատցեմենտ» գործարանն է, Երեւանի Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը, եւ «Մուլտի Վելնես» սպորտային համալիրը: Սա էլ ղեկավարում է Երեւանի քաղաքապետարանը:
«Այս գործարանները բացվելուց հետո էլ դեռ շուրջ ութ հազար մարդ շարունակում է գործազուրկ մնալ: Եթե նույնիսկ որեւէ ընկերություն առնչվեր քրեական գործին, ինչո՞վ է աշխատանքը խանգարում քննությանը: Մարդիկ թող աշխատեն, վարձատրվեն, հարկերը վճարվեն, իրավապահներն էլ իրենց հետաքրքրող հարցերը պարզեն: Այս գործելաոճով պետբյուջեն է զրկվել միլիարդավոր հարկերից ու մարդիկ՝ իրենց աշխատանքից»,-ասում է Իվետա Տոնոյանը:
Ըստ խոսնակի՝ Ծառուկյանի պաշտպանական խումբը բոլոր ընկերությունների հետ կապված հայցադիմումներ են ներկայացրել դատարան:
Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժն էլ էր մասնակցում խորհրդարանական ընտրություններին: Խորհրդարանից դուրս մնաց մի քանի տասնյակ ձայնով, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկեց երկու ընտրատեղամսում քվերակության արդյունքները եւ չվերանշանակեց ընտրություն:
Քվեարկությունից մեկ ամիս անց Ազգային անվտանգության ծառայողները դիմակավորված մտան ընդդիմադիր առաջնորդի առանձնատուն, 70-ամյա Ծառուկյանին ձերբակալեցին՝ գետնին տապալելով, երբ տարածված կադրերից երևում էր, որ նա չի էլ դիմադրում իրեն մոտեցող ԱԱԾ-ականներին: Կալանքի որոշումը նրա պաշտպանական խումբը որակում է քաղաքական հետապնդում և բողոքարկում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: