Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել վիրավորվանքի համար և որպես փոխհատուցում 3 միլիոն դրամ վճարել:
«Դատալեքս» համակարգից տեղեկանում ենք, որ Կարապետյանը ներողություն է պահանջում այս տարվա մայիսի 29-ին Փաշինյանի հրապարակային ելույթի ընթացքում հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար:
Դատական տեղեկատվական համակարգում տեղադրված նյութերում դեռ նշված չէ, թե որ արտահայտությունից է վիրավորվել Կարապետյանը: Բայց մայիսի 29-ը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավային օրերից է: Այդ շրջանում Փաշինյանը ընտրողների առաջ ունեցած ելույթներում պարբերաբար նաև քաղաքական հիմնական հակառակորդների՝ Սամվել Կարապետյանի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին էր խոսում: Սամվել Կարապետյանին, օրինակ, հանդիպումներից մեկում «Հայաստանի պետության դեմ գործող լրտես» էր անվանել:
Կարապետյանը հայցով պահանջում է, որ Փաշինյանը ներողություն խնդրի իր ֆեյսբուքյան էջով, ուղիղ եթերով՝ տեսաձայնագրության միջոցով: Հայցադիմումը ստացվել է սեպտեմբերի 9-ին և մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին, նիստի օր դեռ չի նշանակվել:
Այլ հայցեր էլ կան
Սամվել Կարապետյանն ավելի վաղ դատական հայց է ներկայացրել նաև ԱԺ նախկին նախագահ, այժմ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի դեմ:
Սամվել Կարապետյանը պահանջել է Ալեն Սիմոնյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել մայիսի 19-ին Facebook-ում և TikTok-ում իր մասին արված հայտարարությունը՝ հետևյալ տեքստով. «Ես Ալեն Ռոբերտի Սիմոնյանս ֆեյսբուք (Facebook) և Տիկտոկ (TikTok) հարթակներում 2026 թվականի մայիսի 19-ին հրապարակել եմ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հասցեին տարածել եմ հետևյալ տեղեկությունը՝ «իրավապահները պետք է իրենց գնահատականը տան, թե ո՞նց է ստացվում, որքա՞ն իրավական է արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանի Հանրապետությունում կուսակցություն հիմնելը և քաղաքականության մեջ մտնելը»: Հայտնում եմ, որ այդ տեղեկությունն ամբողջությամբ կեղծ է, չի համապատասխանում իրականությանը և դրանով ես զրպարտել եմ Սամվել Կարապետյանին»:
Նա նաև պահանջել է Ալեն Սիմոնյանից բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում:
Դատարանը վարույթ է ընդունել նաև Սամվել Կարապետյանի մեկ այլ հայցադիմում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» դեմ:
Այս հայցով էլ Կարապետյանը պահանջում է պարտավորեցնել հերքել Հանրայինով հեռարձակված իշխող ուժի նախընտրական քարոզչական հոլովակում հնչեցված «օլիգարխ», «պատերազմի եռագլուխ կուսակցություն կազմելու», «ժողովրդին խաբելու», «վախեցնելու», «իշխանության գալու համար ձայներ գնելու», «պատերազմ հրահրելու», «Հայաստանի անկախությունը վերացնելու», «օտարերկրյա լրտես հանդիսանալու» մասին արտահայտությունները:
Փաշինյանն էլ հայցեր ունի Կարապետյանի դեմ
Նիկոլ Փաշինյանն իր հերթին երկու քաղաքացիական հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի դեմ: Մեկով վարչապետը պահանջում է «Ուժեղ Հայաստանի» առաջնորդին պարտավորեցնել հերքել մայիսի 7-ին, մյուսով մայիսի 25-ին արած պնդումները:
Կարապետյանը մայիսի 7-ի ասուլիսում, մասնավորապես, ասել էր. - «Վարչապետը անցյալ տարի, երբ գնացել էր Չինաստան, այնտեղ կան ռեստորաններ, հատուկ սնկերի ռեստորաններ, որոնք մարդկանց մոտ հալյուցինացիաներ են առաջացնում։ Ինքը այնտեղ փորձել էր, դուրը եկել էր, և իմ ինֆորմացիայով, մոտավորապես 1 տոննա հետը առել բերել է Հայաստան։ Դրա համար ինքը կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ կամ երբ ԱԺ-ում բարձրանում է ամբիոն, օգտագործում է այդ սնկերից»:
Մյուս հայցով վարչապետը Կարապետյանից պահանջում է հերքել պնդումը, թե ինքը Կանադայում տուն ունի:
Երկու դեպքում էլ Փաշինյանը միլիարդատեր գործարարից 6-ական միլիոն դրամ է պահանջում՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի գումար։