Մատչելիության հղումներ

«Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ և մերժվել». Նիկոլ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիսի ժամանակ, 25-ը հունվարի, 2020թ․

«Հեղափոխությունից հետո Հրայր Թովմասյանն իր ծառայություններ է առաջարկել ինձ և մերժվել», - այսօր Կապանում հրավիրած ասուլիսում պատասխանելով «Ազատության» հարցին, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահի պնդումներին, թե դեռ ամիսներ առաջ իշխանություններն իրեն զգուշացրել են, որ հրաժարական չտալու դեպքում կհայտնվի մեղադրյալի կարգավիճակում։

Վարչապետի խոսքով՝ Հրայր Թովմասյանն օկուպացրել է Սահմանադրական դատարանը։

«2018 թվականից սկսած, մայիսից սկսած, մայիսից, սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո՝ ամենշաբաթյա ռեժիմով, հետո՝ ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանը իր ծառայություններն է առաջարկել ինձ, ասելով, որ «քանի որ ես եմ Սահմանադրության էս տեքստի հեղինակը, և ես Ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, և մենք կարող ենք իրար հետ անել չգիտեմ ինչեր, ինչեր, ինչեր»։ Եվ նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել ա համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա Սահմանադրական դատարան», - հայտարարեց Փաշինյանը։

«Կիսում եմ զարմանքը, թե ինչու այդ կոռումպացված պաշտոնյաները մինչև հիմա ազատության մեջ են»

Վարչապետն անդրադարձավ նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին` տարակուսանք հայտնելով, թե ինչու է միայն այդ հոդվածը: «Ես կիսում եմ ձեր և «168 ժամ» լրատվամիջոցի զարմանքը, թե ինչու այդ կոռումպացված պաշտոնյաները մինչև հիմա ազատության մեջ են։ Կիսում եմ և խոստովանում եմ, որ էդտեղ մենք ունենք պրոբլեմներ, և էդ պրոբլեմների մասին ես պարբերաբար զրույցներ եմ ունենում մեր իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ՝ ասելով, որ ես գոհ չեմ կոռուպցիայի դեմ պայքարի ծավալներից և որակից», - լրագրողի հարցին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ի դեպ, վարչապետը լսել էր Սարգսյանի ելույթը ԵԺԿ համագումարում. պաշտոնից հեռացված վարչապետը քննադատել էր իշխանություններին, ասել, թե ժողովրդավարությանը վտանգներ են սպառնում։

«Զագրեբում տեղի ունեցածը դուք ելույթ ե՞ք համարում», - հարց տվեց Փաշինյանը, լրագրողի դրական պատասխանից հետո շարունակելով․ - «Ես կհամարեի խղճահարության արժանի դրսևորում»։

«Հիբրիդային հեղաշրջման ողնաշարը ջարդել ենք»

Վարչապետը հաստատեց «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակումը, որ հեղաշրջման փորձ է նախապատրաստվել: Թեև հոդվածում նշվում էր Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անունը, Փաշինյանը կոնկրետ անուններ չտվեց` միայն նշելով, որ գործընթացում ներգրավված են եղել դատական համակարգի` այդ թվում Սահմանադրական դատարանի պաշտոնյաներ, կրիմինալ շրջանակներ: Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ ամիսներ առաջ Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը ամբողջությամբ չեզոքացրել են սպառնալիքը:

«Կա պատերազմ, հիբրիդային պատերազմ, էդպես էլ դա՝ հեղաշրջում և հիբրիդային հեղաշրջում, և մենք էդ հեղաշրջման ողնաշարը ջարդել ենք, և Հայաստանի Հանրապետությունում էդպիսի բան լինել ուղղակի չի կարող։ Ովքեր ուզում են էլի փորձել իրենց հոտառությունը, դուք գիտեք՝ նրանց հետ ինչ ա տեղի ունենալու, էլ չասեմ», - հայտարարեց վարչապետը և շարունակեց․ - «Հայաստանի շատ քաղաքացիներ, կամ քաղաքացիների 90 տոկոսը, ավելի տոկոսը, էդ վտանգը ո՛չ տեսել ա, ո՛չ նկատել ա, և դա ա ամենակարևորը»։

Միաժամանակ, ըստ Փաշինյանը, նույն շրջանակները հիմա էլ փորձում են Լեռնային Ղարաբաղում վերարտադրվել. - «Հիմա էլ տենց ջախջախված վիճակից, ոմանք հույս ունեն, որ այ «մեր վերջին շանսը»՝ Արցախի նախագահական ընտրությունները, որ բոլորի կողմից և ժողովրդի կողմից մերժված ինչ-որ մեկին ինչ-որ մանիպուլյացիայի արդյունքում դարձնել Արցախի նախագահ։ Բայց էդ էլ չի ստացվելու, որովհետև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարների և կառավարությունների, իշխանությունների համար այս սցենարը պարզ ա, այդ սցենարի սպառնալիքները ազգային անվտանգության համար պարզ ա, ու այդ սցենարը պարզ ա նաև Արցախի ժողովրդի համար»։

ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների պաշտոնակատարներից վարչապետն առայժմ գոհ է

Ուժային երկու կառույցների` Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության ղեկավարների պաշտոնակատարների համար Փաշինյանը փորձաշրջան է սահմանել մինչև մարտ, հետո կորոշի՝ նշանակել, թե ոչ: Առայժմ երկուսից էլ գոհ է․ - «Ժամկետը դեռ չի լրացել։ Էս պահի դրությամբ, այո, արդարացրել են, բայց ուզում եմ ճիշտ հասկանանք՝ էդ չի նշանակում, որ ես համարում եմ Ոստիկանության կամ Ազգային անվտանգության ծառայության աշխատանքը անթերի․ էս արձանագրենք։ Մինչև մարտ ամիս այդ կարգավիճակում լինելու ժամանակ կա, և այդ ժամկետում որոշումներ անհրաժեշտ կկայացվեն՝ ըստ բովանդակության», - ասաց պետության ղեկավարը։

Մինչև հեղափոխությունը բանակցություններ ընթացել են տարածքներ վերադարձնելու շուրջ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին խոսելիս Փաշինյանը մամուլից հրապարակում մեջբերեց, որում նշվում է այն ժառանգությունը, որն ինքը ստացել է Սերժ Սարգսյանից. մինչև հեղափոխությունը բանակցություններ ընթացել են տարածքներ վերադարձնելու շուրջ: Ասաց՝ թող հիմա Արցախի նախագահի թեկնածուներն ասեն` համաձա՞յն են այդ տարբերակին։

«Առաջարկում եմ և պնդում եմ, որ Արցախի նախագահի բոլոր թեկնածուները ասեն՝ սա իրենց համար ընդունելի՞ է, թե՞ ընդունելի չէ։ Սա կարևոր, չափազանց կարևոր շեշտադրում ա, որպեսզի շահարկումները վերանան։ Որովհետև երբ որ ես դարձել եմ վարչապետ, առաջարկ ա եղել, որ ես նույն կետից շարունակեմ բանակցային պրոցեսը, ինչ կետում ընդհատվել է Սերժ Սարգսյանի հեռանալով», - հայտարարեց Հայաստանի ղեկավարը։

Վարչապետը բացառում է կառավարման համակարգի փոփոխությունը

Սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը դատական բարեփոխումներն են: Նիկոլ Փաշինյանը բացառում է կառավարման համակարգի փոփոխությունը, վերադարձը կիսանախագահական համակարգին, ինչպես առաջարկել է Հայաստանի առաջին նախագահի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը:

«Կիսանախագահական համակարգը անպատասխանատու կառավարման համակարգ է։ Ես կարծում եմ, ընդհանրապես եթե․․․ էս տարբերակը Հայաստանի համար պետք ա բացառել։ Եթե գնում ենք տեսականորեն, պետք ա էս «կիսա-» որևէ բան մենք պետք ա չունենանք՝ մենք պետք ա ունենանք ամբողջական խորհրդարանական կառավարման համակարգ, կամ ամբողջական նախագահական կառավարման համակարգ, երբ որ նախագահը նաև Կառավարության ղեկավարն ա։ Իմ կարծիքը հետևյալն ա, որ մենք կառավարման համակարգ չպետք է փոխենք առնվազն էնքան ժամանակ, մինչև չենք համոզվել, որ էս կառավարական համակարգը մեզ համար պրոբլեմ է», - շեշտեց Փաշինյանը։

Ավելի քան հինգ ժամ տևած ասուլիսում վարչապետը ներկայացրեց իր կառավարման շրջանի հերթական 100 փաստերը, նշեց, որ 80-ականների զենքերի ամոթալի էջը փակված է` հիշեցնելով Սերժ Սարգսյանի հայտնի արտահայությունը, որ հաջորդել էր ապրիլյան պատերազմին: Փաշինյանի փոխանցմամբ՝ Հայաստանն աննախադեպ քանակի նոր զենք-զինամթերք է ձեռք բերել:

XS
SM
MD
LG