Մատչելիության հղումներ

Ռուս-ուկրաինական փոխադարձ հարվածներից զոհեր կան

Ռուսական ավիահարվածից ոչնչացված շինություն Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում, 27-ը հուլիսի, 2026թ․
Ռուսական ավիահարվածից ոչնչացված շինություն Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում, 27-ը հուլիսի, 2026թ․

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը նախօրեին ռուսական ուժերի բալիստիկ հրթիռային հարձակման է ենթարկվել, հայտնել են տեղական իշխանությունները, այլ շրջաններ օրվա ընթացքում ռմբակոծությունների են ենթարկվել, որի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը։

Ռուսական կողմից էլ հայտնել են, որ Մոսկվայի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքները նույնպես հարձակման են ենթարկվել, Գորլիվկայում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով չորս մարդ է զոհվել:

Դոնի Ռոստովում էլ գիշերը ուկրաինական օդային հարձակման հետևանքով զույգ է զոհվել, հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը: Նրա խոսքով՝ ևս հինգ մարդ վիրավորվել է, որոնցից երկուսի վիճակը ծանր է գնահատվում։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի փոխանցմամբ՝ Ռուսաստանը գիշերվա ընթացքում Ուկրաինայի ուղղությամբ յոթ բալիստիկ հրթիռ և 136 անօդաչու է արձակել:

Ուկրաինայի հյուսիսում գտնվող Չեռնիգով քաղաքում ռուսական ԱԹՍ-ն հարվածել է սուպերմարկետին, երկու մարդ է սպանվել, այդ թվում՝ 9-ամյա երեխա։ Հաղորդվում է 25 վիրավորի մասին։

«Սա ռուսական դիտավորյալ ահաբեկչություն է, որը ռազմական որևէ արդարացում չունի», - հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Խարկով քաղաքում էլ մեկ մարդ է զոհվել, տեղեկացրել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։

Զապորոժիե քաղաքում, որը վերջին ամիսներին ինտենսիվ ռմբակոծության է ենթարկվել, ավիառումբի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել, ևս վեցը՝ վիրավորվել են, հայտնել է մարզպետ Իվան Ֆեդորովը։

Զապորոժիեն՝ ռուսական հարվածներից հետո, հուլիսի 26,2026թ.
Զապորոժիեն՝ ռուսական հարվածներից հետո, հուլիսի 26,2026թ.

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ գիշերային հրթիռային հարձակումից հետո կենտրոնական թաղամասերից մեկի բազմահարկ բնակելի շենքի յոթերորդ և ութերորդ հարկերում հրդեհ է բռնկվել: Մայրաքաղաքում երեք մարդ է վիրավորվել, իսկ արտակարգ իրավիճակների ծառայության հրապարակած կադրերում կրակի մեջ հայտնված մեքենաներ են երևում։

Սլովյանսկում «Նաֆտոգազ» ազգային նավթագազային ընկերությունից փոխանցել են, որ ռուսական հարձակման հետևանքով երկու աշխատակիցներ են զոհվել, երբ փորձել են օգնել ավելի վաղ տեղի ունեցած հարվածից տուժած բնակիչներին:

Ուրբաթ օրը նախագահ Զելենսկին զգուշացրել էր, որ առաջիկա 48 ժամերին ռուսական հարձակումների հավանականություն կա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
XS
SM
MD
LG