Ուկրաինայի հակամարտությունը սառեցնել հնարավոր չէ՝ հաշվի առնելով Ուկրաինայի կառավարության դիրքորոշումը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությանը, թե հակամարտությունը կարելի է սառեցնել։
Պեսկովի խոսքով՝ Կիևի դիրքորոշման պատճառով «սառեցումը, որպես այդպիսին, անհնար է»։
«Մենք ունենք մեր առանցքային նախապայմանը․ պետք է հասնենք մեր նպատակներին», - ընդգծել է նա։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Օմսկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Ուկրաինայում պատերազմը հնարավորինս շուտ դադարեցնելու օգտին է խոսել՝ նշելով, որ դրա շարունակումը ձեռնտու է միայն՝ «ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ուկրաինական պետության հակառակորդներին», առանց հստակեցնելու, թե ում նկատի ունի։
Տոկաևի կարծիքով՝ հակամարտության էությունը լիովին հասկանալի չէ շատերի, այդ թվում՝ Աստանայի համար։ Ռուս-ուկրաինական խնդիրը նա հակադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետ, որը, նրա նկարագրմամբ, հստակ պատմական արմատներ ուներ։