«Ուժեղ Հայաստանից» ահազանգում են՝ Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ։ Դեպքը հանձնաժողովի կողմից արձանագրվել է:
Թիվ 9/51 ընտրատեղամասի մի անկյունում բաց դրված են քվեաթերթիկները: Տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամի մեկնաբանմամբ՝ դա պայմանավորված է տեսախցիկների հսկողությամբ:
Թիվ 9/51 ընտրատեղամասում առկա են անհամապատասխանություններ. 3 սարքի կտրոններն էլ չեն համապատասխանում մատյանի թվերին՝ ընտրողների անուններին ու համապատասխան համարները չեն համընկնում:
Այս ընտրատեղամաս եկած քաղաքացիներին տպող սարքի տրամադրած թվի դիմաց գրված է այլ մարդկանց անուն ազգանուն:
Ընտրությունների մեկնարկից 38 րոպե անց որոշվեց՝ այն մարդիկ, ովքեր արդեն կտրոն քաշել են, պարզապես մատյանում գտնեն նրանց անուն ազգանունները, որպեսզի կարողանան քվեարկել: Թվերի և անուն ազգանունների անհամապատասխանությունը դեռևս չի կարգավորվել:
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում` իններորդ անգամ։
Ըստ օրենքի, նորընտիր Ազգային ժողովում պետք է առնվազն 101 պատգամավոր լինի և ամենաքիչը երեք քաղաքական ուժ։ Այդ մանդատների համար մրցապայքարի են դուրս եկել 16 կուսակցություն ու 2 դաշինք։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է 4, իսկ դաշինքներին՝ առնվազն 8 տոկոս քվե։
Թե ի վերջո ովքեր կհաղթահարեն այս արգելապատնեշը, պարզ կլինի ամենայն հավանականությամբ կեսգիշերն անց, երբ կամփոփվեն բոլոր՝ 2005 ընտրատեղամասերի արդյունքները։ Ըստ ԿԸՀ-ի՝ ընտրական իրավունք ունի 2 միլիոն 505 հազար 102 անձ։
Ազգային ժողովի ընտրությունների համար հավատարմագրվել է 13 տեղական դիտորդական առաքելություն՝ ընդհանուր 2 672 դիտորդով։ ԿԸՀ-ի հրապարակած ցանկի համաձայն՝ ամենամեծ առաքելություններից են «Ականատես» դիտորդական առաքելությունը՝ 785 դիտորդ, «Անկախ դիտորդ»-ը՝ 752 դիտորդ, «Երիտասարդական ակումբների դաշնություն»-ը՝ 368 դիտորդ, «Համայնքի երիտասարդներ» ՀԿ՝ 315 դիտորդ: Ինչպես նաև 8 միջազգային դիտորդական առաքելություն։
Երկրի ողջ տարածքում ընտրատեղամասերը կբացվեն ժամը 08:00-ին, հնարավոր է քվեարկել մինչև 20:00-ն: