Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց, որ Գլխավոր դատախազությունը մեղադրանք առաջադրի նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին: Փաստաբան Արամ Օրբելյանը հայտնեց՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով:
Դատախազությունն առայժմ չի բացահայտել, թե ինչ հոդվածով են ցանկանում մեղադրանք առաջադրել խորհրդարան անցած ընդդիմադիր դաշինքի առաջնորդին:
Նիստից առաջ գործից որոշ մանրամասներ փոխանցեց փաստաբան Արամ Օրբելյանը, այն, ըստ նրա, վերաբերում է 2004 թվականին, այսինքն՝ Քոչարյանի նախագահության ընթացքում կառավարության մի որոշմանը ու դրան հաջորդած գործարքներին: «Այս գործընթացում որևէ կրիմինալ չկա», - վստահեցրեց փաստաբանը:
ԿԸՀ-ն այսօր քննարկում է «Հայաստան» դաշինքի պատգամավորի երեք թեկնածուներին, այդ թվում՝ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, և «Ուժեղ Հայաստան»-ի երկու թեկնածուներին վերաբերող դատախազության միջնորդությունները: Հինգից միայն Հայաստանի երկրորդ նախագահին ազատությունից զրկելու միջնորդություն չի ներկայացվել: