Մատչելիության հղումներ

Ընտրությունների արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումներով գործերը միավորել են և քննվելու են ՍԴ հունիսի 26-ի նիստում

Սահմանադրական դատարանի նիստ, արխիվ
Սահմանադրական դատարանի նիստ, արխիվ

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը:

Սահմանադրական դատարանը հաղորդում է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումներով գործերը միավորել են և քննվելու են դատարանի նույն նիստում՝ հունիսի 26-ին:

Բարձրագույն դատարանը ««Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներիի, «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Բարգավաճ Հայաստան», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունների և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա`Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը քննության է ընդունել այսօր կայացած աշխատակարգային նիստում:

«Հաշվի առնելով, որ նշված գործերը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի՝ նշված գործերը միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում, որը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը, միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով», - ասված է ՍԴ հաղորդագրությունում:

Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։

Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ բարձրագույն դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրությունների արդյունքների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, կա՛մ անվավեր ճանաչելով այն՝ երեք հնարավոր որոշում կայացնի. առաջին՝ «անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները», երկրորդ՝ «անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման կարգը», և երրորդ՝ «նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG