Մատչելիության հղումներ

ՍԴ-ն մերժեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները՝ ուժի մեջ թողնելով ԿԸՀ որոշումը

Սահմանադրական դատարանը մերժեց ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումներն ու ուժի մեջ թողեց հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկում էին քաղաքական 7 ուժեր, այդ թվում՝ խորհրդարան անցած «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքներն ու մի քանի տասնյակ ձայնով դուրս մնացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ՍԴ-ի որոշման հրապարակումից հետո «Ազատությանն» ասաց՝ «Արդարադատությունը հաղթեց»:

ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց.- «Սահմանադրական դատարանն ուներ պատմական հնարավորություն անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: Մենք ունեինք մի ունիկալ իրավիճակ, երբ մանդատներ ստանալ կամ չստանալու հանգամանքը կախված է եղել բացառապես ԿԸՀ-ի կողմից ընդունված որոշմամբ: Ակնհայտ է, որ դատական նիստի շրջանակում ներկայացված ապացույցների նյութերի ուսումնասիրությամբ միանշանակ էր, որ առնվազն ԲՀԿ-ն պետք է ստանար մանդատներ: Սա այն դեպքն էր, որ բոլորը տեսան, ցավոք սրտի, Սահմանադրական դատարանը մասնակից եղավ կամ առնվազն չկանգնեցրեց ձայնագողությունը: ԿԸՀ-ն զրկեց ՀՀ քաղաքացիներին ունենալ ռեալ պառլամենտարիզմ, որտեղ իշխող ուժը պարտավոր էր լինելու կոնսենսուսի գնալ, փորձել, բանակցել, քննարկել ընդդիմադիր ուժերի հետ մի շարք որոշումներ»:

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասաց. «Սահմանադրության օրվան ընդառաջ արձանագրվեց, որ Հայաստանում կա Սահամանադրություն, կա Սահմանադրական դատարան, բայց չկա սահմանադրականություն, չկա սահմանադրական արդարադատություն: Սահմանադրական արդարադատության համար առաջնայինն, իհարկե, Սահմանադրական դատարանի կազմի լեգիտիմության խնդիրն էր, որը, ցավոք, չհաղթահարվեց»:

Հարցին, թե Բարձր դատարանի վրա քաղաքական ազդեցություն եղե՞լ է, թե ոչ, Վարդևանյանը պատասխանեց.- «Բարձր դատարանի դատավորներից մեկի նույնիսկ հարցադրումները քաղաքական իշխանության խոսույթից էին, հետևությունները թողնում եմ ձեզ»:

Այսպիսով՝ 9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 64 մանդատով, «Ուժեղ Հայաստանը»՝ 29 մանդատով և «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատով:

Ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը մասնակցել են ՍԴ 9 դատավորներից 7-ը: Սահմանադրական դատարանի որոշմամբ դատավորներ Վլադմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցել դիմումների քննությանը: Ըստ ավելի վաղ հրապարակված փաստաթղթի՝ Վարդանյանի և Զեյնալյանի մասնակցությունը գործի քննությանն անհնարին էր, քանի որ նրանք «կանխակալ վերաբերմունք ունեն» դատավարության կողմերի նկատմամբ:

ՍԴ դիմած քաղաքական ուժերը մի քանի օր տևած դատաքննության ժամանակ պնդում էին՝ Բարձր դատարանը պետք է անվավեր ճանաչի ընտրությունները, քանի որ «ընտրական ամբողջ գործընթացում արձանագրվել են խախտումներ՝ վարչական ռեսուրսից մինչև ընտրակաշառք»:

Մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ԲՀԿ ներկայացուցիչներն իրենց դիմումում և նաև դատավարության օրերին անդրադարձել էին նաև կուսակցության՝ անցողիկ շեմը չհաղթահարելու խնդրին: ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել երկու տեղամասերի արդյունքները, «Բարգավաճ Հայաստանը» ձայներ կորցրեց ու չհաղթահարեց անցողիկ 4 տոկոսի շեմը:

ԿԸՀ նախագահը հայտարարել էր, որ արձանագրված խախտումները չեն ազդել արդյունքի վրա:

Սահմանադրական դատարանը մի քանի ժամ նաև փակ ռեժիմով քննություն էր անցկացրել՝ քննության առարկան գաղտնի փաստաթղթերն էին, որոնց շարքում են ինչպես քարոզարշավի ժամանակ ընդդիմադիրների դեմ հարուցված քրեական վարույթները, այնպես էլ՝ այսպես կոչված գաղտնի ցուցակի հետ կապված հարցերը: Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի փաստաբանն ասել էր, որ իրենց բարձրացրած հարցը վերաբերում էր ընտրողների թվի տարբերությանը:

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը «Ազատությանն» ասել էր՝ նման տարբերություն չկա:

Դատարանում երրորդ կողմ ճանաչված «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որ համակարծիք էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ, իր եզրափակիչ ելույթում ընդգծել էր՝ դիմումատուները չեն ներկայացրել ապացույցներ, որ խախտումներն իրականում տեղի են ունեցել կամ այն չափով են տեղի ունեցել, որ ազդել են ընտրական արդյունքի վրա։

Ընտրակաշառքի մասին նաև հայտարարել էին ՔՊ ներկայացուցիչները ու հավելել՝ ընդդիմության կողմից քարոզարշավի ընթացքում բաժանված ընտրակաշառքը, բարեբախտաբար, չի ազդել քվեարկության պատկերի վրա:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG