Մատչելիության հղումներ

ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումները

Լրացված

Սահմանադրական դատարանում մեկնարկել է ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական յոթ ուժերի դիմումների քննությունը:

Ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը մասնակցում են ՍԴ 9 դատավորներից 7-ը, այդ թվում՝ Սեդա Սաֆարյանը:

Ավելի վաղ «Հայաստան» դաշինքից դիմում էին ներկայացրել բարձր ատյան, որպեսզի դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունն այսօր մեկնարկելիք դատավարությանը ճանաչվի անհնարին՝ կողմնակալության հիմքով: Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը:

Սեդա Սաֆարյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդգրկված էր «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակում:

Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ևս Սահմանադրական դատարանում բողոքարկում է ընտրությունների արդյունքները, իսկ 2021-ին Բաբաջանյանը Սաֆարյանի հետ նույն դաշինքում էր:

Սահմանադրական դատարանի որոշմամբ դատավորներ Վլադմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցում դիմումների քննությանը:

Ըստ ավելի վաղ հրապարակված փաստաթղթի՝ Վարդանյանի և Զեյնալյանի մասնակցությունը գործի քննությանն անհնարին է, քանի որ նրանք «կանխակալ վերաբերմունք ունեն» դատավարության կողմերի նկատմամբ:

Փաստաբան Արամ Օրբելյանը միջնորդեց, որպեսզի գործի քննությունը շարունակվի ամբողջ կազմով. «Սահմանադրությունը երաշխավորում է Սահմանադրական դատարանի կողմից գործի քննություն, Սահմանադրական դատարանը համապատասխանաբար ունի 9 անդամ, 9 անդամի քանակի փոփոխությունը, որը նախատեսված է Սահմանադրական օրենքով, բայց չի նախատեսված Սահմանադրությամբ, առաջացնում է մի իրավիճակ, որ գործի քննությունը հիմա իրականացվում է ոչ թե Սահմանադրական դատարանի կողմից, այլ Սահմանադրական դատարանի կրճատված կազմի կողմից, ինչն առաջացնում է որոշակի խնդիր՝ որոշումների ընդունման կառուցակարգի հետ կապված»:

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը

Դատավարությանը հիմնական պատասխանող է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որպես երրորդ անձ մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիրը», հարակից պատասխաններով հանդես կգան դատախազության, ներքին գործերի նախարարության և հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները:

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը միջնորդեց կասեցնել գործի քննությունը՝ պատճառաբանելով, որ Վարչական դատարան են դիմել, մինև այդ գործի քննության ավարտը. «Խնդրում ենք կասեցնել սույն միավորված գործի վարույթը մինչև Վարչական դատավարության կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի թիվ 258 Ա որոշման վիճարկման հայցով վարչական գործի քննության ավարտը»:

Դատավոր Սեդա Սաֆարյանի անկողմնակալության հարցը բարձրացվեց

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն էլ հայտնեց, որ Սահմանադրական դատարանի կազմի իրավազորության վերաբերյալ խնդիր կա. «Ես գտնում եմ՝ այն կազմը, որը ներկայումս ներկայացված է բարձր դատարան՝ լեգիտիմության խնդիր ունի»:

Ըստ Վարդևանյանի՝ Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինության քննարկմանը որևէ դատավոր կողմ չի եղել, այդ թվում՝ հարցը բարձրացրած Դավիթ Խաչատուրյանը:

Խաչատուրյանը հաստատեց, որ ինքն է առաջարկել անհնարինության հարց քննարկել: Արամ Վարդևանյանը նաև Խաչատուրյանի չմասնակցության հարցն էր բարձրացնում. «Պարոն Խաչատուրյանը հանդիսանում է սույն գործի շրջանակում որպես երրորդ անձ ներգրավված Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնաթող նախագահի հարազատ եղբայր: Արդյոք այդ հանգամանքը կաշկանդելու է, թե ոչ, արդյոք անաչառ դիտորդի տեսանկյունից մտահոգություն կառաջացնի, թե ոչ, հատկապես, երբ երրորդ անձ ներգրավված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու, վարչության նախագահի առնվազն չհերքված տվյալների համաձայն sms հաղորդագրության շրջանակում է հրաժարականի դիմում ներկայացրել: Արդյոք սա մտահոգվելու առիթ է, թե ոչ, արդյոք սա լեգիտիմության տեսանկյունից անհանգստություն առաջացնող է, թե ոչ, կրկին թող գնահատի բարձր դատարանը»,- իր միջնորդությունում նշեց Վարդևանյանը:

ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանն ասաց. «Տիկին Սաֆարյանին ես հարց եմ տվել՝ արդյոք նա իրականացրել է կուսակցական գործունեություն, պատասխանը եղել է՝ ոչ»: Իսկ Վլադիմիր Վարդանյանի ու Արտակ Զեյնալյանի դեպքում, ըստ Խաչատուրյանի, դա ակնհայտ է եղել:

Անդրադառնալով իր և Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին ղեկավար Սասուն Խաչատրյանի հարազատական կապին, դատավոր Դավիթ Խաչատուրյանն ասաց. «Եթե ընդունենք, որ Հանրապետության վարչապետի անձի կողմից է պաշտոնաթող է եղել իմ եղբայրը, ապա ստացվում է, որ ես այդ լավության տակից դուրս գալու համար, որ եղբորս հանել է գործից, պետք է այսպես ասած դրական վերաբերմունք ունենամ այդ անձի նկատմամբ, ինձ թվում է այստեղ տրամաբանություն չկա: Ես իմ անհնարինության հարց չեմ բարձրացնի»:

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հարցրեց՝ որևէ դատավորի մասնակցության անհնարինության հարց որևէ դատավոր բարձրացնո՞ւմ է: Ոչ մեկը չբարձրացրեց և հարցը փակվեց: Ո՛չ Սեդա Սաֆարյանի, ո՛չ Դավիթ Խաչատուրյանի մասին հայտարարություն չհնչեց:

Օրբելյանի միջնորդությունը մերժվեց

Սահմանադրական դատարանը քաղաքական ուժերի դիմումների քննությունը շարունակեց 7 հոգանոց կազմով՝ մերժելով ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանի՝ ամբողջական՝ 9 հոգանոց կազմով քննությունը շարունակելու միջնորդությունը:

Սահմանադրական դատարանի նախագահն իր խոսքում նշեց.- «Կշեռքի վրա դրված էր հետևյալ հարցը. կա՛մ մենք քննում ենք ոչ լիարժեք կազմով՝ դրանից բխող բոլոր դժվարություններով, մյուս կողմից դատարանի լեգիտիմության հետ կապված մտահոգություններով: Այս երկուսի մեջ օրենքը և տրամաբանությունը պահանջում է, որ նախապատվությունը տրվի առաջինին»:

Այնուհետև «Ուժեղ Հայաստան» դաշինքը սկսեց ներկայացնել իր դիմումը:


Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ստորև.

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG