Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Ռուսլան Բարսեղյանին ու Ասատուր Քոչարյանին, «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Աշոտ Եղիազարյանին մեղադրանք առաջադրելուն ու ազատությունից զրկելու համաձայնություն է տվել:
ԿԸՀ-ն երեկվանից է քննարկում «Հայաստան» դաշինքի ու «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներին վերաբերող դատախազության միջնորդությունները: Նախօրեին ԿԸՀ-ն համաձայնություն տվեց «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու և «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ թե՛ մեղադրանք առաջադրելու, թե՛ ազատությունից զրկելու դատախազության միջնորդություններին։
Բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի, դատախազությունը մյուս 4 թեկնածուների՝ Ռուսլան Բարսեղյանի, Ասատուր Քոչարյանի, Աշոտ Եղիազարյանի և Դավիթ Ղազինյանի նկատմամբ ոչ միայն մեղադրանք առաջադրելու միջնորդություններ է ներկայացրել, այլև՝ ազատությունից զրկելու: