Մատչելիության հղումներ

Արդյո՞ք Թրամփը կարող է արագ հաղթանակ տանել Իրանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթ, Մայամի, Ֆլորիդա նահանգ, 7-ը մարտի, 2026թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթ, Մայամի, Ֆլորիդա նահանգ, 7-ը մարտի, 2026թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը կարող է շուտով ավարտվել՝ լավատեսական գնահատական տալով պատերազմին, որը լարվածություն է առաջացրել տարածաշրջանում ու անկայունություն՝ համաշխարհային էներգետիկ շուկաներում։

Մարտի 9-ին Ֆլորիդայի իր գոլֆ ակումբում լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ պատերազմը «շուտով կավարտվի», հստակ ժամանակացույց, սակայն, չի ներկայացրել, ինչից կարելի է ենթադրել, որ գործողությունները կարող են շարունակվել նաև հաջորդ շաբաթ։

«Մենք կարող ենք կանգնել այստեղ, բայց մենք ավելի հեռու ենք գնալու», - ասել է նա՝ պնդելով, որ ամերիկյան միջամտությունը խանգարել է Իրանին «գրավել Մերձավոր Արևելքը»։

Նախագահի լավատեսության ֆոնին Վաշինգտոնում բանավեճ է սկսվել հակամարտության նպատակների, ինչպես նաև ծախսերի և հնարավոր զարգացումների շուրջ։

Պատերազմ վարելու այլ ձև՞

Ալեքսանդր Գրեյը, ով Թրամփի առաջին վարչակազմի օրոք աշխատել է Ազգային անվտանգության խորհրդում, «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ նախագահը կարծես մարտահրավեր է նետում ռազմական միջամտության վերաբերյալ պատկերացումների այն շրջանակին, որը ձևավորվել էր Միացյալ Նահանգներում 2003-2011 թվականների Իրաքյան պատերազմից ի վեր։

Ըստ Գրեյի՝ ամերիկացի քաղաքական գործիչները հաճախ իրենց ընտրությունը երկու հանգամանքներով են պայմանավորել. կա՛մ իրականացնել ցամաքային ուժերի լայնածավալ տեղակայում՝ երկարաժամկետ պետականաշինական ջանքերի հետ մեկտեղ, կա՛մ ընդհանրապես խուսափել ռազմական գործողություններից։

«Միացյալ Նահանգները կարող է իրականացնել սահմանափակ տևողությամբ թիրախային, վիրահատական հարվածներ՝ հասնելով ազգային նպատակների», - ասել է Գրեյը։

Նա հավելել է, որ եթե նման մոտեցումը հաջողվի Իրանում, դա կարող է «հսկայական աշխարհքաղաքական վերելք» բերել Միացյալ Նահանգներին և նրա գործընկերներին։

Պատերազմի խոսույթի ճշգրտում

Այլ վերլուծաբաններ ավելի թերահավատ են վարչակազմի ուղերձների նկատմամբ։

Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Փոլ Փոաստը «Ազատություն» ռադիոկայանին ասել է՝ Սպիտակ տնից եկող հակասական ազդանշանները հուշում են, որ պաշտոնյաները փորձում են միաժամանակ երկու բանի հասնել՝ հանգստացնել շուկաները և պատերազմի ընթացքը ներկայացնել որպես հաջողված։

Միևնույն ժամանակ, Փոաստը նշել է, որ վարչակազմի հռետորաբանությունը իր նպատակների վերաբերյալ կարծես փոխվել է։ Ռեժիմի փոփոխության կամ Իրանին միջուկային զենք ձեռք բերելուց մշտապես զերծ պահելու վերաբերյալ սկզբնական շրջանի հայտարարությունների փոխարեն գնալով ավելի ու ավելի հաճախ են հնչում առավել նեղ նպատակների մասին հայտարարություններ, ինչպիսին է Իրանի հրթիռային ներուժի և ռազմածովային ուժերի ոչնչացումը։

Փոաստի խոսքով՝ այս ճշգրտումը կարող է թույլ տալ վարչակազմին ինչ-որ պահի ավարտել ատերազմն ու պնդել, որ հասել են իրենց նպատակին, նույնիսկ եթե Իրանի քաղաքական ղեկավարությունը շարունակի մնալ իշխանության գլուխ։

Թափ առնող բանավեճ Կոնգրեսում

Մինչ Սպիտակ տունը խոսում է ռազմական հաջողությունների մասին, Կապիտոլիումում թափ է առնում պատերազմի շուրջ քաղաքական բանավեճը։

Դեմոկրատների մի խումբ խոստացել է օգտագործել ընթացակարգային գործիքներ՝ Սենատի աշխատանքները դանդաղեցնելու համար, քանի դեռ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները երդման տակ վկայություն չեն տվել հակամարտության վերաբերյալ։

Նյու Ջերսիից դեմոկրատ Քորի Բուքերը մարտի 9-ին հայտարարել է, որ օրենսդիրները ցանկանում են լսումներ անցկացնել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ Սենատի հիմնական հանձնաժողովներում՝ վարչակազմի ռազմավարության, ռազմական գործողությունների սպասվող տևողության և դրանց արժեքի վերաբերյալ բացատրություններ ստանալու նպատակով։

Դեմոկրատ սենատորներ, այդ թվում՝ Կոնեկտիկուտից Քրիս Մերֆին, Վիրջինիայից Թիմ Քեյնը, Իլինոյսից Թեմի Դաքվորթը, Կալիֆորնիայից Ադամ Շիֆը և Վիսկոնսինից Թեմի Բոլդուինը, ներկայացրել են մի քանի բանաձևեր, որոնք ուղղված են Միացյալ Նահանգների՝ հակամարտությունում ներգրավվածության դադարեցմանը՝ համաձայն «Պատերազմական լիազորությունների մասին» օրենքի, որը երկարատև ռազմական գործողությունների համար պահանջում է Կոնգրեսի հաստատում;

Սենատի նիստում Իլինոյսից դեմոկրատ Դիք Դըրբինը զգուշացրեց, որ այս հակամարտությունում հնարավոր է կրկնվեն Իրաքյան պատերազմի սխալները, նկատելով, որ վարչակազմն առաջարկում է ռազմական գործողությունների համար փոփոխական հիմնավորումներ և չունի հստակ, երկարաժամկետ ռազմավարություն։

Հանրապետականները համախմբվում են նախագահ Թրամփի շուրջ

Շատ հանրապետականներ, սակայն, վճռականորեն պաշտպանել են Թրամփի ՝ ռազմական գործողությունները սկսելու որոշումը;

Սենատի նիստում ունեցած ելույթում Զինված ուժերի հանձնախմբի նախագահ, Միսիսիպիից հանրապետական Ռոջեր Ուիքերը պնդեց, որ քննադատներն անարդարացիորեն են կասկածի տակ դնում Թրամփի՝ Իրանին հարվածելու որոշումը։

Ըստ Ուիքերի, վարչակազմը հստակորեն ուրվագծել է իր նպատակները՝ ոչնչացնել Իրանի հրթիռային զինանոցը, վերացնել հրթիռներ արտադրելու նրա կարողությունը, չեզոքացնել զինյալ խմբավորումներին աջակցելու համար օգտագործվող ռազմածովային ուժերը և կանխել Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։

Ուիքերը նաև մատնանշում է ռազմական գործողությունների արդեն իսկ ձեռք բերված հաջողությունները՝ Իրանի հակաօդային պաշտպանությունը և հրթիռային համակարգերն արդեն լրջորեն վնասված են, իրանական ռազմածովային ուժերը դուրս են մղվել Օմանի ծոցից։

«Սա պարտադիր չէ, որ հավերժական պատերազմ լինի», - ասաց Ուիքերը՝ հավելելով․- «Սա աննպատակ զործողություն չէ Մերձավոր Արևելքում»։

Ինչին ուշադրություն դարձնել հաջորդիվ

Ըստ Սենատի հանրապետական և դեմոկրատ օրեսդիրների օգնականների, որոնք անանուն մնալու պայմանով զրուցել են «Ազատություն» ռադիոկայանի հետ, առաջիկա օրերին մի քանի զարգացում կարող է ակնհայտ դարձնել՝ արդյոք հակամարտությունն իսկապես մեղմանում է, թե մտնում է նոր փուլ։

Հիմնական նշաններից մեկը կլինի մարտական գործողությունների օպերատիվ տեմպը։ Ամերիկյան օդային հարվածների դանդաղումը կամ խոցված իրանական անօդաչու թռչող սարքերի քանակի նվազումը կարող է հուշել, որ Վաշինգտոնը կարծում է, թե մեծ մասամբ հասել է իր հիմնական ռազմական նպատակներին։

Մեկ այլ գործոն կլինի Իրանի արձագանքը։ Իրանի կամ նրա տարածաշրջանային դաշնակիցների կողմից հրթիռային կամ անօդաչու թռչող սարքերի շարունակական հարձակումները կնշանակեն, որ Թեհրանը դեռևս պահպանում է մարտական գործողություններ շարունակելու ունակությունը և պատրաստակամությունը, ինչը կարող է երկարաձգել հակամարտությունը ։

Վերջապես, վերլուծաբանները նշում են՝ եթե Իրանի ռազմական ենթակառուցվածքների դիմակայունության գնահատման արդյունքում պարզվի, որ ամերիկյան հարվածները զգալիորեն քայքայել են Իրանի հրթիռային արտադրությունը, ռազմածովային ակտիվները և օդային պաշտպանությունը՝ նպատակներ, որոնք ընդգծվել են սենատոր Ուիքերի կողմից, ապա վարչակազմը կարող է պնդել, որ հասել է անվտանգության ոլորտում իր հիմնական ծրագրին՝ առանց երկարատև ռազմական գործողությունների։

Հարցը մնում է այն, թե արդյոք Վաշինգտոնը կպահպանի գործողությունների սահմանափակ շրջանակը, որը Թրամփի առաջին վարչակազմի օրոք Ազգային անվտանգության խորհրդում աշխատած նախկին պաշտոնյա Գրեյը անվանել է ռազմավարության կենտրոնական բաղադրիչ։ Եթե ամերիկյան գործողությունները շարունակեն կենտրոնանալ թիրախային հարվածների վրա, այլ ոչ թե ավելի լայն էսկալացիայի կամ ցամաքային ներխուժման, դա կամրապնդի վարչակազմի այն փաստարկը, որ կարճատև, կենտրոնացված ռազմական գործողությունները կարող են հասնել ռազմավարական նպատակների՝ առանց վերածվելու ավելի երկարատև առճակատման։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


XS
SM
MD
LG