ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կարող է «շուտով» ավարտվել, պնդելով, որ «գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու»։
Ամերիկյան Axios լրատվական կայքին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփն ասել է, որ պատերազմը «հիանալի է ընթանում», և ամերիկյան ուժերը ավելի շատ վնաս են պատճառել, քան ի սկզբանե ակնկալվում էր։
«Մենք ժամանակացույցից շատ առաջ ենք անցել։ Մենք ավելի շատ վնաս ենք հասցրել, քան հնարավոր էինք համարում նույնիսկ սկզբնական վեցշաբաթյա ժամանակահատվածում», - պնդել է Միացյալ Նահանգների նախագահը։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, մինչդեռ, այսօր պնդել է, թե պատերազմը կշարունակվի «առանց որևէ ժամանակային սահմանափակման» և «այնքան, որքան անհրաժեշտ է», քանի դեռ չեն հասել իրենց նպատակներին։
Մինչ այդ՝ երեկ, ամերիկյան հետախուզությունը, ըստ Axios-ի, տեղեկություն է ստացել, որ Իրանը սկսել է ականապատել Հորմուզի նեղուցը, որտեղով փոխադրվում է աշխարհում ամեն օր սպառվող նավթի մոտ 20 տոկոսը:
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ տեղում ականներ տեղադրող իրանական 16 նավ են ոչնչացրել։