Մատչելիության հղումներ

Նավթը կտրուկ թանկանում է՝ ստիպելով G7-ին հրատապ հավաք անցկացնել

Մեկ բարելը՝ ավելի քան 110 դոլար․ այս գնով նավթը համաշխահային շուկայում վերջին անգամ վաճառվել էր 2022-ին, երբ Ռուսաստանը պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ։ Երեկ գիշեր ռեկորդը կրկնվեց, երբ Իրանում սպանված Ալի Խամենեիի փոխարեն Գերագույն առաջնորդ ընտրեցին նրա որդուն՝ ակնհայտ դարձնելով, որ Թեհրանը իր կոշտ քաղաքական կուրսը փոխելու մտադրություն չունի՝ չնայած Իսրայելի ու Միացյալ Նահանգների հարվածներին։ Կրտսեր Խամենեիի ընտրությունից հետո՝ մի քանի ժամվա ընթացքում, ոչ միայն նավթի գները բարձրացան, այլև անկում սկսվեց ֆոնդային շուկաներում՝ ստիպելով աշխարհի 7 ամենամեծ տնտեսությունն ունեցող պետություններին այսօր երեկոյան արտահերթ նիստ հրավիրել։

«Եթե արագ և արդյունավետ քայլեր չձեռնարկվեն, վառելիքն ու ապրանքները կթանկանան ոչ միայն հակամարտության գոտում, այլև ողջ աշխարհում», - պնդում են տնտեսագետները՝ փաստելով, որ վառելիքի տարանցման համար առանցքային նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ:

Աշխարհին մատակարարվող էներգիայի մեծ մասը՝ նավթ, նավթամթերք, բնական գազ, անցնում է Իրանի հարավում գտնվող Հորմուզի նեղուցով։ Նավթի դեպքում՝ աշխարհին մատակարարվող վառելիքի մոտ 20 տոկոսն է ամեն օր այստեղով հոսում՝ այս նեղ երակը դարձնելով կենսական համաշխարհային տնտեսության համար։

«Իրանցիները ակնհայտորեն փորձում են թիրախավորել էներգետիկայի և նավթի հետ կապված ենթակառուցվածքները՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների շեմին կտրուկ գնաճ առաջացնելու համար», - բացատրում է էներգետիկայի գծով մասնագիտացած Kpler ընկերության ավագ փորձագետ Նավին Դասը, հավելելով՝ փաստացի, այս պահին իրանցիները Ամերիկայի հարվածները կանգնեցնելու միայն մեկ զենք ունեն՝ նավթի և էներգակիրների կտրուկ գնաճը։

Միացյալ Նահանգների նախագահը, մինչդեռ, երեկ պնդել է՝ վառելիքի թանկացումը ժամանակավոր է, և դա նվազագույնն է, որ ամերիկացիներից պահանջվում է՝ շատ ավելիին հասնելու համար։

«Նավթի գներն արագորեն կնվազեն, երբ Իրանի միջուկային սպառնալիքի ոչնչացումն ավարտվի, և սա շատ փոքր գին է ԱՄՆ-ի և աշխարհի անվտանգության և խաղաղության դիմաց։ ՄԻԱՅՆ ՀԻՄԱՐՆԵՐԸ ԿՄՏԱԾԵՆ ԱՅԼ կերպ», - սոցիալական ցանցում գրել է Դոնալդ Թրամփը:

Չնայած այս հավաստիացումներին՝ երկրորդ օրն է՝ ոչ միայն նավթի, այլև բենզինի գները շարունակում են բարձրանալ, այդ թվում՝ Եվրոպայում ու Միացյալ Նահանգներում։

«Իրավիճակը կարող է է՛լ ավելի սրվել, եթե այս պատերազմի հետևանքով նաև նավթավերամշակման ու արտահանման օբյեկտները տուժեն․ դրանց հասցված վնասի վերականգնումը շատ ավելի երկար ժամանակ կպահանջի», - Ռոյթերզին ասել է
Nordea Market վերլուծական կենտրոնի փորձագետ Թինա Մարգարեթ Սալվեդթը, - «Կարծում եմ՝ դա մեծապես կհարվածի թե՛ տնային տնտեսություններին, թե՛ արդյունաբերություններին, թե՛ ավիաընկերություններին։ Չնայած Մերձավոր Արևելքից նավթի և նավթամթերքի մեծ մասը արտահանվում էր Ասիա կամ Չինաստան, բացասական հետևանքները կզգանք ավելի համընդհանուր՝ միջազգային գների վրա»։

Հետևանքները մեղմելու համար, ըստ Financial Times-ի , համաշխարհային համախառն ներքին արդյունքի 50 տոկոսից ավելին տնօրինող Մեծ յոթնյակի երկրները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը և Կանադան այսօր երեկոյան հրատապ նիստ կանցկացնեն՝ Միջազգային էներգետիկ գործակալության հետ, որը ստեղծվել է հենց նման արտակարգ իրավիճակներում էներգետիկ ճգնաժամերից խուսափելու համար։

Ըստ լրատվամիջոցների, ամերիկացի պաշտոնյաները գործընկերներին առաջարկում են միջազգային շուկա բաց թողնել 300-ից 400 միլիոն բարել նավթ՝ պահուստային ֆոնդի 25-35 տոկոսը։ Միջազգային էներգետիկ գործակալությունը նման քայլի վերջին տարիներին մեկ անգամ արդեն դիմել է՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մեկնարկից հետո շուկա արտահանելով 240 միլիոն բարել նավթ, որի կեսը տրամադրել էր Միացյալ Նահանգները։ Նոր ներարկմանը, ըստ FT-ի համաձայն են Մեծ յոթնյակից առնվազն երեքը։

Մյուս կողմից, «եթե անգամ Մեծ յոթնյակն ու և Միջազգային էներգետիկ գործակալությունը համաձայնեն բացել ծորակները և շուկա բաց թողնել 400 միլիոն բարել, փորձագետների կարծիքով, քիչ հավանական է, որ գնաճը կտրուկ կկարգավորվի, քանի դեռ ապագա մատակարարումների վերաբերյալ անորոշությունը պահպանվում է», - փաստում է բրիտանական BBC-ն։

Մինչ այդ, ասիական պետությունները և դրանցից անդին անցնում են արտակարգ միջոցառումների։ Հարավային Կորեայի նախագահը, մասնավորապես, այսօր հայտարարել է, որ իշխանությունները գրեթե 30 տարվա ընթացքում առաջին անգամ կվերահսկեն շուկան՝ սահմանելով առավելագույն գին, որից բարձր նավթը շուկայում չի կարող վաճառվել։ Վիետնամը պլանավորում է վերացնել վառելիքի ներմուծման սակագինը, Բանգլադեշը էներգակիրների խնայողության համար փակել է համալսարանները, Չինաստանը խնդրել է վերամշակման գործարաններին դադարեցնել վառելիքի արտահանման նոր պայմանագրերի կնքումը և փորձել չեղարկել արդեն իսկ կնքված առաքումները։

XS
SM
MD
LG