Ամերիկյան և իրանական ռազմածովային ուժերի միջև գիշերը բախում է տեղի ունեցել Հորմուզի նեղուցում՝ երկու օր անց այն բանից հետո, երբ Թեհրանը հայտարարեց, որ ուսումնասիրում է պատերազմն ավարտելու վերաբերյալ ամերիկյան վերջին առաջարկը և իր տեսակետը կփոխանցի միջնորդ Պակիստանին:
Ընդ որում, հասկանալի չէ, թե ով է առաջինը կրակ բացել։ Իրանի ռազմական հրամանատարությունը պնդում է, որ ԱՄՆ-ն թիրախավորել է Հորմուզի նեղուցին մոտեցող իրանական նավթատարը և մեկ այլ նավ, ինչպես նաև ավիահարվածներ է հասցրել իրանական ափամերձ մի քանի տարածքների, մասնավորապես՝ Բանդար Խամիր և Սիրիկ շրջաններին, նաև Քեշմ կղզու ափերին։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ պայթյուններ են լսվել նաև Թեհրանի արևմուտքում:
Մինչդեռ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ իրանական ուժերն են «բազմաթիվ հրթիռներով, անօդաչուներով և փոքր նավակներով» հարձակվել նեղուցից դուրս եկող ամերիկյան երեք ռազմանավերի վրա: ԱՄՆ ռազմածովային ուժերն էլ պատասխանել են և վերացրել սպառնալիքները: Հարվածել են նաև իրանական ռազմական օբյեկտներին, որոնք պատասխանատու են եղել հարձակման համար:
«Կենտրոնական հրամանատարությունը չի ձգտում սրել իրավիճակը, այլ մնում է իր դիրքերում և պատրաստ է պաշտպանել ամերիկյան ուժերը», - ասվում է հրամանատարության հայտարարությունում:
ԱՄՆ նախագահն էլ սոցցանցում պնդել է, թե ամերիկյան կողմին վնաս չի պատճառվել: Դոնալդ Թրամփը նաև Իրանի ղեկավարությանը «խելագար» է անվանել, նշել, թե ցանկանում է, որ Իրանն արագ համաձայնի խաղաղության համաձայնագրին, ապա կրկին սպառնացել: «Մենք նրանց շատ ավելի ուժեղ կհարվածենք ապագայում, եթե շտապ չստորագրեն համաձայնագիրը», - գրել է նա։
Իրանի կենտրոնական հրամանատարության խոսնակը, սակայն, հայտարարել է, որ իրանական հարվածները «զգալի վնաս են հասցրել թշնամուն»: «ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները պետք է իմանան, որ Իրանը վճռականորեն և առանց տատանվելու կարձագանքի ագրեսիայի ցանկացած գործողության», - հայտարարել է նա:
Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ հրթիռների և անօդաչուների հարձակման տակ է:
ԱՄԷ պաշտպանության նախարարությունը X-ում հրապարակված գրառման մեջ նշել է, որ «երկրով մեկ լսվող ձայները հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ շարունակվող ռազմական գործողությունների արդյունք են»։
«Հանրությանը կոչ է արվում պահպանել հանգստություն և հետևել համապատասխան մարմինների կողմից տրված անվտանգության հրահանգներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԱՄԷ-ում իրադրությունը լարվել է այն բանից հետո, երբ ամերիկյան և իրանական ռազմածովային ուժերը կրակահերթեր էին փոխանակել Հորմուզի նեղուցում:
Մոտ 1,500 նավ արգելափակված է Պարսից ծոցում՝ Հորմուզի նեղուցի իրանական շրջափակման պատճառով, նախօրեին հայտարարել է Միջազգային ծովային կազմակերպության (ՄԾԿ) գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը։
«Այժմ արգելափակված են մնացել անձնակազմերի մոտ 20,000 անդամ և 1,500 նավ», - Պանամայում հայտնել է Դոմինգեսը։
Անձնակազմերի անդամները «անմեղ մարդիկ են, որոնք ամեն օր իրենց աշխատանքն են կատարում այլ երկրների օգտի համար», - ասել է ՄԾԿ պաշտոնյան։ Նրա խոսքով՝ շրջափակված նավերի անձնակազմերը հայտնվել են «իրենց վերահսկողությունից դուրս գտնվող աշխարհաքաղաքական իրողության ծուղակում»։
Դոմինգեսը նաև լրագրողներին տեղեկացրել է, որ պատերազմի մեկնարկից ի վեր նավերի դեմ ուղղված 30 հարձակումներից զոհվել է 10 նավաստի։
Միացյալ Նահանգները բանակցում է Իրանի հետ, իսկ հրադադարը դեռ ուժի մեջ է, հայտարարել է Դոնալդ Թրամփը այն բանից հետո, երբ կողմերը Հորմուզի նեղուցում գիշերը կրակել են միմյանց վրա: ԱՄՆ նախագահը կրկին սպառնացել է՝ եթե Իրանը համաձայնության չգա, լուրջ հետևանքների կբախվի:
«Եվ նրանք պետք է արագ ստորագրեն այդ համաձայնագիրը։ Բանակցությունները շատ լավ են ընթանում։ Բայց նրանք պետք է հասկանան, որ եթե այն չստորագրվի, շատ դժվարություններ կունենան … Ասեմ ձեզ, որ նրանք շատ ավելի են ուզում ստորագրել այն, քան ես», - ասել է Թրամփը:
Իրանի բարձրագույն ռազմական հրամանատարությունը պնդում է, որ ԱՄՆ-ն թիրախավորել է Հորմուզի նեղուցին մոտեցող իրանական նավթատարը և մեկ այլ նավ, ինչպես նաև «օդային հարձակումներ» է իրականացրել մի քանի ափամերձ տարածքների վրա։
Մինչդեռ ԱՄՆ-ն հայտարարել է, որ ինքնապաշտպանվել է և պատասխանել նեղուցում ամերիկյան ռազմանավերի վրա Իրանի հարձակումներին։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի միջև հեռախոսազրույցից հետո կողմերը հայտարարել են, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ։
Սոցցանցի գրառմամբ նախագահ Թրամփը տեղեկացրել է, որ ֆոն դեր Լայենի հետ «շատ թեմաներ են քննարկվել։ Մենք լիովին միասնական ենք այն հարցում, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ»։
Առանձին գրառման մեջ ֆոն դեր Լայենը վերահաստատել է այս դիրքորոշումը։
Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն համակարծիք են, որ «սեփական ժողովրդին սպանող ռեժիմը» չի կարող այնպիսի զինատեսակ ունենալ, որը միլիոնավոր մարդկանց կարող է սպանել։
«Համաս»-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայայի որդին սպանվել է Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով։
Ըստ տեղական աղբյուրների՝ Ազզամ Խալիլ ալ-Հայան երեկ վիրավորում է ստացել Ջաբալիա փախստականների ճամբարում՝ անօդաչու թռչող սարքի հարվածի ժամանակ։
Հիվանդանոցի հաղորդագրությունների համաձայն՝ հարձակման ժամանակ սպանվել է նաև պաղեստինյան զինյալ խմբավորման մեկ այլ անդամ։ Իսրայելի բանակի խոսնակը հայտարարել է, որ ստուգում են այս տեղեկությունները։
Խալիլ ալ-Հայան «Համաս»-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից է և մեկն այն բանագնացներից, որ մասնակցում էր Գազայի հատվածում կայուն խաղաղության հաստատման շուրջ հանդիպումներին։
«Համաս»-ի խոսնակ Հասեմ Կասեմը dpa-ին ասել է, որ սա ալ-Հայայի չորրորդ որդին է, որը սպանվել է Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր պակիստանցի գործընկեր Իսհաք Դարի հետ, քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, Telegram-ի իր էջում տեղեկացնում է Արաղչին:
Կողմերն ընդգծել են «երկխոսության և դիվանագիտության» շարունակման, ինչպես նաև տարածաշրջանային պետությունների միջև համագործակցության խթանման անհրաժեշտությունը։
Երկու երկրների արտգործնախարարների զրույցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Իրանը քննարկում է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ նոր առաջարկը:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, թե հանդիպել է երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ, ով հանրության առջև չի երևացել մարտի սկզբից՝ այդ պաշտոնում նշանակվելուց և վիրավորում ստանալուց ի վեր։
Փեզեշքիանը չի նշել, թե երբ և որտեղ է տեղի ունեցել հանդիպումը։
«Այս հանդիպմանը ինձ ամենաշատը զարմացրեց Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի տեսլականը և համեստ ու անկեղծ մոտեցումը», - ասել է նախագահը պետական հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութում։
Խամենեին, որը վիրավորվել է Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի առաջին օրը և շաբաթներ անց նշանակվել երկրի գերագույն առաջնորդ՝ պատերազմում զոհված հոր փոխարեն, անցած երկու ամիսներին միայն գրավոր հայտարարություններ է հրապարակել։ Նրա գտնվելու վայրը շարունակում է մնալ անհայտ։
Իրանը հերքել է, թե իր զինված ուժերն առնչություն ունեն Հորմուզի նեղուցում հարավկորեական նավին հասցված վնասին:
Սեուլում Իրանի դեսպանատան հայտարարությունում նաև ասվում է, որ ջրային այս ճանապարհով անվտանգ անցումը պահանջում է Իրանի կանոնակարգերի խիստ պահպանում։
Երկուշաբթի Պանամայի դրոշի ներքո նավարկող հարավկորեական HMM նավի վրա պայթյուն էր տեղի ունեցել, ապա հրդեհ բռնկվել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջադեպի համար մեղադրել է Իրանին:
Մինչդեռ Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հրդեհի պատճառը կհաստատվի միայն, երբ նավը քարշակվի նավահանգիստ և ստուգվի։
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է լուրը, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելու նշաններ կան:
Նախարարությունը, սակայն, հայտարարել է, որ այս փուլում լրացուցիչ տեղեկություններ չի բացահայտի։
«Որպես միջնորդներ՝ մենք չենք կորցնի երկու կողմերի վստահությունը և չենք բացահայտի մանրամասները», - ասվում է նախարարության հայտարարությունում:
Թեև նախարարությունը տեղեկություններ չունի, թե որ երկիրը կարող է հյուրընկալել Վաշինգտոնի և Թեհրանի պատվիրակություններին՝ խաղաղության բանակցությունների երկրորդ փուլի համար, սակայն նշել է՝ «մեզ համար պատիվ կլինի, եթե այն տեղի ունենա Իսլամաբադում»։