Մատչելիության հղումներ

Պարսից ծոցում արգելափակված է 1,500 նավ, անձնակազմերի 20,000 անդամ․ ՄԾԿ գլխավոր քարտուղար

Նավեր Հորմուզի նեղուցում, արխիվ
Նավեր Հորմուզի նեղուցում, արխիվ

Մոտ 1,500 նավ արգելափակված է Պարսից ծոցում՝ Հորմուզի նեղուցի իրանական շրջափակման պատճառով, նախօրեին հայտարարել է Միջազգային ծովային կազմակերպության (ՄԾԿ) գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը։

«Այժմ արգելափակված են մնացել անձնակազմերի մոտ 20,000 անդամ և 1,500 նավ», - Պանամայում հայտնել է Դոմինգեսը։

Անձնակազմերի անդամները «անմեղ մարդիկ են, որոնք ամեն օր իրենց աշխատանքն են կատարում այլ երկրների օգտի համար», - ասել է ՄԾԿ պաշտոնյան։ Նրա խոսքով՝ շրջափակված նավերի անձնակազմերը հայտնվել են «իրենց վերահսկողությունից դուրս գտնվող աշխարհաքաղաքական իրողության ծուղակում»։

Դոմինգեսը նաև լրագրողներին տեղեկացրել է, որ պատերազմի մեկնարկից ի վեր նավերի դեմ ուղղված 30 հարձակումներից զոհվել է 10 նավաստի։

Նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով կանոնավոր բեռնափոխադրումները «կվերսկսեն, երբ պատերազմը մշտապես ավարտվի և վերացվեն Իրանի դեմ պատժամիջոցներն ու շրջափակումը»։

Մինչև պատերազմը Հորմուզի նեղուցով էր անցնում աշխարհում սպառվող նավթի և գազի 20 տոկոսը։

Թեհրանում այժմ ուսումնասիրում են պակիստանյան միջնորդությամբ ներկայացված պատերազմն ավարտելու ամերիկյան առաջարկությունը։ Պաշտոնական արձագանք առայժմ չկա։


XS
SM
MD
LG