Մատչելիության հղումներ

Իրանն ու Պակիստանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր պակիստանցի գործընկեր Իսհաք Դարի հետ, քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, Telegram-ի իր էջում տեղեկացնում է Արաղչին:

Կողմերն ընդգծել են «երկխոսության և դիվանագիտության» շարունակման, ինչպես նաև տարածաշրջանային պետությունների միջև համագործակցության խթանման անհրաժեշտությունը։

Երկու երկրների արտգործնախարարների զրույցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Իրանը քննարկում է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ նոր առաջարկը:

Մինչ այդ ԱՄՆ նախագահը կարծիք էր հայտնել, որ Իրանում պատերազմը շուտով կավարտվի: Դոնալդ Թրամփը Reuters-ին ասել է, որ ԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա: Դրանից ժամեր առաջ էլ Սպիտակ տանն էր հայտարարել, թե վերջին մեկ օրում Վաշինգտոնը շատ լավ բանակցություններ է վարել Թեհրանի հետ:

Միջնորդ Պակիստանը ողջունել էր հնարավոր համաձայնության մասին լուրը, սակայն հայտարարել, որ այս փուլում այլ մանրամասներ չի բացահայտի։ Արտգործնախարարությունը նաև նշել էր, որ դեռ հայտնի չէ, թե որ երկրում կկայանա բանակցությունների հաջորդ փուլը՝ հավելելով, որ իրենց համար «պատիվ կլինի», եթե այն տեղի ունենա Պակիստանում:



XS
SM
MD
LG