Մատչելիության հղումներ

Պատերազմի 4-րդ տարելիցին Ուկրաինայի աջակիցների հավաք Վաշինգտոնում

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման չորրորդ տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում Ուկրաինայի աջակիցները հավաքվել են Լինքոլնի հուշահամալիրի դիմաց:

Արդեն չորրորդ տարին ուկրաինացիները և նրանց աջակիցները Միացյալ Նահանգների մայրաքաղաքում նշում են պատերազմի հերթական տարելիցը աղոթքներով և կոչերով, ապա երթ են իրականացնում դեպի Ռուսաստանի դեսպանի նստավայր:

Կազմակերպիչները հայտարարել են, որ ակցիայի նպատակն է Վաշինգտոնում ցույց տալ միասնական ճակատ և Եվրոպայում Երկրորդ աշխարհամարտից հետո ամենամեծ հակամարտությանը վերջ դնելու շարունակական ջանքերի կոչ անել Միացյալ Նահանգներին:

Ակցիայի ուղերձը հստակ էր՝ պատերազմն ավելիի մասին է, քան տարածքը, այն վերապրելու մասին է, Վաշինգտոնից փոխանցում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը:

Հավաքը նախաձեռնել էին Միացյալ Նահանգներում ուկրաինական առաջատար կազմակերպությունները՝ Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատան հետ համատեղ:

«Միացյալ օգնություն Ուկրաինային» կազմակերպության նախագահ Մարինա Բայդյուկը շեշտել է, որ Ուկրաինան պետք է դիտարկվի ոչ թե որպես օգնություն հայցող, այլ որպես ռազմավարական գործընկեր:

«Մենք ամերիկացիների աջակցության կարիքն ունենք, բայց մենք նաև ԱՄՆ կառավարության և ներկայիս վարչակազմի աջակցության կարիքն ունենք», - ասել է Բայդյուկը «Ազատությանը», - «Մենք պետք է Ուկրաինան դիտարկենք ոչ թե սոսկ որպես պատերազմի մեջ գտնվող երկիր, մուրացկան: Մենք պետք է Ուկրաինան դիտարկենք որպես դաշնակից՝ կանգնած ռուսական զանգվածային բանակի դիմաց, գիծը պահող՝ ոչ միայն հանուն Ուկրաինայի, այլև հանուն ամբողջ Եվրոպայի և ամբողջ աշխարհի»:

Շաբաթ օրվա հավաքին մասնակցել են նաև եվրոպացի դիվանագետները՝ ընդգծելով, ինչպես բանախոսներն էին հայտարարում, անդրատլանտյան միասնությունը:

Վաշինգտոնում Ուկրաինայի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Դենիս Սյենիկը հայտարարել է, որ Կիևը ցանկանում է «վստահելի, երկարատև և արդար» խաղաղություն՝ ամրապնդված անվտանգության հստակ երաշխիքներով:

Դիվանագետը վստահեցրել է, որ Ուկրաինան հանձնառու է բանակցություններին, և շնորհակալություն է հայտնել խաղաղարար ջանքերում ներգրավված Թրամփի վարչակազմին և մյուս գործընկերներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


XS
SM
MD
LG