Այս գիշեր Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայի վրա են հարձակվել «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով և 120 անօդաչու թռչող սարքերով, հայտարարել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը: Հրթիռը և 13 անօդաչու թռչող սարքեր հարվածներ են հասցրել 11 վայրերում:
Անօդաչու թռչող սարքերի գրոհի հետևանքով ավերածություններ կան Օդեսայի երկու շրջաններում: Հաջիբեյ շրջանում երկու մասնավոր տուն է ավերվել, Պրիմորսկի շրջանում՝ մի քանի բազմաբնակարան շենք, վնասվել է 115 բնակարան, հաղորդել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը: Վնասվել են նաև էներգետիկ ընկերության պահեստները, տուժել է երկու մարդ:
Մասնակիորեն ավերվել է Օդեսայի լիցեյը, որում սովորում է 200-ից ավելի երեխա: Շենքը ճարտարապետական հուշարձան է:
Սումիի բնակելի շրջանում ժամը 4-ի սահմաններում ավիահարված է հասցվել, հաղորդում է Ուկրաինայի ոստիկանությունը: Վիրավորվել է երեք մարդ՝ երկու երեխա և մեկ տարեց կին:
Խերսոնում այսօր առավոտյան ռուսական անօդաչուն պայթուցիկ է նետել ուղևորների տեղափոխող միկրոավտոբուսի վրա: Վնասվածքներ են ստացել վարորդը և երկու կին, հաղորդում է մարզի ռազմական վարչակազմը: