Մատչելիության հղումներ

Կալլասը ներկայացրել է Ուկրաինայի շուրջ բանակցություններում ՌԴ-ին ներկայացվող պահանջները

ԵՄ արտգործերնախարար Կայա Կալլասը դաշինքի անդամ պետություններին է ներկայացրել մի փաստաթուղթ, որում ուրվագծվում են Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններում Ռուսաստանին ներկայացվող զիջումները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը։

Փաստաթղթում նշվում է, որ խաղաղությունն ու անվտանգությունն անհնար են «առանց բանակցություններին ԵՄ մասնակցության և առանց ԵՄ-ի հիմնական շահերը հաշվի առնելու»։

ԵՄ պաշտոնյայի ներկայացրած փաստաթուղթը, ըստ գնահատականների, համարվում է Ռուսաստանի անելիքների վերաբերյալ բավականին «առավելապաշտական: Եվրոպացի մի դիվանագետ, ում անունը չի նշվում, «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ԵՄ-ն դրանով «արձագանքում է ռուս առավելապաշտների պահանջներին Ուկրաինայի հարցում»։

Փաստաթղթին ծանոթ մեկ այլ եվրոպացի պաշտոնյա կարծում է, որ խաղաղության հասնելու համար զիջումներ են պահանջվում միայն Ուկրաինայից։ «Մենք պետք է նաև քննարկենք, թե ինչ պետք է անի Ռուսաստանը»,- նշել է նա։ Օրերս նման դժգոհություն էր հայտնել նաև Ուկրաինայի նախագահը՝ ասելով, թե դա անարդար է:

Կայա Կալլասի ներկայացրած փաստաթղթում նաև նշվում է, որ եթե Ուկրաինան սահմանափակի իր զորքերի թիվը կամ նույնիսկ դուրս բերի դրանք որոշակի տարածքներից, Ռուսաստանը պետք է անի նույնը։ Ավելին, այն պահանջում է նաև բացառել Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքների դե յուրե ճանաչումը։

Բացի դրանից, Ռուսաստանը պարտավոր է դադարեցնել ապատեղեկատվական արշավները, կիբեռհարձակումները, օդային տարածքի խախտումները և ընտրություններին միջամտությունը Եվրոպայում և հարևան երկրներում:

Փաստաթղթում նաև կոչ է արվում բացառել միջուկային զենքի տեղակայումը Բելառուսի տարածքում և «արգելել ռուսական ռազմական ներկայությունը և զորքերի տեղակայումը» Բելառուսում, Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում և Հայաստանում:

Նաև նշվում է, որ Ռուսաստանը պետք է փոխհատուցում տրամադրի Ուկրաինային և նպաստի երկրի վերականգնմանը:

Փաստաթղթի որոշ մասեր կարող են ներկայացվել ԵՄ արտգործնախարարների քննարկմանը փետրվարի 23-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ։

Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ուղիղ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին, որին մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Շվեյցարիայի առաջնորդների անվտանգության խորհրդականները: Բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Շվեյցարիայում, թե երբ, դեռ հայտնի չէ:

XS
SM
MD
LG