Ռուսաստանի գլխավոր բանակցող Վլադիմիր Մեդինսկին Ժնևում պաշտոնական բանակցությունների ավարտից հետո երկու ժամ փակ հանդիպում է ունեցել ուկրաինական կողմի հետ։ Լուրը հաղորդում է Ռուսաստանի պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Երեկվա բանակցություններից հետո ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, թե կողմերի միջև երկխոսություն հաստատելու՝ նախագահ Թրամփի ջանքերն արդյունք են տալիս և «նշանակալի առաջընթաց» կա բանակցություններում:
Ուկրաինայի նախագահ Զելենսկին, մինչդեռ դրանք բնութագրել է «դժվար» և Ռուսաստանին մեղադրել չորս տարի շարունակվող պատերազմը դադարեցնելու վերաբերյալ համաձայնության հասնելու գործընթացը դիտավորյալ ձգձգելու մեջ։
Ռուսական պատվիրակությունում France Press-ի աղբյուրները հայտնել են, որ երեկվա հանդիպումը «շատ լարված» է անցել։