Մատչելիության հղումներ

Ռուս և ուկրաինացի երիտասարդները Դիլիջանից պատերազմը դադարեցնելու համատեղ կոչեր են հնչեցնում


Դիանա, Մարիա, Անաստասիա, Հովսեփ
Դիանա, Մարիա, Անաստասիա, Հովսեփ

«Ինչո՞ւ են կռվում երկու իրար այսքան սրտամոտ ժողովուրդները»

Ուկրաինայում այսօր լիարժեք ապահով տեղ չկա, ամեն օր հրթիռներ են թռչում: Այս պահին, երբ մենք խոսում ենք, հարյուրավոր մարդիկ են մահանում, քանի որ պայքարում են իրենց երկրի համար։ Այսօր գլխավոր հարցն է՝ ինչո՞ւ մարդիկ իրենց երկրում չեն կարող ապահով լինել»․ Մարիան Հայաստան է եկել արդեն մեկ տարի ավերիչ պատերազմի մեջ գտնվող Ուկրաինայից։ Դիլիջանի միջազգային դպրոցում նույն նստարանին է նստում ռուս ուսանողների հետ։ Ասում է՝ ամեն օր զոհերի ու չդադարող պատերազմի մասին լսելիս իրար հարց են տալիս՝ ինչո՞ւ են կռվում երկու իրար այսքան սրտամոտ ժողովուրդները։

Մարիա
Մարիա

«Ես Դոնեցկում եմ ծնվել, հետո տեղափոխվել ենք Կիև։ Ինչեր ասես՝ տեղի են ունեցել իմ ծննդավայրում։ Շատ մարդիկ գիտեմ, որոնք ապրում էին Դոնեցկում ու Մարիուպոլում և հրթիռների զոհ են դարձել։ Հիմա այդ տարածքներն անբնակ են՝ տներ չկան, զուտ միայն հողն է: Շատ այլ տեղերում, որտեղ անգամ հնարավոր է ապրել, այնտեղ էլ հոսանք չկա, ջուր չկա, աշխատանք չկա», «Ազատության» հետ զրույցում պատմեց Մարիան։

«Ուրախ եմ, որ գոնե պատերազմից հեռու՝ Դիլիջանում, կարող ենք խաղաղության մասին խոսել»

Երկու ուկրաինացի դասընկերների միջև, նույն սեղանի շուրջ է ռուսաստանցի Անաստասիան։ Լուռ է, դժվարանում է խոսել. իր երկրից ընկերների տուն հասնող մահաբեր հրթիռներն իրեն էլ են ցավ պատճառում։ Ասում է՝ ուրախ է, որ գոնե պատերազմից հեռու՝ Դիլիջանում, կարող են խաղաղության մասին խոսել։ Մի օր գուցե այդ խաղաղ զրույցները նաև դիվանագետների սեղաններին հասնեն։

Անաստասիա
Անաստասիա

«Այստեղ մենք կարող ենք քննարկել դա, մենք կարող ենք կիսվել մեր փորձով, ամենակարևորը՝ լսել ու սատարել միմյանց։ Միշտ պետք է լսես դիմացինին ու փորձես քեզ նրա տեղը դնել, հասկանալ նրան, հարցին նայել նաև ուրիշի տեսանկյունից»,- ասաց Անաստասիան։

«Մենք ցույց ենք տալիս, որ կրթության մեր արժեքները կմիավորեն երկրներն ու ազգերը հանուն խաղաղության»

Այստեղ՝ Դիլիջանի միջազգային դպրոցում աշակերտներ կան 80 երկրներից. որևէ մեկն անտարբեր չէ պատերազմի ճիրաններում հայտնված Ուկարինայի հանդեպ։ Ստեփանը ևս Ուկրաինայից է։ Ասում է՝ արդեն մեկ տարի՝ Ռուսաստանի ներխուժումից ի վեր քուն ու դադար չունի՝ արթնանում է պատերազմի մասին ծանր մտքերով։

Հովսեփ
Հովսեփ

«Ուկրաինա ռուսական ներխուժման սարսափն ու ավերածությունը մի բան է, որով մի կողմից ես արթնանում եմ ամեն օր, մյուս կողմից, ես շատ հպարտ եմ, որ մենք UWC համայնքում ցույց ենք տալիս, որ կրթության մեր արժեքները կմիավորեն երկրներն ու ազգերը հանուն խաղաղության և կայուն զարգացման։ Դա պարզապես հռչակագիր չէ, այլ մի բան է, որին մենք հետևում ենք մեր սրտի խորքում»:

«Ինչո՞ւ նոր սերունդն էլի պատերազմ բորբոքեց ու իրար կոկորդ են կրծում»

Այսօր միջազգային դպրոցի արվեստի դասասենյակում թեման հակամարտություններն են։ Ալեքսեյն էլ Ռուսաստանի հսկողության տակ անցած Դոնեցկի մարզից է։

Ալեքսեյ
Ալեքսեյ

Ալեքսեյը ծերունի է նկարել, որ հավանաբար էլի ինչ-որ պատերազմի ականատես է եղել ու, ասում է՝ այդպես էլ չի հասկանում՝ ինչո՞ւ նորից կռիվ է, ինչո՞ւ նոր սերունդն էլի պատերազմ բորբոքեց ու իրար կոկորդ են կրծում։

«Պետությունները պետք է սիրեն իրենց ժողովուրդներին, բայցև պետք է սիրեն մյուս ժողովուրդներին»

Բելառուս Դիանան հեշտորեն լեզու է գտնում թե՛ ռուս, թե՛ ուկրաինացի ընկերների հետ։ Վստահ է՝ այդ երկրներում ապրող շարքային մարդիկ էլ կիսելու շատ բան ունեն, և նրանց միջև երբեք պատերազմ չէր սկսի, եթե Կրեմլում նստած առաջնորդը հարգեր իր ու հարևան ժողովուրդների իրավունքները։

«Ես տեսնում եմ, որ կարող եմ ուկրաինացիների հետ խոսել բելառուսերեն, մենք ազատ հասկանում ենք իրար։ Նույն կերպ ռուսների հետ ես կարող եմ խոսել և՛ ռուսերեն, և՛ բելառուսերեն, շատերն էլի՛ ինձ հասկանում են։ Այստեղ տարաձայնություններ չկան։ Եթե անգամ ինչ-որ բան ծագում է, մենք միևնույնն է, դա էլի խաղաղ կարգավորում ենք։ Մեր մեջ երբեք կոնֆլիկտներ չեն լինում։ Մենք միշտ երկխոսում ենք, համաձայնության եզրեր գտնում, ու հենց դա մեզ ավելի ուժեղ է դարձնում։ Կարծում եմ, նույն կերպ պետք է պետությունները վարվեն։ Նրանք պետք է սիրեն իրենց ժողովուրդներին, բայցև պետք է սիրեն մյուս ժողովուրդներին»։

Դիանա
Դիանա

Դիանան սեփական մաշկի վրա է զգացել մարդու իրավունքների պակասն իր երկրում։ Տուժել են հարազատները, որոնք փորձել են դեմ գնալ բռնակալության կանոններին։

«Իմ մտերիմների հետ շատ վատ բաներ են եղել. նրանց բանտարկել են, շատերին՝ հետապնդել, շատերն ստիպված հեռացել են իրենց երկրից։ Բայց իրականում շատ ուրախ եմ, որ գոնե այստեղ ես կարող եմ բաց խոսել այս ամենի մասին ու չվախենալ, որ ամեն րոպե իմ հետևիցս կգան ու կտանեն ինձ, կամ կարող են հետապնդումներ սկսել իմ ու հարազատներիս նկատմամբ», - նշեց Դիանան։

Երիտասարդ ուսանողներն աշխարհի տարբեր, անգամ իրար դեմ հակամարտող երկրների, միմյանց հետ խաղաղության մասին երգեր են երգում, պատերազմը դադարեցնելու համատեղ կոչեր հնչեցնում ու իրենց երկրներից մահաբեր պատերազմի ավարտի մասին լուրերի սպասում։

«Մենք չպետք է հանդուրժենք չարիքն ու ավտորիտարիզմի ու բռնակալության ցանկացած ձևը: Մենք պետք է դիմադրենք դրան և պետք է քանդենք ավտորիտարիզմն իր բնույթով», - հայտարարեցին ուսանողները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG