Մատչելիության հղումներ

Գրուշկո. «Բանակցելու համար զորքն Ուկրաինայից դուրս բերելու նախապայմանը Ռուսաստանի համար անընդունելի է»


ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, Մոսկվա, արխիվ:
ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, Մոսկվա, արխիվ:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն այսօր ասել է, թե Ուկրաինայի հետ բանակցելու համար զորքն այդ երկրից դուրս բերելու նախապայմանն անընդունելի է:

«Ինչպես նախագահ Վլադիմիր Պուտինն է բազմիցս նշել՝ Մոսկվան պատրաստ է բանակցել, սակայն հարկ է հաշվի առնել գետնի վրա ստեղծված իրողությունները»,- հայտարարել է Գրուշկոն:

Մինչդեռ, Սերգեյ Լավրովի մյուս տեղակալը՝ Սերգեյ Ռյաբկովը, նոյեմբերի 11-ին ասել է, թե Մոսկվան պատրաստ է առանց նախապայմանների բանակցել Կիևի հետ:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի առիթներով հայտարարել է, որ բանակցությունները հնարավոր կլինեն միայն այն դեպքում, եթե ռուսները հեռանան Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքից, այդ թվում՝ Ղրիմի թերակղզուց:

The Wall Street Journal հանդեսը նոյեմբերի 13-ին հաղորդել է, որ Միացյալ Նահանգները Կիևին հորդորում է «կազմել բանակցային իրատեսական պահանջներ, այդ թվում՝ վերանայել Ղրիմի հարցում կարծր դիրքորոշումը»:

Պաշտոնական Վաշինգտոնը հավաստիացնում է, որ Ուկրաինայի վրա ոչ մի ճնշում չի բանեցնում: Նախագահ Ջո Բայդենը մի քանի անգամ ընդգծել է, որ խաղաղ կարգավորման պայմանները կախված են միայն Ուկրաինայից:

Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտոնյաների վերջին դեմ առ դեմ հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում մարտի 29-ին:

XS
SM
MD
LG