Մատչելիության հղումներ

Ռուսաստանն անցած գիշեր կրկին հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային


Ռուսաստանն անցած գիշեր կրկին հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային, Կիևի պաշտոնական տվյալներով՝ ռուսական ինքնաթիռներն ու նավերը 32 թևավոր հրթիռ են արձակել, ուկրաինական ուժերը կարողացել են չեզոքացնել դրանցից 14-ը, քանի որ X-22 թևավոր հրթիռները խոցելու համար Կիևը համապատասխան զենք չունի:

Հրթիռակոծության հետևանքով կան զոհեր, վիրավորներ, փլուզվել են բնակելի շենքեր, թիրախում են եղել Պոլտավայի, Լվովի և Կիրովոգրադի մարզերը։ Երեկ էլ հարվածի տակ էր Պետրվոսկ քաղաքը, որտեղ ևս խաղաղ բնակիչներ են տուժել:

«Ես կանգնած լաց եմ լինում։ Ի՞նչ կարող եք անել սրա դեմ: Տեսեք, ռուսական աշխարհն է եկել։ Նրանք բարբարոսներ են, ուղղակի սարսափելի է», - ասաց բնակիչներից մեկը:

Մինչ ռուսական ուժերը շարունակում են ռմբակոծել Ուկրաինայի խաղաղ բնակավայրերն ու էներգետիկ ենթակառուցվածքները, առաջ գնալով նաև ռազմի դաշտում, Ուկրաինայի նախագահը հավստիացնում է, որ իր բանակը, միևնույնն է, շուտով հաղթելու է:

«Մենք պետք է այնպես անենք գարնանը, որ իսկապես բոլորը տեսնեն՝ Ուկրաինան գնում է դեպի հաղթանակ: Դա վերաբերում է մեր պաշտպանական ուժերի պատրաստմանը, մեր պետությանը զենք մատակարարելուն և պատերազմում մեր ռազմավարական նախաձեռնությունը», - նշել է Զելենսկին:

Արևմուտքն ու Կիևը, մասնավորապես, հայտարարում են, թե շուտով ուկրաինական բանակը նորից կանցնի հակահարձակման․ Ուկրաինան մարտի դաշտում նախաձեռնությունը վերցնելու «լավ հնարավորություններ» ունի, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

Մյուս շաբաթ՝ փետրվարի 24 կլրանա Ուկրաինական պատերազմի մեկ տարին։

Վաղը մեկնարկելիք Մյունխենի անվտանգության համաժողովը գրեթե համընկնում է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման տարելիցի հետ։ Համաժողովի բացմանը ելույթ կունենա նախագահ Զելենսկին, օրակարգի հիմնական հարցերն են` ինչպես և ինչով օգնել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում, և ո՞րն է Արևմուտքի դերը նոր աշխարհում։

Անվտանգության հարցերով արևմտյան այս կարևորագույն համաժողովին Մոսկվան չի հրավիրվել` ևս մեկ անգամ ի ցույց դնելով Կրեմլի մեկուսացումն աշխարհում: Չնայած դրան ու արևմտյան աննախադեպ պատժամիջոցներին` Մոսկվան պատերազմը կանգնեցնելու որևէ նշան առայժմ ցույց չի տալիս:

Կրեմլում այս օրերին պատրաստվում են պատերազմի տարելիցին նախագահ Պուտինի մասնակցությամբ համերգ - հանրահավաք կազմակերպել։ Մինչ այդ` վաղը, Պուտինը կհանդիպի պատերազմում իր, ըստ էության, միակ դաշնակից Բելառուսի ավտորիտար նախագահի հետ։ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ասել է, որ այդ հանդիպմանը պատրաստվում է Կրեմլի ղեկավարի հետ քննարկել Ռուսաստան - Բելառուս միութենական պետության ինտեգրացիոն գործընթացները, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության հարցերը։

Կրեմլին մոտ կանգնած որոշ աղբյուրներ երեկվանից տեղեկություն են տարածում, որ Պուտինը փետրվարի 21-ին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում կարող է խոսել ինտեգրացիոն նոր նախաձեռնությունների, ընդհուպ մինչև Ռուսաստանի, Բելառուսի, ինչպես նաև ինքնահռչակ Աբխազիայի և Հարավային Օսիայի մասնակցությամբ ինչ-որ նոր պետական միավոր ստեղծելու մասին։

Ինքը` Լուկաշենկոն, այսօր օտարերկրյա լրագրողների հետ երեք ժամ շարունակված զրույցում որևէ կերպ չի մեկնաբանել «ԽՍՀՄ 2.0»-ի մասին լուրերը: Փոխարենը, կրկնելով Պուտինին, Ուկրաինային ու Արևմուտքին, մասնավորապես, Միացյալ Նահանգներին է մեղադրել պատերազմ սանձազերծելու մեջ։

«Եվրոպան պատրաստ է խաղաղության։ Եվրոպան դա է ուզում։ Եվրոպան գիտի, թե ինչ կարող է լինել: Ամերիկացիները դա չեն ուզում, և Եվրոպային ճնշում են, դրել են ստորադաս դիրքում ու ինչ ուզում են անում են նրա հետ», - նշել է Լուկաշենկոն:

Պատերազմի մեկնարկից ի վեր բազմաթիվ են հաղորդումները, որ Ռուսաստանն օգտագործում է Բելառուսի տարածքը` Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների համար։ Երկրի բռնապետ առաջնորդն այսօր չի բացառել, որ Մինսկը կարող է նաև միանալ Ռուսաստանի պատերազմին ու սեփական բանակը տրամադրել, ընդգծելով` կգնան դրան, եթե Ուկրաինան ինքը հարձակվի Բելառուսի վրա:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG