Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Ուկրաինայում պատերազմի 395-րդ օրն է։

Ուկրաինան պահանջել է շտապ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ կապված Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության հետ:

ԱՄՆ-ն անհանգստացած չէ Բելառուսում միջուկային զենքի մասին Պուտինի հայտարարությունից

ՄԱԿ-ի տվյալներով՝ գերիների սպանության համար մեղավոր են և' ռուսները, և' ուկրաինացիները:

20:47

Ուկրաինան պահանջել է շտապ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ կապված Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության հետ։ Այս մասին ասվում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Կիևը վճռական քայլեր է ակնկալում Անվտանգության խորհրդի մշտական անդամներից՝ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից և Չինաստանից։

Ռուսաստանը նույնպես այս կազմակերպության մշտական անդամ է և դրանում վետոյի իրավունք ունի։

Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի մտադրությունները Ուկրաինան «հերթական սադրիչ քայլն» է անվանում։

15:59

ԱՄՆ-ն արձագանքել է Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի հնարավոր տեղակայման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությանը։ Պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը CNN-ին ասել է, որ գերատեսչությունը կշարունակի վերահսկել իրավիճակը։ Սակայն, ընդգծել է նա, ԱՄՆ Պետդեպարտամենտը որևէ նշան չի տեսնում, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել Ուկրաինայում, և անհրաժեշտ չի համարում սեփական միջուկային ուժերը բարձր պատրաստության բերել։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) Պուտինի հարցազրույցն անվանել է «այլ տեղեկատվական օպերացիա»։ Ինստիտուտի փորձագետները կարծում են, որ Պուտինը ուռճացնում է ռուսական ռազմարդյունաբերական համալիրը մոբիլիզացնելու հնարավորությունը՝ Ուկրաինայի արևմտյան դաշնակիցներին վախեցնելու համար։

Պուտինն ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է Բելառուսում տեղակայել իր մարտավարական միջուկային զենքը՝ երկրի ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով։ ՌԴ նախագահի խոսքով՝ Բելառուսում մարտավարական միջուկային զենքի պահեստավորման շինարարությունը պետք է ավարտվի մինչև հուլիսի 1-ը։ Բացի այդ, Պուտինի խոսքով, Բելառուսին է հանձնվել «Իսկանդեր» հրթիռային համակարգը, որը կարող է օգտագործել այս զենքը։

12:54 25.3.2023

ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին վեց ամսվա ընթացքում Ուկրաինայում 6 հազար խաղաղ բնակիչ է տուժել, որոնցից 1600-ը սպանվել է։ Կազմակերպության Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակն ընդգծում է՝ իրականում կորուստները կարող են ավելի մեծ լինել:

Երեկ հրապարակված զեկույցի համաձայն՝ Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ռուսական հարձակումների հետևանքով անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր ավելի քան 100 խաղաղ բնակիչ է զոհվել, մոտ 400-ը՝ վիրավորվել։

ՄԱԿ-ի պաշտոնյաները փաստագրել են ռուս զինվորականների կողմից 21 խաղաղ բնակիչների սպանություն, այդ թվում՝ արտադատական մահապատիժներ, քաղաքացիական անձանց վրա հարձակումներ:

ՄԱԿ-ի առաքելությունն արձանագրել է նաև ռուս ռազմագերիների սպանության առնվազն 25 դեպք, ևս 15 ուկրաինացի ռազմագերի էլ սպանվել է ռուսաստանցի զինվորականների կողմից։

ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Մաթիլդա Բոգների խոսքով՝ ուկրաինացի զինվորների 15 մահապատիժներից 11-ը իրականացրել են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկանները։

16:16 24.3.2023

Ուկրաինան Ռուսաստանին է հանձնել ծանր վիրավոր գերիների, հայտնել են ուկրաինական պաշտոնական աղբյուրները։

«Այս դեպքում խոսքը ոչ թե ռազմագերիների փոխանակման, այլ հայրենադարձության մասին է՝ ծանր վիրավոր գերիներին վերադարձնել առանց որևէ պայմանի, ինչպես նախատեսված է միջազգային մարդասիրական իրավունքով», - ասված է ուկրաինական կողմի պաշտոնական հաղորդագրությոնում։

Ռուսաստանին հանձնված ծանր վիրավորների ստույգ թիվը չի նշվում՝ Կիևը նրանց թիվը չի հայտնել, Մոսկվան առայժմ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG