Մատչելիության հղումներ

Ռուսաստանի խորհրդարանի ղեկավարներն Ադրբեջանի Մեջլիսի խոսնակի հետ քննարկել են «Լեռնային Ղարաբաղում կարգավորման» հարցերը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանի երկու պալատների նախագահներ Վալենտինա Մատվիենկոյի և Վյաչեսլավ Վոլոդինի հետ, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանի երկու պալատների նախագահներ Վալենտինա Մատվիենկոյի և Վյաչեսլավ Վոլոդինի հետ, արխիվ

Վոլոդինը զգուշացրել է Հայաստանին:

Մինչ Ադրբեջանի նախագահը պնդում է՝ Լեռնային Ղարաբաղ հասկացություն գոյություն չունի, ղարաբաղյան հակամարտությունն էլ անցյալում է, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի ղեկավարը Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպանը քննարկում է Լեռնային Ղարաբաղում կարգավորման հետ կապված հարցեր:

Պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան երեկ հյուրընկալվել է նախ Պետդումայում, ապա՝ Դաշնության խորհրդում։

Դաշնային ժողովի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը, ըստ ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են «Լեռնային Ղարաբաղում կարգավորման և Լաչինի միջանցքի աշխատանքի հետ կապված հարցեր»։ Այլ մանրամասներ զրույցի այս հատվածի վերաբերյալ կողմերը չեն հաղորդում:

Վոլոդինը սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին


Փոխարենը՝ ՌԴ Պետդուման է ներկայացրել Գաֆարովայի հետ հանդիպմանը Վյաչեսլավ Վոլոդինի ծավալուն ելույթը՝ հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում։

Պետդումայի խոսնակը Հայաստանի անունը չի հիշատակել, բայց խոսքերից պարզ է դառնում, որ մեկնաբանում է մասնավորապես Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելություն տեղակայելու որոշումը:

Նույն թեմայով ավելի վաղ հայկական կողմի հասցեին կոշտ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը՝ պնդելով, որ Եվրամիության 100 անզեն ներկայացուցիչները կարող են միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել եղած հակասությունները։

Վյաչեսլավ Վոլոդինը իր հերթին հորդորել է հրաժարվել տարածաշրջանի իրավիճակի կարգավորման հարցում եվրոպական կառույցներին ներգրավելուց: «Նրանք, ովքեր եվրոպական կառույցների ուղղությամբ են հայտարարություններ անում, կարող են երկիր կորցնել», - նախազգուշացրել է Ռուսաստանի օրենսդիր մարմնի խոսնակը և որպես օրինակ Ուկրաինան հիշատակել, պնդելով, որ այդ երկիրը կորցրել է պետականությունը, չունի մշակույթ, կրոնը ոտնահարված է, եկեղեցին՝ մասնատված։

«Նա, ով ցանկանում է խաղաղություն, ով ցանկանում է իրավիճակի կարգավորում, պետք է ոչ միայն հեռու մնա այդ քվազի խորհրդարաններից՝ և’ ԵԽԽՎ-ից, և’ Եվրախորհրդարանից, այլև հստակ գիտակցի, որ դրանց ներգրավումը կսրի իրավիճակը, կստեղծի նորանոր խնդիրներ։ Եվ եթե դա անում են, ապա պետք է պատասխանատվություն կրեն հետևանքների համար», - ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է Վոլոդինը և մատնանշել Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի Դաշնության ղեկավարների մակարդակով ընդունված հայտարարությունները՝ ակնկարկելով, որ պետք է հենց այդ փաստաթղթերով առաջնորդվել:

Հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն է տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Նախատեսվում է, որ առաքելության մանդատը կլինի երկու տարի, օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։ Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվելու է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց է տվել իր բացասական դիրքորոշումը տվյալ հարցում, Ադրբեջանն էլ վերապահումներ է հայտնել:

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերելք են ապրում․ Մատվիենկո

Գաֆարովայի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանում է դաշնակից երկրի հետ հարաբերությունները է՛լ ավելի խորացնելու նպատակով։

Մատվիենկոյի խոսքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններն արդեն վերելք են ապրում նախագահներ Պուտինի և Ալիևի «բարձր աստիճանի վստահությամբ և փոխըմբռնմամբ» աչքի ընկնող շփումների շնորհիվ:

«Կայուն և դինամիկ», - իր հերթին խոսելով ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերություններից՝ հայտարարել է Գաֆարովան։

Երկու պաշտոնյաներն էլ գոհունակություն են հայտնել ՝ անցած տարին արդյունավետ էր, կողմերի միջև տասը փաստաթուղթ է ստորագրվել, այդ թվում ամենակարևորն ու պատմականը՝ Մոսկվայի և Բաքվի դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը։

Երեկ ավելացավ ևս մեկը փաստաթուղթ՝ խորհրդարանական համագործակցության համաձայնագիր, որն, ըստ Վոլոդինի, թույլ կտա Ադրբեջանի և Ռուսաստանի խորհրդարանների գործակցությունը նոր մակարդակի հասցնել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG