Մատչելիության հղումներ

Ուկրաինայի հաղթանակից բացի այլ բան չի կարող լինել. Զելենսկի


«Ուկրաինայի հաղթանակից բացի, այլ բան չի կարող լինել։ Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցությունից բացի, այլ բան չի կարող լինել։ Այլընտրանք չունի նաև Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Ուստի ռուսական ագրեսիայից վերջնականապես ազատվելու, հողն ազատելու, մարդկանց ազատելու այլընտրանք չկա և չի լինի», - այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության ֆորումին։

Մինչ այդ էլ BBC-ին տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ռուսական բանակի կանխատեսվող գարնանային հարձակումն արդեն սկսվել է։ Այդուամենայնիվ, Ուկրաինայի նախագահը կարծում է, որ երկրի զինված ուժերն ի վիճակի են զսպել ռուսական զորքերի գրոհը և անցնել հակահարձակման, սակայն դրա համար նա արևմտյան երկրներից ավելի մեծ օգնություն է խնդրում։

Նույն հարցազրույցում Զելենսկին կրկին շեշտել է, որ Ուկրաինան տարածքային զիջումների ու փոխզիջումների չի գնա Վլադիմիր Պուտինի հետ։ Զելենսկու խոսքով, Ռուսաստանին զիջումների գնալը սխալ կլինի, քանի որ դրանից հետո Ռուսաստանը «կսկսի նորից ու նորից հարձակվել». - «Խնդիրը «փոխզիջում» բառը չէ, այլ այն, թե ում հետ գնալ փոխզիջման։ Պուտինի հետ փոխզիջումը հնարավոր չէ, քանի որ նրա նկատմամբ վստահություն չկա»։

Զելենսկին այս մասին այսօր խոսել է նաև Մյունխենում մեկնարկած անվտանգության համաժողովին՝ շեշտելով, որ Ուկրաինան կձգտի վերականգնել վերահսկողությունը իր ողջ տարածքի վրա, միջազգայնորեն ճանաչված սահմաններում և «զիջումների չի գնա»։

Ուկրաինան երբեք անվտանգ չի լինի, քանի դեռ Ղրիմը համենայն դեպս ապառազմականացված չէ. Նուլանդ

Տարածքային զիջումներ ասելով Արևմուտքում առաջին հերթին հասկանում են դեռևս 2014-ին բռնակցված Ղրիմը, որի ազատագրումը շատերին է խնդրահարույց թվում։ Արևմտյան մի շարք վերլուծաբաններ մտավախություն ունեն, թե Ղրիմը կորցնելու վտանգը կարող է ստիպել Պուտինին միջուկային զենք օգտագործել Ուկրաինայի դեմ։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի կարծիքով սակայն, օկուպացիայից հետո Ռուսաստանը Ղրիմը դարձրեց իր ռազմական հենակետը՝ այնտեղ տեղադրելով մարտական օբյեկտներ, զենքի պահեստներ և հրամանատարական կենտրոններ, որոնք սպառնում են և կշարունակեն սպառնալ Ուկրաինայի անվտանգությանը, քանի դեռ այնտեղ են։

«Սրանք օրինական թիրախներ են: Ուկրաինան հարվածում է այդ թիրախներին, և մենք աջակցում ենք դրան։ Ուկրաինան երբեք անվտանգ չի լինի, քանի դեռ Ղրիմը առնվազն ապառազմականացված չէ», - ասել է Նուլանդը՝ հավելելով, որ մինչև Ղրիմի խնդրին մոտենալը ուկրաինացի զինվորականներին դեռևս անհրաժեշտ է զգալի տարածքներ վերադարձնել։

Արևմտյան նոր զենքը, այդ թվում գերժամանակակից տանկերը Ուկրաինան դեռ չեն հասել, և մինչ ուկրաինական բանակը պատրաստվում է հայտարարված հակահարձակմանը, ռուսները առաջ են գնում։

Օրեր առաջ The Washington Post-ը գրել էր, որ, ըստ ուկրաինական և արևմտյան հետախուզության գնահատականների, Ռուսաստանը ներկայումս ունի մոտ 300 հազար զինվորական Ուկրաինայում, ինչը երկու անգամ ավելի է, քան ներխուժման սկզբում։

Ռուսները ռազմաճակատում առաջ են գնում մի քանի ուղղությամբ, այդ թվում Բախմուտի մոտ՝ հաշվի չառնելով ոչ միայն խաղաղ բնակչության շրջանում զոհերը, այլև սեփական կորուստները։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության տվյալներով, Ռուսաստանը 40-60 հազար զինվոր է կորցրել Ուկրաինայում, և խոսքը միայն սպանվածների մասին է։ Իսկ ընդհանուր կորուստները՝ վիրավորները ներառյալ, կարող են կազմել 200 հազար մարդ։

Լիակատար հաղթողներ այս պատերազմում դժվար թե լինեն. ամերիկացի քաղաքագետ

Մեկի շաբաթից կլրանա պատերազմի մեկ տարին, սակայն կողմերը այսօր ավելի հեռու են բանակցություններից, քան մեկ տարի առաջ։

Ամերիկացի քաղաքագետ Ջոն Լոքլին, օրինակ, համարում է, որ պատերազմը շարունակվելու է, և լիակատար հաղթողներ այս պատերազմում դժվար թե լինեն. - «Ցավոք, բանակցությունների որևէ նշան բացարձակապես չկա: Կարծում եմ, որ ամենահավանական սցենարն այն է, որ երկու կողմերն էլ կշարունակեն անել այն, ինչ անում են, և դա ուժերի քայքայման պատերազմ է: Եվ ես ենթադրում եմ, որ վերջում այն կողմը, որը կունենա ավելի շատ զորք, ավելի շատ սպառազինությունը, հավանաբար մի փոքր առաջ կանցնի»:

Այսօր, երբ Ռուսաստանը պատրաստվում է համերգով նշել հարևանի վրա կարձակման մեկ տարին, աշխարհի առաջնորդները Մյունխենում քննարկում են, թե ինչով և ինչպես օգնեն Ուկրաինային։

«Մենք պատրաստ ենք տևական հակամարտության», - Մյունխենում հայտարարել է Ֆրանսիայի նախագահը՝ ընդգծելով, որ Արևմուտքը անկասկած պետք է մեծացնի աջակցությունը Ուկրաինային`օգնելով անցնելու հակահարձակման։

«Հիմա Ռուսաստանի հետ բանակցելու լավագույն ժամանակը չէ», - ընդգծել է Էմանյուել Մակրոնը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG