Մատչելիության հղումներ

Ռուսների դուրս մղումը Ուկրաինայի ողջ տարածքից մոտակա ժամանակներում հավանական չէ. ԱՄՆ գեներալ


Գնալ բանակցությունների, թե շարունակել պատերազմը մինչև Ուկրաինայի բոլոր պահանջները կկատարվեն. երրորդ օրն է` հակամարտող կողմերի, ինչպես նաև Արևմուտքի պաշտոնյաները հրապարակավ այս հարցն են քննարկում:

«Նախընտրելի է բանակցել այն ժամանակ, երբ ուժեղ ես», - երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մարկ Միլլին, ընդգծելով` հենց հիմա է այն պահը, երբ Ուկրաինայի դիրքերն ամուր են, իսկ Ռուսաստանը` զգետնված:

«Ավելիին հասնել ռազմական ճանապարհով քիչ իրատեսական է», - զգուշացրել է ամերիկացի գեներալը. «Ուկրաինայից ռուսներին ֆիզիկապես դուրս մղելու ռազմական առաջադրանքը շատ դժվարին է, և առաջիկա շաբաթների ընթացքում այն դժվար թե իրականություն դառնա, եթե ռուսական բանակն ամբողջովին չփլուզվի, ինչը իրատեսական չէ: Ուստի, ուկրաինական բանակի հաղթանակը, եթե դրա տակ հասկանում ենք ռուսների դուրս շպրտումը Ուկրաինայի ողջ տարածքից, այդ թվում, ինչպես նրանք են պնդում, Ղրիմից, մոտակա ժամանակներում խիստ հավանական չէ, եթե դիտարկում ենք ռազմական տեսանկյունից: Քաղաքական լուծումը գուցե հնարավոր է»:

Ամերիկացի գեներալը միաժամանակ ընդգծել է, որ Կիևը պետք է որոշի` երբ և ինչպես է գնում բանակցությունների՝ հավելելով. «Վաշինգտոնը պատրաստ է աջակցել այնքան, որքան կպահանջվի»:

Բանակցությունների անհրաժեշտության մասին է խոսել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Երեկ BBC-ի եթերում Յենս Ստոլտենբերգն ընդգծել է` դրա համար երկու կողմերն էլ պետք է զենքերը վայր դնեն. «Մենք բոլորս ցանկանում ենք խաղաղություն և բանակցային լուծում։ Եթե Ռուսաստանը և նախագահ Պուտինը դադարեն կռվել, և Ուկրաինան նույնպես դադարեցնի ռազմական գործողությունները, խաղաղություն կլինի»:

Ուկրաինայում, սակայն, թերահավատորեն են ընդունում բանակցությունների առաջարկը՝ մտավախություն ունենալով, որ դրա արդյունքում հակամարտությունը պարզապես կսառեցվի, ոչ թե կլուծվի, Ռուսաստանն էլ դադարը կօգտագործի` մարտունակությունը բարձրացնելու և նոր հարձակումների գնալու համար:

«Մոսկվայի հետ բանակցությունները հնարավոր են միայն, երբ ռուսական զորքերն ամբողջովին դուրս գան օկուպացված տարածքներից, և Կիևը ստանա իրական երաշխիքներ, որ դա այլևս չի կրկնվի», - հայտարարում է նախագահ Զելենսկին: Նախօրեին նա այդ երաշխիքները ապահովող տասը կետանոց պահանջագիր էր հրապարակել, երեկ էլ նոր պայման է հավելել:

Կիևը չի ցանկանում հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ «կուլիսներում», բայց պատրաստ է հրապարակային երկխոսության։

«Ես առաջարկել եմ հրապարակային բանակցություններ, քանի որ Ռուսաստանը հրապարակային պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ», - ասել է նա:

Կրեմլն արձագանքել է, թե դա իրատեսական չի համարում:

«Նրանք ասում են, թե պատրաստ են բանակցությունների, բայց դրանք պետք է լինեն հրապարակային: Դժվար է պատկերացնել, թե դա ինչ է նշանակում, հրապարակային բանակցություններ ընդհանրապես չեն լինում: Հստակ է մի բան, որ ուկրաինական կողմը չի ուզում բանակցել: Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, և դրա նպատակները պետք է իրագործվեն», - հայտարարել է Կրեմլի խոսնակը՝ հավելելով, որ քանի դեռ հնարավոր չէ բանակցություններով հասնել նպատակներին, կշարունակվեն ռազմական գործողությունները:

Հրթիռակոծվել են Օդեսայի, Դնեպրի և Զապորոժիեի շրջանները

Գիշերը և առավոտյան հրթիռակոծվել են Օդեսայի, Դնեպրի և Զապորոժիեի շրջանները։ Կան զոհեր և վիրավորներ, հայտնում են ուկրաինական իշխանությունները։

Զապորոժիեն արդեն երկրորդ անգամն է հարձակման ենթարկվում:

Երկրում մտահոգություններն էլ ավելի են խորացել այսօր, երբ Կիևում առաջին ձյունն է նստել: Ռուսական հարվածների պատճառով Ուկրաինայի էներգետիկ համակարգը լրջագույն վնասներ է կրել, և շատերն են անհանգիստ, որ առաջիկա ամիսները կարող են ծանր լինել:

«Ես իսկապես սիրում եմ ձմեռն ու ձյունը, բայց առաջին անգամն է, որ վախենում եմ ցրտից, մտածում եմ մեր զինվորների մասին, առաջին միտքս էր գումար տալ Ուկրաինայի զինված ուժերին, և միայն դրանից հետո անհանգստությունս մի քիչ անցավ, թեև հասկանում եմ, որ մեզ դժվարին ժամանակներ են սպասվում», - ասում է տեղացիներից մեկը:

XS
SM
MD
LG