Մատչելիության հղումներ

Մոսկվայի և Բաքվի միջև տարաձայնությունները խորանում են


Ռուս խաղաղապահներն Արցախում, արխիվ

ՌԴ ներքին գործերի նախարարությունը 50 տարով արգելել է ադրբեջանցի նախկին դիվանագետ Իսֆանդիար Վահաբզադեի մուտքը Ռուսաստան: Վահաբզադեն, հիշեցնենք, ավելի վաղ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկուն և ռուսներին համեմատել էր «խոզերի» հետ:

Ադրբեջանցի նախկին դիվանագետի խոսքերը հասարակական բողոքի և քաղաքական սկանդալի պատճառ դարձան: Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը, մասնավորապես, հայտարարել է, որ Վահաբզադեն պետք է ներողություն խնդրի ռուսներից: «Ադրբեջանի նախկին դեսպանը տեսախցիկի առաջ ռուսներին «խոզեր» անվանեց: Դիվանագետը, թեև նախկին, հիանալի է զգում այն, ինչ կարելի է, ինչը՝ ոչ», - գրել է Տոլստոյը Telegram-ի իր ալիքում՝ հավելելով, թե Վահաբզադեն հետևանքներից չի վախենում։

Նախկին դեսպանը սկանդալային հայտարարությունն արեց այն բանից հետո, երբ Ժիրինովսկին կտրուկ խոսեց Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին՝ ասելով, որ այնտեղ բռնապետություն է, Ռուսաստանը «պետք է հետ բերի Ռուսական կայսրության ու Խորհրդային Միության բոլոր տարածքները», և Հարավային Կովկասն անվանեց Մոսկվայի ազդեցության գոտի:

Ադրբեջանցի դիվանագետի կոշտ հայտարարությունից հետո Ժիրինովսկին ասաց, թե կդիմի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` Վահաբզադեի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անմիջապես հրաժարվեց Վահաբզադեից՝ հայտարարելով, որ նա հեռացվել է աշխատանքից 2016 թվականին վատ աշխատելու պատճառով:

Պաշտոնական Բաքուն, իշխանամետ վերլուծաբանները, իշխող կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են, թե Վահաբզադեն ոչ ոք է, և նրա խոսքերը որևէ ազդեցություն չունեն Ադրբեջանում ու որևէ ձևով չեն արտահայտում Բաքվի դիրքորոշումը։

Մինչդեռ Մոսկվայի և Բաքվի միջև տարաձայնությունները գնալով խորանում են, ու այս մասին գրում են թե՛ ադրբեջանցի և թե՛ ռուսաստանցի վերլուծաբանները։

“Коммерсантъ”-ը, մասնավորապես, երեկ երեկոյան ծավալուն հոդված է հրապարակել, որում գրում է. - «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որտեղ տեղակայված է ռուսական զորախումբը, կրկին սրվել է: Բաքուն և Երևանը միմյանց մեղադրում են խաղաղ պայմանագրերը խախտելու մեջ: Բաքուն հայտարարում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի հայ զինծառայողների անօրինական տեղափոխման մասին և պահանջում, որ Մոսկվան անհապաղ միջոցներ ձեռնարկի»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախօրեին աննախադեպ հայտարարություն էր տարածել, որում փաստացի մեղադրում է ոչ միայն Երևանին, այլ նաև Մոսկվային եռակողմ համաձայնագրերը չկատարելու մեջ։ «Հայկական զինված ուժերն ամբողջությամբ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի ժամանակավոր տեղակայման գոտուց, ինչպես նախատեսված էր Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունում: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը, եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան, պետք է վերջ տան ադրբեջանական տարածքներում, որտեղ դրանք ժամանակավորապես տեղակայված են, Հայաստանի զինված ուժերի տեղակայման դեպքերին», - ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում, որին պաշտոնական Մոսկվան դեռ չի արձագանքել։

Հետպատերազմյան շրջանում Ղարաբաղի՝ հայկական ուժերի վերահսկողության տակ մնացած մասում հայկական զինված ուժերի մնալու հարցը Բաքուն պարբերաբար բարձրաձայնում էր, Մոսկվան նախկինում սրան պատասխանում էր, թե հայտարարությունում նշված է, որ ուժերը պետք է մնան այն դիրքերում, ուր կանգնած էին նոյեմբերի 9-ին։ Վերջին ամիսներին Մոսկվան գերադասում է շրջանցել Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին ծագող սուր խնդիրները և դիվանագիտական մեկնաբանություններ է անում միայն։

Իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական մամուլը հատկապես վերջին շրջանում քննադատում է Մոսկվային և գրում, թե ռուս խաղաղապահները, որ Ղարաբաղում են Ադրբեջանի թույլտվությամբ, իրենց աշխատանքը լավ չեն կատարում։ Մոսկվայի հասցեին քննադատությունն ակտիվացավ հատկապես վերջին շրջանում, երբ պաշտոնական Երևանը հայտարարեց, որ ռուս սահմանապահները տեղակայվելու են հայ - ադրբեջանական սահմանին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG