Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է՝ Հայաստանը խախտել է եռակողմ համաձայնությունը և նոր ուժեր կենտրոնացրել Ղարաբաղում


Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքը, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե Հայաստանը խախտել է նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնությունը և նոր ուժեր կենտրոնացրել Ղարաբաղում։

Ադրբեջանի բանակը կձեռնարկի համարժեք քայլեր, նման իրավիճակն անընդունելի է, հայտարարել է Բաքուն։

«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն Ղարաբաղում մնացած հայկական ուժերի մնացորդները պետք է դուրս բերվեին Ադրբեջանի տարածքից, որտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել», - հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը, ընդգծելով, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ժամանակավոր բնույթ է կրում։

«Վերջին օրերին Հայաստանը խախտել է եռակողմ հայտարարությունը՝ իր զինված ուժերը տեղափոխելով Ադրբեջանի տարածք և նոր հայկական դիրքեր բացել Մուխտարաքենդի ու Շուշաքենդի, ինչպես նաև Քելբաջարի և Լաչինի արևելյան հատվածներում։ Դրանով հայկական կողմը միտումնավոր գնում է սադրանքների՝ իրավիճակը սրելու համար», - պնդում է Բաքուն, հավելելով, որ ադրբեջանական բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները։

Ավելի վաղ՝ ամիսներ առաջ, այս հարցը նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էր բարձրացրել․ ով նաև միջազգային կառույցներին ու ՄԱԿ-ին էր դիմել, պնդելով, թե Հայաստանը ապօրինի ուժեր է կենտրոնացրել Ադրբեջանի տարածքում։ Հայկական կողմը Ադրբեջանից հնչող այդ մեղադրանքներին ի պատասխան մեջբերում է եռակողմ հայտարարության դրույթը, ըստ որի նոյեմբերի 9-ից հետո կողմերը մնում են զբաղեցրած դիրքերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG