Մատչելիության հղումներ

Հայաստանը առանցքային դաշնակից է Ռուսաստանի համար՝ Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցում, շեշտում է Շոյգուն


Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին բանակի արդիականացման ու վերակազմավորման հարցում, այսօր հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայ գործընկերոջ՝ Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում։

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս մեր փոխգործակցության զարգացմանը ռազմական ոլորտում՝ թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ՀԱՊԿ շրջանակներում։ Դրա հետ մեկտեղ պատրաստ ենք շարունակել աջակցությունը Հայաստանի Զինված ուժերի բարեփոխման ծրագրի իրագործմանը։ Խնդիրը հեշտ չէ, սակայն, կարծում եմ, Ձեր փորձառությամբ՝ այդ նպատակին հնարավոր կլինի հասնել», - ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, ասել է կառույցի ղեկավարը։

Շոյգուն նաև հավաստիացրել է, թե Հայաստանն Անդրկովկասում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն է։ «Մենք չափազանց շահագրգռված ենք այդ տարածաշրջանում կայունության պահպանմամբ», - ասել է նա՝ հիշեցնելով, որ Հայաստանում է գտնվում ռուսական 102-րդ ռազմակայանը, որը «լավ հագեցած է և հանդիսանում է անվտանգության երաշխավոր»:

Հայաստանի պաշտպանության նախարարությունն այլ մանրամասներ է հաղորդում երկկողմ բանակցություններից։ Ըստ այդ հաղորդագրության, Շոյգուն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է առավելագույն ջանքեր գործադրել Ղարաբաղում խաղաղության ամրապնդման և Հայաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։ Արշակ Կարապետյանն իր հերթին ասել է, թե այսօր հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակ տեղափոխվելու փուլում։

Թե ինչ աննախադեպ մակարդակի ու փուլի մասին է խոսքը՝ չի նշվում։

Կարապետյանը, որ նախարարի պաշտոնում է նշանակվել օրեր առաջ, արդեն երկրորդ անգամն է հանդիպում Սերգեյ Շոյգունի՝ վերջին երկու շաբաթվա մեջ։

Պաշտոնական Մոսկվան հաղորդում է, թե Կարապետյանը ընդգծել է, որ ինքը նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո առաջինը արտասահմանյան այցով հենց Մոսկվա է մեկնել։

«Ռուսաստանը միակ պետությունն է, որն անվտանգության առումով իրապես շոշափելի արդյունք է տալիս հայ ժողովրդին և այսօր զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև անմիջականորեն Հայաստանի սահմաններին։ Մենք պատրաստ ենք շատ սերտ ու արդյունավետ համագործակցության», - ըստ ռուսական կողմի, ասել է Հայաստանի նորանշանակ պաշտպանության նախարարը։

Հայկական կողմը, իր հերթին հաղորդում է, որ Կարապետյանը Շոյգուի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի սահմանների շուրջ ստեղծված օպերատիվ իրավիճակը՝ կարևորելով իրադրության խաղաղ հանգուցալուծման գործում Ռուսաստանի կողմից գործադրվող միջնորդական ջանքերը։

Խոսելով այս մասին ռուս գործընկերոջ հետ, ըստ պաշտոնական Երևանի, Արշակ Կարապետյանը կրկնել է այն խոսքերը, որ հնչեցրել էր նախօրեին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ՝ «Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և այդ ուղղությամբ բանակցությունների շարունակությանը, միևնույն ժամանակ` չի հանդուրժելու իր սահմանային շրջանների օկուպացումը և ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»։

Հաղորդվում է, որ երկու երկրների պաշտպանության նախարարները մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխգործակցության առաջիկա ծրագրերի շուրջ, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը՝ չի հստակեցվում։

Ուշ երեկոյան Հայաստանի ռազմական գերատեսչությունը հրապարակեց հետևյալ հաղորդագրությունը. - «ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ավարտին, նվերների հանձնման արարողության ընթացքում, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, դաշույն նվիրելով, ասել է. - «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»:

XS
SM
MD
LG