Մատչելիության հղումներ

Այս գործողություններով Ադրբեջանը ոչ այնքան ճնշում է գործադրում Հայաստանի վրա, որքան ուղերձներ հղում Ռուսաստանին. քաղաքագետ


Քաղաքագետ Բենիամին Պողոսյան
Քաղաքագետ Բենիամին Պողոսյան

Ադրբեջանի պնդումները, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է հայկական զորամիավորումների դուրս բերում Լեռնային Ղարաբաղից, բացահայտ կեղծիք է, հայտարարում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հայկական զորամիավորումների դուրսբերումը նախատեսված է միայն Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, որոնք հստակորեն մատնանշված են հայտարարությունում», - նշում է արտգործնախարարությունը։

Երեկ տարածած հայտարարությամբ Հայաստանի արտաքին գերատեսչությունն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարության այն պնդմանը, թե Հայաստանը խախտել է եռակողմ համաձայնությունը և նոր ուժեր կենտրոնացրել Ղարաբաղում։

Ի պատասխան՝ պաշտոնական Երևանն ընդգծում է, որ հայկական կողմն ամբողջովին կատարել է հայտարարության կետերը՝ մինչդեռ Ադրբեջանը սրան արձագանքել է այդ նույն տարածքներից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցմամբ և այնտեղ ապօրինի տեղակայմամբ։

Արտաքին գերատեսչությունը հիշեցնում է նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետը, որը հստակ սահմանում է. «...կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։

«Մինչդեռ ադրբեջանական զորամիավորումները հայտարարության ստորագրումից մեկ ամիս հետո հարձակում են սկսել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում զավթել են այդ բնակավայրերը, սպանել և գերեվարել հայ զինծառայողներին։ Ներկայումս ադրբեջանական կողմը նույնպես փորձում է նոր դիրքեր զբաղեցնել շփման գծի տարբեր հատվածներում՝ տարբեր զինատեսակներով այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով թիրախավորելով հայ դիրքապահներին», - ասված է պաշտոնական հայտարարությունում։

Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է Հայաստանի արտաքին գերատեսչության հայտարարությանը՝ պնդելով, թե հայկական կողմը փորձում է խուսափել ստանձնած պարտավորություններից. - «Հայաստանի արտգործնախարարության ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքին, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում ասվում է «կողմերը կանգ են առնում զբաղեցրած դիրքերի վրա»: Հարկ է ընդգծել, որ «կանք առնել» չի նշանակում «մնալ», - պնդել է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը, շարունակելով։ - «Հայկական կողմը կամ չի ըմբռնել ստորագրած փաստաթղթի էությունը, կամ ի սկզբանե մտադիր չի եղել ամբողջ ծավալով կատարել դրա պահանջները»:

Արցախի մարտական դիրքերի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառումը, ինչպես նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումը, թե Հայաստանը խախտել է եռակողմ համաձայնությունը և նոր ուժեր կենտրոնացրել Ղարաբաղում, քաղաքագետ Բենիամին Պողոսյանը կապում է Հայաստանի պաշտպանության նախարարի Մոսկվա այցի հետ։

«Այս գործողություններով ոչ այնքան շատ ճնշում են գործադրում Հայաստանի վրա, որքան ուղերձներ հղում Ռուսաստանին», - ասում է քաղաքագետը։ - «Ըստ երևույթին ակնարկվում է, որ Ադրբեջանը մտադիր չէ հրաժարվել այն ամենից, ինչ, ըստ Ադրբեջանի, ինքը պետք է ստանա։ Մենք հիմա չգիտենք ինչ բանավոր քննարկումներ են եղել, չեմ կարող ասել պայմանավորվածություններ, բայց առնվազն քննարկումներ են եղել թե՛ մինչև նոյեմբերի10-ը, թե՛ նախորդող վերջին օրերին, երբ հայտարարության տեքստն էր պատրաստվում, թե' նոյեմբերի 10-ից մինչև հունվարի 11-ը ընկած ժամանակահատվածում և թե' հունվարի 11-ից հետո քննարկումներին մենք ծանոթ չենք։ Եթե չասենք պայմանավորվածություններ, քննարկումներ առնվազն եղել են։ Իմ պատկերացմամբ, այդ քննարկումներից Ադրբեջանի մոտ ձևավորվել է տպավորություն, որ Հայաստանը պատրաստ է կատարել որոշակի քայլեր, և հիմա, երբ մեր մոտ, հունիսի 20-ի ընտրություններից հետո, նույն ուժը մնաց իշխանության և վարչապետի փոփոխություն տեղի չունեցավ, ինձ թվում է, Ադրբեջանը, հասկանալով այն էական ազդեցությունը, որ հիմա Ռուսաստանն ունի Հայաստանի նկատմամբ, իսկ այդ ազդեցությունն ակնհայտորեն 2020-ի պատերազմից հետո էականորեն ավելացել է, հիմա ուղերձ են հղում Ռուսաստանին, որպեսզի Ռուսաստանը ևս օգտագործի այդ ազդեցությունը Հայաստանի նկատմամբ, որպեսզի հնարավորինս արագ ադրբեջանցիները ստանան այն, ինչ, իմ գնահատմամբ, իրենց մոտ կա տպավորություն, որ Հայաստանն այս կամ այն ձև համաձայնվել է այդ քայլերը կատարելու»։

«Իր հայտարարությամբ Ադրբեջանը անհեթեթ մեղադրանքներ է հնչեցնում», - ասում է քաղաքագետը՝ նշելով, որ մինչ օրս Բաքուն ակնհայտորեն շարունակում է նոյեմբերի 10-ի հայտարարության կետերը խախտել։

Նրա խոսքով, Ադրբեջանը այսպիսով փորձում է Ռուսաստանին հասկացնել, որ եթե որոշ քննարկումներ կամ պայմանավորվածություններ չկատարվեն, ապա իրենք պատրաստ են նաև խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար, այդ թվում՝ խաղաղապահների տեղակայման գոտում։ Այդ իսկ պատճառով էլ հայտարարությունում մի քանի անգամ ընդգծվում է, որ «ռուսական խաղաղապահ առաքելությունը ժամանակավոր բնույթ է կրում»։

«Սա ևս անուղղակիորեն ակնարկ է Ռուսաստանին, որ մենք կարող ենք նաև քայլեր ձեռնարկել 2025-ի նոյեմբերին խաղաղապահ ուժերի դուրս հանելու ուղղությամբ։ Իհարկե պարզ է, որ միայն Ադրբեջանի ցանկությամբ այդ հարցը չի որոշվում, բայց, ամեն դեպքում, ավելորդ խնդիրներ Ռուսաստանի համար կարող են առաջանալ»։

Նախորդ շաբաթ Պաշտպանության նախարար նշանակված Արշակ Կարապետյանը վերջին երկու շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամն է հանդիպում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարը երեկ տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին բանակի արդիականացման ու վերակազմավորման հարցում։

Մհեր Հակոբյան
Մհեր Հակոբյան

Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանի խոսքով, ակնկալվում է, որ Ռուսաստանը խոշոր աջակցություն կցուցաբերի Հայաստանին, կօգնի նաև վերականգնել 44-օրյա պատերազմում կրած ռազմատեխնիկական կորուստները. - «Այն կունենա ինչպես կոնկրետ ռազմաքաղաքական բաղադրիչ ի դեմս տեխնիկական հագեցվածության, մասնագետների պատրաստման, ժամանակակից պատերազմների վարման միջոցների տրամադրման, այնպես էլ արդեն քաղաքական բաղադրիչ, ի դեմս համատեղ գործողությունների։ Համենայն դեպս, դատելով պաշտոնական բաքվի նյարդային արձագանքից, սա մեր օգտին է։ Կարծում եմ, որ համագործակցությունը պետք է հենց տեխնիկական ոլորտում լինի՝ ԱԹՍ-ներ, օդային գերակայության ապահովման միջոցներ, ՀՕՊ միջոցներ, ռադիոէլեկտրոնային պայքար, ռադիոէլեկտրոնային հետախուզություն և այլն»։

Երեկ գործընկերների հետ հանդիպումից հետո Հայաստանի ռազմական գերատեսչությունը հրապարակեց հետևյալ հաղորդագրությունը. - «ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ավարտին, նվերների հանձնման արարողության ընթացքում, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, դաշույն նվիրելով, ասել է. - «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG