Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Արցախի մարտական դիրքերի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել. ՊԲ


Արցախի տարածքում խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարք, արխիվ
Արցախի տարածքում խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարք, արխիվ

Այսօր առավոտյան ադրբեջանական զինուժը Արցախի մարտական դիրքերի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել, փոխանցում է Պաշտպանության բանակը։

Հաղորդվում է, որ հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Միջադեպի մանրամասների մասին հայկական կողմը տեղեկատվություն է տրամադրել Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ադրբեջանի սադրանքներին Մոսկվայում Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ առանձնազրույցում անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Կարապետյանը շեշտել է խաղաղապահների պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից ժամանակ առ ժամանակ իրականացվող սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիությունը և որպես օրինակ նշել այսօր արձանագրված հարվածային անօդաչուի կիրառումը։

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն Ադրբեջանի նման վարքագիծը պայմանավորում է նախորդ երկու օրերին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի այցով Հայաստան։

«Բնական է, որ պրովոկացիաների հմուտ մասնագետներ են։ Դրանով փաստորեն փորձում են վարկաբեկել ՀԱՊԿ-ը, որովհետև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանում է, իսկ իրենք անօդաչու թռչող սարք են կիրառում։ Իհարկե, այդ անօդաչու թռչող սարքի կիրառումը որևէ բան չի փոխում սահմաններում, որևէ ձևով չի ազդում ուժերի դասավորվածության վրա։ Այսինքն՝ որևէ մարտական, ռազմական նպատակի հասնելուն չի ծառայում։ Բայց այլ հարթությունում պետք է գնահատել այսպիսի արարքների էֆեկտիվությունը։ Որովհետև լայնածվալ պատերազմ չեն կարողանում սկսել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաբայանը։

Իր հերթին, պաշտոնական Բաքում հայկական կողմին է մեղադրում 44-օրյա պատերազի ավարտը ազդարարող եռակողմ հայտարարության դրույթները խախտելու համար և հայտարարում, թե Հայաստանը նոր ուժեր է կենտրոնացրել Ղարաբաղում։ Ադրբեջանի բանակը կձեռնարկի համարժեք քայլեր, նման իրավիճակն անընդունելի է, հայտարարել է Բաքուն։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հղում անելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ պնդում է, որ, ըստ դրա, Ղարաբաղում մնացած հայկական ուժերը պետք է դուրս բերվեին այն տարածքից, որտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել։ Բաքուն նաև ընդգծում է, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ժամանակավոր բնույթ է կրում։

Հայկական կողմը Ադրբեջանից հնչող այդ մեղադրանքներին ի պատասխան մեջբերում է եռակողմ հայտարարության դրույթը, ըստ որի, նոյեմբերի 9-ից հետո կողմերը մնում են զբաղեցրած դիրքերում։

Արցախի արտգործնախարարի գնահատմամբ, Ադրբեջանը չի գնում լայնածավալ պատերազմի հենց տարածաշրջանում ռուսական ներկայության պատճառով, քանի որ դա կլինի նաև հարձակում ռուսական խաղաղապահ ուժերի, հետևաբար՝ Ռուսաստանի վրա։ Այս է պատճառը, որ նման վարքագծով պաշտոնական Բաքուն պարզապես փորձում է Արցախում վհատություն սերմանել, հուսալքել բնակիչներին, որ հեռանան Արցախից։

Ըստ Բաբայանի, Ադրբեջանի մյուս նպատակը Ռուսաստանին վարկաբեկելն է. - «Նրանց համար ռուսական ներկայությունն այստեղ անընդունելի է։ Իրենք հասկանում են, որ քանի դեռ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը այստեղ են, իրենք չեն կարող Արցախի խնդիրը կարգավորել ուժով, այսինքն՝ կոտորել մեզ, հասնել իրենց ցանկացած նպատակին»։

Դիտարկմանը, որ ադրբեջանցիները ևս տվել իրենց համաձայնությունը խաղաղապահների տեղակայմանը, Բաբայանն արձագանքեց. - «Համաձայնվել են, որովհետև չեն կարողացել որևէ այլ ձևով այդ հարցը կարգավորել։ Որպեսզի քանդեն հայ-ռուսական բարեկամությունը, նաև դիմում են այդպիսի քայլերի, որ մերոնք ասեն, մարդիկ կան արդեն խոսում են՝ բա ինչի՞ ռուսը չի կրակում և այլն։ Կարծես թե սպասում են այդ բաներին։ Որովհետև ինքը խաղաղապահ է, ինքը չի ուզում այս պահի դրությամբ պատերազմի մեջ մտնի։ Եվ Ադրբեջանը և Թուրքիան հմտորեն դա օգտագործում են»։

Արցախի արտգործնախարարը ստեղծված իրավիճակում շեշտում է Արցախում թուրքական ներկայությունը և պնդում է՝ ակնհայտ է նրանց նպատակը. - «Մոռացեք Զանգեզուրի մասին։ Զանգեզուրը պարզապես այն ուղղությունն է, որ արդեն մեկնարկել է։ Երևան, այ սա է իրենց հիմնական նպատակը։ Հիմա թուրքական ներկայություն է Արցախում, Թուրքիան այստեղ է։ Ի՞նչ է, Ադրբեջանն ավելի մոտիկ է Ռուսաստանի՞ հետ, թե՞ Թուրքիայի»։

Պաշտպանության բանակը երեկ ևս հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը հարավ-արևմտյան՝ Շոշ-Մխիթարաշեն հատվածում խախտել է հրադադարի ռեժիմը՝ հրաձգային, ինչպես նաև հակատանկային նռնականետով կրակ արձակելով հայկական դիրքերի ուղղությամբ, վնասվել էր միայն մեկ քաղաքացիական մեքենա։

Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդել է, որ Շուշիի բնակելի շրջանում փոխհրաձգություն է տեղի ունեցել արցախյան և ադրբեջանական ուժերի միջև։ Տուժածներ չկան, և ռուսական ռազմական գերատեսչության փոխանցմամբ, ռուսական խաղաղապահ ուժերի նախաձեռնությամբ կողմերի հետ համատեղ քննություն է անցկացվում՝ պարզելու եղելությունը։

Լարվածությունը չի մարում նաև Հայաստանի սահմաններում, որտեղ սկսվել է ռուս սահմանապահերի տեղակայումը։ Անցած շաբաթ Պաշտպանության նախարարությունը հաստատեց, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում ռուս սահմանապահների ուղեկալ է տեղադրվել։

Տավուշի Ազատամուտ գյուղի ղեկավարի փոխանցմամբ, արդեն 10 օր գյուղում են գտնվում 2 ռուս և 10 հայ սահմանապահներ։ Ժամանակավոր են իրենց գյուղում, փոխանցեց Արթուր Բեգինյանը, նշելով, որ նրանք տարածք են փնտրում՝ հաստատվելու համար։ Հավանաբար, ուղեկալը կտեղակայվի ոչ թե իրենց գյուղում, այլ Այգեհովիտում. - «Իրանք էկել են մի տասը օր առաջ, տարածքներ են նայել որոշակի, հավանական, որտեղ ա հարմար, որ իրանք տեղակայեն իրենց հիմնական զաստավան»։

Հարցին, թե ինչպես են գնահատում ռուս սահմանապահների տեղակայումը, Ազատամուտի ղեկավարը պատասխանեց՝ լավ կլիներ, որ մենք կարողանայինք մեր հարցերը լուծել։ Բայց հիշեցրեց մայիսից Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանցիների մասին, որոնց սատարում է Թուրքիան։ - «Մենք կկարողանայինք լուծենք, եթե հարցը լիներ մենակ Ադրբեջան - Հայաստան, որովհետև Ադրբեջանը հաստատ շատ անգամ թույլ ա Հայաստանից։ Բայց եթե հարցին խառնվում ա Պակիստան, Թուրքիա, Սիրիայից ահաբեկիչներ, էդ պարագայում մի քիչ դժվարցանք։ Ու իրականությունը մեզ ցույց տվեց , որ ինչ ունեցանք»։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը Ոսկեպարում ռուս սահմանապահների տեղակայմանն անդրադառնալով՝ հայտարարել էր, որ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում, և որ շինաշխատանքներ են իրականացվում սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։

Տավուշի մյուս բնակավայրերում ուղեկալների տեղակայման մասին Հայաստանի ռազմական գերատեսչությունն առայժմ լռում է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG