Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ԶՈւ-ն Արցախում փորձել է խախտել շփման գիծը. ՊԲ 


Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողը մարտական դիրքում, արխիվ

Չնայած Արցախում ռուս խաղաղապահների ներկայությանը, իրավիճակը աստիճանաբար սրվում է՝ նախորդ օրերին ադրբեջանական զինուժի կողմից նռնականետի և հարվածային անօդաչուի կիրառումից հետո, այսօր Պաշտպանության բանակը հաղորդել է ադրբեջանցիների կողմից շփման գծի խախտման փորձի մասին։

«Օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը։ Պաշտպանության բանակի հակազդող գործողությունների արդյունքում փորձը կանխվել է, հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր։ Հայկական կողմից կորուստներ չկան», - կարդում ենք Արցախի ռազմական գերատեսչության այսօր տարածած մամլո հաղորդագրությունում, ուր նշված է նաև, թե «ադրբեջանական կողմի սադրանքի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարությունը»:

Երեկ առավոտյան, ինչպես հայտնի է, հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ, իսկ օգոստոսի 9-ին Շոշ-Մխիթարաշեն հատվածում հայկական դիքերի ուղղությամբ հրաձգային զենքից բացի ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ: Երկու միջադեպերի հետևանքով հայկական կողմը կորուստներ չունի:

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե Ադրբեջանի նման գործելաոճը նորություն չէ, հայկական կողմը պետք է պատրաստ լինի դրան, որովհետև սադրանքները շարունակվելու են։

«Ադրբեջանի քաղաքականության մեջ սա լրիվությամբ տեղավորվում է, այսինքն փորձում են Արցախի բնակչության մեջ անվստահություն ամրապնդել ապագայի նկատմամբ, փորձում են դրանով խարխլել ռուս խաղաղապահ առաքելության գործունեությունը և չի բացառվում, որ սա նաև Թուրքիայի դրդմամբ է կատարվում: Այս ամենը մշակված քաղաքականություն է: Նման փոքր քայլերով նրանք փորձում են հասնել մեծ աշխարհաքաղաքական նպատակների, ամենակարևորը Արցախի հայաթափումն է», - ասաց Բաբայանը:

Երեկ հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, թե Հայաստանը խախտել է նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնությունը և նոր ուժեր կենտրոնացրել Ղարաբաղում՝ պահանջելով տարածաշրջանում, ըստ պաշտոնական Բաքվի, ժամանակավոր տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերից վերջ դնել Հայաստանի զինված ուժերի ներկայությանը «Ադրբեջանի տարածքներում»։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ ադրբեջանական նման գարծելաոճի նպատակը նաև ռուսական կողմից որոշակի զիջումներ կորզելն է:

«Ռուսաստանն Ադրբեջանի նկատմամբ որոշակի քաղաքականություն է վարում, փորձում է ինտեգրել Ադրբեջանին Եվրասիական տնտեսական միության մեջ, միգուցե ապագայում նաև ՀԱՊԿ-ի մեջ, և պարզ է, որ Բաքուն այդքան էլ չի ցանկանում ներգրավվել այդ գործընթացների մեջ: Գիտենք նաև, որ խնդիր կա ռուս խաղաղապահների մանդատի հարցով. Ադրբեջանը պատերազմից հետո հրաժարվում է ստորագրել այդ մանդատը, որը հստակ կձևակերպի խաղաղապահ առաքելության գործառույթները ու պատասխանատվության շրջանակները և միջազգային կազմակերպությունների զեկույցներից գիտենք, որ այդ մանդատի դիմաց Ադրբեջանն անընդհատ փորձում է ինչ-որ զիջումներ կորզել», - ասաց Գրիգորյանը:

XS
SM
MD
LG