Մատչելիության հղումներ

Փաշինյանի ու Քոչարյանի հաղթանակի դեպքում արժանանալու ենք ողջ աշխարհի ծաղրուծանակին, հայտարարում է Տեր-Պետրոսյանը


Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին, թե՞ ոչ։ Նախընտրական ինտրիգային այս հարցը Կոնգրեսի այսօրվա համագումարում Տեր-Պետրոսյանը կարծես թե հանգուցալուծեց։

«Նստեք, բայց զգուշացնում եմ` մի բան եմ ասելու, դրանից հետո ավելի ուժեղ ծափ չտաք, դահլիճը կփլվի: Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, կարող է փոշմանի, այս ձեր ծափերը կարող է խաբուսիկ են, մասնակցել ընտրություններին, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ Կոնգրեսի ցուցակը գլխավորելու պարտավորությունը ջարդվելու է իմ գլխին», - հայտարարեց նա:

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդի հարցուպատասխանից ուրվագծվեց, որ մտադիր են մասնակցել, 76-ամյա Տեր-Պետրոսյանն էլ ցուցակը գլխավորելու է։ Բայց պաշտոնական հայտարարություն դեռ չկա, նորընտիր վարչությունը առաջիկա երկու օրվա ընթացքում պաշտոնապես կհայտարարի որոշման ու ցուցակը գլխավորող թեկնածուի մասին. «Դժվար է լինելու, բայց մի ճշմարտություն կա. Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի համատարած կակաֆոնիայի մթնոլորտում, ինչպես մեկ անգամ արդեն ասել եմ, ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի»:

Այսօրվա համագումարում ձևավորվեց նորընտիր վարչությունը, կուսակցության ղեկավար վերընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, նա նախագահի միակ թեկնածուն էր։ Փոխնախագահները կընտրվեն վարչության առաջիկա նիստում։ Ինչպես նախկին, այնպես էլ նորընտիր վարչության 35 հոգանոց կազմում է ներքին գործերի նախկին նախարար, միջազգային հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանը։ Դա խորհրդանշական բնույթ ունի։

Մինչ նախընտրական պայքարին միանալ-չմիանալու թեմային անդրադառնալը, նախ Տեր-Պետրոսյանը խոսեց Հայաստանում ստեղծված ծանր իրավիճակի պատճառների, երկրին սպառնացող վտանգների ու ելքերի մասին։

«Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ պարտությունն ինքներս ենք բերել մեր գլխին` վերջին 23 տարիների ընթացքում մեր երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետևանքով: Պարտության հիմքը դրվել է 1998 թվականին` այդ իշխանությունների կողմից որդեգրված ստատուս քվոյի պահպանման և ոչ մի թիզ հող չզիջելու հնարավորության սին հավատամքի վրա: Իսկ պարտության ավարտն ազդարարվել է Փաշինյանի` «Արցախը Հայաստան է և վերջ» սադրիչ հայտարարությամբ, և ինչը եղավ Հայաստանի վերջը` Ղարաբաղի վերջը», - նշեց ՀԱԿ առաջնորդը:

Իսկ ինչո՞ւ ինքը չկարողացավ լուծել Արցախի հարցն ու հրաժարական տվեց նախագահի պաշտոնից։ Հայաստանի նախկին ղեկավարն ասաց՝ իր խաղաղության ծրագրի դեմ պայքարող ներիշխանական խմբավորումն իրեն զրկել էր քաղաքական ուժերի աջակցությունից։ Խաղաղության ծրագրի դեմ պայքարողները պատրաստ էին քաղաքացիական պատերազմի։ Հրաժարական է տվել բացառապես դրանից խուսափելու համար. «Վազգեն Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էին նման պատերազմի»:

Ի՞նչ է ակնկալում առաջիկա ընտրություններից Կոնգրեսի առաջնորդը. կանխել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Փաշինյանի իշխանության վերարտադրությունը ու Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը. «Նախ և առաջ թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը, ինչն, ի դեպ, հարյուր տոկոսով լուծելի էր երեք նախագահների դաշինքի կայացման պարագայում: Դա լուծված հարց էր, եթե այդ դաշինքը կայանար, Նիկոլը երբեք չէր վերադառնա իշխանության: Երկրորդ՝ բացառել Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը, ինչը ևս լուծվում էր նույն պարագայում»:

Լևոն Տեր-Պետրոսյանն առաջին և երկրորդ նախագահներին մարտի 25-ին առաջարկել էր միասնաբար` Ազգային համաձայնության դաշինքով մասնակցել սպասվող ընտրություններին՝ կանխելու Նիկոլ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը, որն ըստ նրա` Հայաստանի և Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից և Թուրքիայից բխող հնարավոր սպառնալիքները։ Ռոբերտ Քոչարյանը կտրուկ մերժել էր առաջարկը, իսկ Սերժ Սարգսյանը անարդյունավետ համարել, եթե բոլորի միջև համաձայնություն չկա։ Ի՞նչն է ստիպել Տեր-Պետրոսյանին նման առաջարկ անել իր քաղաքական հակառակորդներին։ Այս առաջարկը դավադրության ու բարոյականության տեսանկյունից քննարկողների, քննադատողների համար պարզաբանեց։ Աշխարհի տարբեր երկրներում նույնիսկ քաղաքացիական պատերազմներում միմյանց դեմ պատերազմող ուժերն են համախմբվում, երբ երկիրը հայտնվում է կործանման եզրին.

«Նման կարիք առաջանում է միայն այն պայմաններում, երբ հակամարտող ուժերը գիտակցում են, որ երկիրը հայտնվել է կործանման եզրին և հանուն պետականության նրանք նույնիսկ դիմում են արտակարգ քայլերի»:

Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Քոչարյանի եռակողմ դաշինքի առաջարկը մերժելը նշանակում է, որ նա առաջնորդվել է ոչ թե պետական շահի գիտակցությամբ, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանից վրեժ լուծելու մոլուցքով։ Իսկ Սերժ Սարգսյանն, ըստ նրա, իշխանության վերադառնալու նպատակ չի հետապնդում, այլ ուզում է հանրապետականների փոքր խմբի տեսնել Ազգային ժողովում. «Սա թեև մարդկային տեսակետից գնահատելի քայլ է, այնուամենայնիվ նույնպես որևէ կապ չունի պետական շահի գիտակցության հետ»:

Ըստ Հայաստանի նախկին ղեկավարի` սպասվող ընտրություններում վտանգավոր է թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը, նրանցից որևէ մեկի հաղթանակի պարագայում ներքաղաքական հակամարտությունն ավելի է սաստկանալու. «Փաշինյանի կամ Քոչարյանի հաղթանակի դեպքում արժանանալու ենք ողջ աշխարհի ծաղրուծանակին. աշխարհը չի հասկանալու, թե ինչպես է հայ ժողովուրդը ղեկավար ընտրում այն ուժերից մեկին կամ մյուսին, որը կործանման է հասցրել երկիրը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG