Մատչելիության հղումներ

Նորանոր աղետներից խուսափելու միակ միջոցն այս պահին էլ երեք նախկին նախագահների դաշինքը կլիներ. Տեր-Պետրոսյան


«Ինչ ուզում է ասեն, փաշինյանական հանցավոր և ազգակործան վարչախմբի վերարտադրման վտանգի կանխման և նորանոր աղետներից խուսափելու միակ միջոցն այս պահին էլ հանրապետության երեք նախկին նախագահների դաշինքը կլիներ», - iLur.am-ում հրապարակած հոդվածում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանը:

«Այլապես մեզ սպառնում են վարչական, ֆինանսական, քրեական ռեսուրսների համատարած օգտագործմամբ ուղեկցվող կատաղի ընտրություններ, որոնց արդյունքը Հայաստանի և Արցախի համար կարող է ավելի աղետաբեր լինել, քան վերջին պատերազմում կրած նվաստացուցիչ պարտությունը», - նաև ընդգծել է Տեր-Պետրոսյանը:

Հիշեցնենք՝ մայիսի 5-ին ilur.am-ում հրապարակած հոդվածում առաջին նախագահը տեղեկացնում էր, որ մարտի 25-ին Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հետ հանդիպմանը, որը կայացել էր իր նախաձեռնությամբ, ինքը Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին առաջարկել էր ընդունել իր կողմից կազմված հայտարարություն: Ռոբերտ Քոչարյանն անմիջապես մերժել է այդ առաջարկը:

Հայաստանի առաջին նախագահը այսօրվա հոդվածում տեղեկացնում է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից իր առաջարկի կտրուկ մերժումից հետո մայիսի 1-ին հանդիպել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և նրան առաջարկել ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իր կողմից շարադրված հետևյալ հայտարարությամբ. «Հայտարարում ենք՝ որ անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով: Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը դրական արձագանքի կարժանանա ողջ հայության և միջազգային հանրության կողմից։

Ընտրական գործընթացի սկզբնավորման պաշտոնական հայտարարումից և դաշինքի ցուցակի հրապարակումից հետո հանդես կգանք մամլո ասուլիսով։

Երկրի քաղաքական կյանքում անձամբ մեր երկուսի ապագա դերակատարությունը պատկերացնում ենք բացառապես միջազգային հարաբերությունների և անվտանգության ոլորտներում վարչապետի կողմից հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների կարգավիճակում»:

Տեր-Պետրոսյանը նշում է, որ այս հայտարարությունների գաղտնազերծմամբ հետապնդում է ընդամենը մեկ նպատակ. «այն է՝ հասարակական ճնշում բանեցնել երկրորդ և երրորդ նախագահների վրա, իմ պատկերացրած դաշինքի իրականանալիությունը դեռևս բացառված չհամարելով: Դատելով իմ նախորդ հրապարակման արձագանքներից, ես համարում եմ, որ մասամբ հասել եմ իմ նպատակին: Բազմաթիվ քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, լրագրողներ, մտավորականներ, որոնք երբեք իմ համակիրը չեն եղել, ողջունել են այս նախաձեռնությունը: Վստահ եմ, որ նույնպիսի արձագանքի կարժանանա նաև այս հրապարակումը»:

Նա նաև ընդգծել է, որ առաջին անգամ մեր երկրում «ականատես ենք դառնում իրական քաղաքական բանավեճի, ինչին ինձ չհաջողվեց հասնել 1997 թվականին հրապարակած «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի պարագայում»:

«Վերջում, ուզում եմ արձագանքել իմ հասցեին հնչող մի բարոյական կշտամբանքի, թե ես, գաղտնազերծելով նման փաստաթղթեր, խախտել եմ խորհրդապահության պայմանը: Հայտնում եմ, որ նախ՝ չհրապարակելու պայմանավորվածություն չի եղել, և երկրորդ՝ որպես սկզբունք, ես երբեք ժողովրդի թիկունքում գաղտնի գործարքների չեմ գնացել:

Պարտք եմ համարում նաև տեղեկացնել, որ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը ոգևորված են եղել եռակողմ դաշինքի գաղափարով և մեծ ջանքեր են գործադրել դրա իրականացման ուղղությամբ», - եզրափակել է առաջին նախագահը:

Հիշեցնենք՝ երեկ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ առաջիկա ընտրություններին Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի Հայ հեղափոխական դաշնակցություն և նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների դաշինքը։ Սերժ Սարգսյանի Հանրապետականն էլ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով է մասնակցելու հունիսի 20-ին նախատեսված արտահերթին։ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը ընտրություններին մասնակցել-չմասնակցելու որոշումը դեռ չի հանրայնացրել։

XS
SM
MD
LG