Մատչելիության հղումներ

Գործող իշխանության անկարողության պատճառով է Քոչարյանը հայտնվել Ազատության հրապարակում. պատգամավոր


Պատգամավոր Արման Բաբաջանյան, արխիվ
Պատգամավոր Արման Բաբաջանյան, արխիվ

Սպասվող ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի հաղթանակի հավանականությունը պետք է գնահատել քոչարյանական տարիների հնչեղ դեպքերով, երկրորդ նախագահին հակադարձում է իշխող խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ու հիշեցնում Հոկտեմբերի 27-ը։

«99 թվականին կրակ բռնկվեց Հայաստանի Հանրապետությունում իր իշխանության օրոք, տեղի ունեցավ Հոկտեմբերի 27, և այդ կրակը տարավ մի քանի կյանքեր իր իշխանության օրոք և տարավ մի քանի կյանքեր, այդքան բան չէր, հասկանալի է, և այդ կրակի ծխից մինչև հիմա մեր ժողովուրդը խեղդվում է», - ասում է Միքայելյանը:

Քոչարյանի իշխանության օրոք Հոկտեմբերի 27-ի կրակն է բռնկվել, Փաշինյանի օրոք էլ` 44-օրյա պատերազմը՝ ծանր հետանքներով. հիշեցրինք պատգամավորին։ Սպասվող ընտրություններում Փաշինյանը խոցելի չէ՞։ «Լսեք, խոցելի չի, մենք պետք է գանք մի հատ հենման կետի, հասկանանք` ինչ է կատարվել, և ես չեմ ասել` Նիկոլ Փաշինյանը մեղավոր չի, Սասուն Միքայելյանը մեղավոր չի, կամ էն մեկը մեղավոր չի, բայց չի կարելի բարդեն էն տարիների չարած գործն այսօրվա վրա», - նշում է նա:

Ընտրություններում Ռոբերտ Քոչարյանը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Փաշինյանի դեմ պայքարելու է «Հայաստան» դաշինքով՝ Դաշնակցության և «Վերածնվող Հայաստանի» հետ։ Երեկ Ազատության հրապարակի հարթակից հայտարարեց` Փաշինյանի իշխանությանը 42 օր է մնացել, իսկ իր ընտրողներին խոստացավ արժանապատիվ խաղաղություն. «Դա չի կարող անել մի իշխանություն, որը մարմնավորում է պարտություն, խայտառակություն, վնաստացում, մահեր, զոհեր, չեն կարող անել»:

«Պատերազմը 1-2 օրվա բան չի, պատերազմը տարիների հարց է, որը եղել, այսինքն` անպատրաստ ենք եղել տարիների ընթացքում սպարապետից հետո անպատրաստ ենք պատերազմի մինչև այս իշխանությունները, և այդ ժամանակահատվածում, ես նեռվայնանում եմ արդեն էտ հարցերից, հասկանո՞ւմ եք այդ ժամանակահատվածում եթե մենք Շուշիից ու Հադրութից ենք խոսում, կարային իրենց տարած-լափած գումարներով Հադրութից մինչև Շուշի թունել անցկացներ», - նշում է Սասուն Միքայելյանը:

Ռոբերտ Քոչարյանը քննադատում է, թե Հայաստանի սահմաններն անվտանգ չեն, Արցախի ապագան մշուշոտ է, տնտեսական ճգնաժամ է, պարտված իշխանությունը չի կարող արժանապատիվ բանակցել, և իր` ընտրություններին չմասնակցելը դասալքություն կլիներ։ Սասուն Միքայելյանը հակադարձում է` պատերազմն անխուսափելի էր, նախկին իշխանություններն էլ են մեղավոր. «Պատերազմն անխուսափելի է, կարող է էսօր լինի, վաղը լինի, մյուս օրը լինի»:

Փաշինյանի իշխանության անկարողության պատճառով է Ռոբերտ Քոչարյանը հայտնվել Ազատության հրապարակում ու ազդարարում իր վերադարձը, որտեղ 2008-ին ժողովրդի ջարդը սկսեց, Ազգային ժողովում հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Ժողովուրդը Փաշինյանին մանդատ չէր տվել, որ Քոչարյանին հետ բերեր ու փաթաթեր իր վզին. «Շատ ծանր օր էր նախօրեն. ըստ էության, Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը ձեռք ձեռքի խուժեցին Ազատության հրապարակ: Տարիներ շարունակ ազատության գաղափարներն այլասերածները, ժողովրդավարական արժեքները ոտնահարածները, ընտրական համակարգը ոչնչացրածները, ընտրությունների ժամանակ բռնությունը որպես գործիք օգտագործածները խոսում են այդ նույն Ազատության հրապարակից օրիանականության հաստատման մասին: Մեր ժողովուրդը ձեզ այդպիսի մանդատ չէր տվել, հարգելի՛ իշխանություն, իրավունք չէր տվել մեր վզին փաթաթել այս հանցագործներին: Ձեր իշխանությունն է պատասխանատու Ազատության հրապարակը պղծելու համար»:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որ սպասվող ընտրապայքարում դարձյալ ընտրողին երրորդ ճանապարհ է առաջարկում, կարծում է, որ Քոչարյանն ու Փաշինյանը պետք է դուրս գան պայքարից։ Ըստ նրա՝ երկու թևն էլ կեղծ հարցումներով մոլորեցնում է ընտրողին, թե գլխավոր պայքարը երկբևեռ է, ընտրությունը նախկինի ու ներկայի միջև է. «Այնքան են փող տվել էտ մարդկանց, որ էտ մարդիկ էտ փողից այնքան շատ են վերցրել, որ ամեն օր տարբեր վերլուծություններ են անում փողով և ասում են, որ այս երկուսն են, այն մյուսները չկան: Ինչո՞ւ են այդպես անում, որ ժողովրդին ասեն` ժողովո՛ւրդ, դու այլընտրանք չունես, սա մեկ, այսինքն` դու այլընտրանք չունես, դու կամ այս ներկա դժգույնն ես ընտրում, կամ հետ ես գնում»:

Ընդդիմադիր պատգամավորն ասում է` «Լուսավորի» բանավեճը նախկինների հետ չէ, այլ Փաշինյանի իշխանության, որ տապալել է կառավարումը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG