Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը Քոչարյանին և Սարգսյանին առաջարկել է՝ ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինք»-ով


Առաջին նախագահ Լևոն Տեր -Պետրոսյանը այսօր հրապարակային առաջարկ է արել երկրորդ և երրորդ նախագահներին՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով:

Լևոն Տեր-Պետրոսյանը ilur.am-ում հրապարակած հոդվածում տեղեկացնում է, որ դեռ մարտի 25-ին Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հետ հանդիպմանը, որը կայացել էր իր նախաձեռնությամբ, ինքը Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին առաջարկել է ընդունել իր կողմից կազմված հետևյալ հայտարարությունը. «Անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով»։

Ապա Տեր -Պետրոսյանը մանրամասնում է, որ այս թեմայով քննարկում տեղի չի ունեցել, քանի որ Ռոբերտ Քոչարյանն անմիջապես մերժել է այդ առաջարկը, ասելով, թե «դրանով դավաճանած կլինի իր կողմից ստեղծված «Հայաստանի փրկության շարժմանը»։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ըստ Տեր-Պետրոսյանի, նա որևէ կարծիք չի արտահայտել։

Իր հոդվածի եզրափակիչ մասում առաջին նախագահը հրապարակավ կրկնում է իր առաջարկը երկրորդ և երրորդ նախագահներին ու հայտարարում. «Ողջ հայության պարտքն է գիտակցել, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի և Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից և Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները»:

Որևէ կուսակցության անդամ չհանդիսացող Ռոբերտ Քոչարյանը արդեն հայտարարել է, որ ընտրություններին կմասնակցի դաշինքով, ամենայն հավանականությամբ դաշինքի ուժերից մեկը կլինի Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Սերժ Սարգսյանի Հանրապետականն էլ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով է մասնակցելու հունիսի 20-ին նախատեսված արտահերթին։ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը ընտրություններին մասնակցել-չմասնակցելու որոշումը դեռ չի հանրայնացրել։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից արձագանքելով Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հրապարակային առաջարկությանը՝ հայտարարում են. «Մենք արդեն ընտրել ենք մասնակցության այլ ձևաչափ, որի մասին կհայտարարենք ամենամոտ ապագայում»:

Երրորդ նախագահի գրասենյակից էլ հիշեցնում են, որ Հանրապետական կուսակցությունը ընդամենը օրեր առաջ իր որոշումը ընտրություններին մասնակցելու, ինչպես նաև ձևաչափի վերաբերյալ կայացրել է և հրապարակել:

Տեր-Պետրոսյանին արձագանքել է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով իր թիմակցի հարցին, առաջին նախագահի առաջարկը անվանեց «ավազակապետական հեղափոխություն»։

«Լևոն Տեր-Պետրոսյանը իր ընդդիմադիր քաղաքական գործունեության ընթացքում երկու անգամ փորձել է անել պատկերավոր ասած իշխանափոխություն կամ հեղափոխություն, մեկը եղել է 2008 թվականի ժողովրդական կամ ժողովրդավարական հեղափոխությունը, որը չի ստացվել հայտնի կամ գուցե նաև մեզ անհայտ պատճառներով, երկրորդը եղել է բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը, որի ճակատագիրը բոլորս գիտենք: Թերևս պարոն Տեր-Պետրոսյանը որոշել է կրկին փորձել և այս անգամ անել ավազակապետական հեղափոխություն: Ես ուրիշ իմ կարգավիճակի բերումով մի երկու տերմին էլ կա, ուղղակի հիմա չեմ օգտագործում, բայց կռահեցիք ավազակապետականի շարունակությունը: Ուրիշ բան եմ ուզում ասել, որ փաստորեն միակ բանը, որ քաղաքական գործունեության ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանին մեծ ճշգրտությամբ հաջողվել է նախկինում, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին իշխանության բերելն է և իշխանության պահելն է, որը փաստորեն ձեզ հայտնի և դահլիճում ներկա և ոչ միայն դահլիճում ներկա մարդկանց ջանքերով խափանվել է: Ես որևէ այլ մեկնաբանություն չունեմ, Դուք հարցի մեջ ասացիք, որ փաստորեն 2008 թվականի մարտի 1-ը սկզբունքային տարաձայնություն է, և կարող եմ հաջողություն մաղթել մեր ժողովրդին և վստահություն հայտնել ձեզ բոլորիդ, որ ավազակապետական հեղափոխություն չի ստացվի», - հայտարարեց Փաշինյանը:

XS
SM
MD
LG