Մատչելիության հղումներ

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին ու կտևի մինչև հունիսի 18-ը․ ԿԸՀ նախագահ


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում հաստատեց հունիսի 20-ի արտահերթի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

«Ընտրական տեղամասերի կազմավորումը տեղի կունենա մինչև 2021 թվականի մայիսի 26-ը։ Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ մինչև ժամը 18։00-ն, այն է՝ 2021 թվականի մայիսի 26-ը, մինչև ժամը 18։00-ն», - տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ստորագրեց Ազգային ժողովն արձակելու և ընտրություններ նշանակելու մասին հրամանագիրը։ Խորհրդարանն ազատ արձակվեց նախապես ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությամբ. Նիկոլ Փաշինյանը երկու շաբաթվա ընթացքում չընտրվեց վարչապետի պաշտոնում։ Յոթերորդ գումարման խորհրդարանը, սակայն, կշարունակի գործել մինչև նորի ձևավորվումը։

Հունիսի 20-ի ընտրությունները կանցկացվեն արդեն առանց ռեյտինգային ցուցակների։ Քվեարկության նոր կարգ կգործի. ընտրատեղամասում քաղաքացին գրչի կարիք չի ունենա, կընտրի իր համար նախընտրելի կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը։

«Այցելելով քվեարկության խցիկ, քվեաթերթիկներից կընտրի այն քվեաթերթիկը, ում օգտին ինքը ցանկանում է քվեարկել, որևէ նշում, գրառում այդ քվեաթերթիկի վրա չի կատարվելու, և այդ տեսքով քվեաթերթիկը դրվելու է ծրարի մեջ։ Մնացած ավելորդ քվեաթերթիկները գցվելու են առանձնացված արկղ, որովհետև յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի համար կտպագրվի առանձին քվեաթերթիկ», - քվեարկության կարգը ներկայացրեց Մուկուչյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պարզաբանմամբ, բոլոր այն քվաթերիթիկները, որոնք կունենան նշումներ կամ գրառումներ, անվավեր կճանաչվեն։ Ընտրատեղամասերի մեծ մասում կրկին տեսախցիկներ կտեղադրվեն։

«Անցած ընտրություններին 2009 ընտրատեղամասից 1500-ում է տեսախցիկ տեղադրվել», - հիշեցնում է Մուկուչյանը։ - «Մենք տեղեկացված ենք, որ այս պահին աշխատանքներ տարվում են։ Մենք նախկին ընտրությունների ժամանակ տեսախցկներ ունեցել ենք 1500 տեղամասերում։ Բայց 1500 տեղամասերում, ինչպես բազմիցս ենք առիթ ունեցել նշելու, քվեարկում է մեր ընտրողների ճնշող մեծամասնությունը։ Այսինքն՝ միայն հեռավոր բնակավայրերում, շատ փոքր թվով ընտրողներ ունեցող տեղամասերում է, որ այդ խցիկները չեն տեղադրվել»։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում որևէ օրենսդրական խախտում չեն տեսնում մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը քարոզչական տարբեր պաստառների տեղադրման մեջ։ Տիգրան Մուկուչյանը պարզաբանում է՝ օրենսդրության համաձայն վերահսկողությունը կատարվելու է արդեն պաշտոնական քարոզարշավի ընթացքում․ - «Հիշյալ ժամանակահատվածում եթե կլինեն քարոզչական պաստառներ, որոնք փակցված կլինեն ոչ այն վայրերում, որտեղ օրենքը թույլ է տալիս, փակցված կլինեն օրենքի խախտումով, չեն պարունակի օրենքով սահմանված տպաքանակի, տպագրատան և այլ նշագրումներ, դրանք, բնականաբար, հեռացվելու են»։

Կենտրոնական ընտրական հանձաժողովի նախագահի խոսքով, առաջիկա օրերին նաև կհրապարակվի ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների թիվը։ Նախորդ ընտրություններին շուրջ 2 միլիոն 600 հազար էր նրանց թիվը։

Արտահերթ ընտրություններին առանձին մասնակցելու մասին արդեն հայտնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։ Խորհրդարանական մյուս ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» ևս հայտարարել են իրենց մասնակցության մասին՝ կրկին առանձին։ Արտահերթին դաշինքով է պատրաստվում մասնակցել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն. Հանրապետականը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ միասին ձևավորել է «Պատիվ ունեմ» դաշինքը։ Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայ հեղափոխական դաշնակցության և նորաստեղծ «Վերածնվող Հայաստանի» հետ միասին «Հայաստան» դաշինքով կմասնակցի։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ՀԱԿ-ը դեռ չի հստակեցնում ընտրությանը մասնակցելու իր մտադրությունը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG